Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին:

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այդ արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկել է երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր․«Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին է ներկայացրել իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով»։

Նշենք, որ Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին  Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ամենաթեժ պահին  նախկին դեսպան Արմեն Սմբատյանը հետ կանչվեց այնտեղից և այլևս իր պաշտոնին չվերադարձավ․«Այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով ստեղծված իրավիճակից` Արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին»,-հայտարարել էր արտգործնախարարության արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը։

Իսրայելում ՀՀ դեսպանությունը բացվել է 2020-ի օգոստոսից, Սմբատյանը Իսրայելում դեսպան էր 2018-ից, մինչև 2020 թվականը նրա նստավայրը Երևանում էր։ Արդեն 2021 թվականի ապրիլին Արմեն Սմբատյանին մեղադրանք էր առաջադրվել՝ Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Իսրայելցի հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Ավիգդոր Էսկինը գտնում է, որ դեսպան Արման Հակոբյանը նշանակումը  մեծ առաջընթաց է․ «Արման Հակոբյանը փորձառու դիվանագետ է, ով աշխատում է Հայաստանի ԱԳՆ համակարգում 1991 թվականից։ Նա, ի թիվս այլ լեզուների, տիրապետում է եբրայերենին, անգլերենին և ռուսերենին, ինչը նրան թույլ կտա արդյունավետ աշխատել Իսրայելում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էսկինը։

Մեր զրուցակիցը  նաև ընդգծեց, որ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել.«Իսրայելի և Հայաստանի միջև հաստատվել են դե ֆակտո լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ, իսկ ահա Ադրբեջանը պատրաստ չէ լիարժեք կարգավորման՝ որպես նախապայման Իսրայելից պահանջում է ստեղծել ահաբեկչական պաղեստինյան պետություն՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով։ Ադրբեջանը նույնպես ՄԱԿ-ում մշտապես դեմ է քվեարկում Իսրայելին`չնայած այն հանգամանքին, որ Բաքուն և Երուսաղեմը համագործակցում են ռազմական և առևտրային ոլորտներում»։

Ավիգդոր Էսկինը համարում է, որ Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել Իսրայելի հետ փոխգործակցությունից․«Առաջին հերթին՝ սփյուռքի հետ աշխատելու փորձնը։ 73 տարվա գոյության ընթացքում Իսրայելը 12 անգամ ավելացրել է հրեա բնակչության թիվը։ Այսօր Իսրայելի ՀՆԱ-ն մոտենում է կես տրիլիոն դոլարի»։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Իսրայելը Հայաստանին կարող է օգտակար լինել նաև բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բժշկության ոլորտներում․ «Երուսաղեմն իր հերթին Հայաստանից ակնկալում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկներ։ Դիվանագիտության արվեստը հենց սեփական կարիքների վեկտորները որոշելու և պոտենցիալ գործընկերոջ հետ համաձայնության կետեր գտնելու մեջ է։ Արման Հակոբյանին մաղթում ենք հաջողություն այս գործում»,-եզրափակեց նա։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն