Վահագն Ալեքսանյանի օգնականը վիրավորել է լրագրողներին, ՔՊ–ն էլ հայտնում է այլ լրագրողի կողմից Վահագն Ալեքսանյանին վիրավորելու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականը լրագրողներին վիրավորելու համար իր վերադասի կողմից ստացել է բնավոր նախազգուշացում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Քանի որ ինքը հասարակական հիմուքներով օգնական է աշխատում, հետևաբար ընթացակարգը այլ բան չի սահմանում»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանի հետ կապված մեկ այլ միջադեպ էր այսօր գրանցվել Ազգային ժողովում, որի կապակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանսավորապես նշված էր․
«Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարևորելով խոսքի ազատությունը, լրագրողական համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նման վարքագիծը։
Նման վարքագծով առաջին հերթին արժեզրկվում է լրագրողի մասնագիտությունն ու լրագրությունն առհասարակ։
Կոչ ենք անում ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովում ապահովել աշխատանքային բնականոն միջավայր։ Լրագրողական կազմակերպություններից ակնկալում ենք միջադեպի վերաբերյալ հստակ գնահատական, ինչպես նաև լրագրողների կողմից պետական մարմիններում և առհասարակ լրագրողական էթիկայի կանոնների պահպանման ուղղությամբ գործուն քայլեր»։
Tert.am



















