«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնաթող շրջանի օգնական Աննա Մկրտչյանը մամուլին հայտնել է, որ հենց լրահոսից են տեղեկացել Ազատության հրապարակում «հանուն Արցախի փրկության» ակցիա իրականացնելու Արթուր Վանեցյանի նախաձեռնության մասին: Հիշենք, Արթուր Վանեցյանը այն խմբակցության ղեկավարն է, որը ներկայացնում է Աննա Մկրտչյանը: Իհարկե, նրանք տարբեր կուսակցություններից են՝ Մկրտչյանը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ից է, իսկ Վանեցյանն ինչպես հայտնի է ունի իր Հայրենիքը: Ստացվում է, որ Պատիվ ունեմ խմբակցության մի ձեռքը տեղյակ չի եղել, թե ինչով է զբաղված մյուսը: Թե որն է այս դեպքում ՊՈՒ աջ, իսկ որը՝ ձախ ձեռքը, ըստ էության էական չէ: Էական է այն, որ Արթուր Վանեցյանը փաստորեն իր նախաձեռնությունը սկսել է առանց հենց իր իսկ խորհրդարանական ուժի հետ քննարկելու: Այստեղ ստացվում է ուշագրավ պատկեր, որը թերևս ունի քիչ մանրամասն դիտարկելու կարիք: Մասնավորապես, խմբակցության անդամները փաստորեն հայտարարում են, որ չեն եղել տեղեկացված՝ համենայն դեպս ՀՀԿ-ական անդամները: Այստեղ հետաքրքիր հարց է, իսկ Սերժ Սարգսյանն է՞լ անտեղյակների շարքում է, թե՞ Վանեցյանի նախաձեռնությունը աննհայտ է եղել ՀՀԿ-ի, բայց ոչ Սերժ Սարգսյանի համար: Սա մի իրավիճակ է, որի պատճառ կարող է լինել այն, որ փորձ է արվել այսպես ասած թույլ չտալ որևէ արտահոսք, հետևաբար պահել նախաձեռնության մտադրությունը խիստ սահմանափակ շրջանակում: Այդ հանգամանքը իհարկե պայմանավորված կարող է լինել ոչ նրանով, որ այդ ամենն անակնկալ լինի իշխանության համար:

Ի վերջո իշխանությունը վաղօրոք տեղյակ լինելու պարագայում հազիվ թե ինչ որ կերպ փորձեր խանգարել Վանեցյանին: Իսկ ահա ընդդիմությունը, այստեղ իրավիճակը իսկապես հետաքրքիր է, և՝ կամ Վանեցյանն ու Սերժ Սարգսյանն են նրա մտադրությունը փակ պահել մյուսներից, և առաջին հերթին թերևս Ռոբերտ Քոչարյանից, կամ՝ եթե Սերժ Սարգսյանն էլ անտեղյակների շարքում է, Վանեցյանն է իր նախաձեռնությունը խնամքով «պաշտպանել» այլ ընդդիմադիր ուժերի և այդ թվում իր դաշնակիցների հնարավոր «կանխարգելիչ» անակնկալներից: Բոլոր դեպքերում, իրավիճակը գործնականում նշանակում է, որ արտահերթ խորհրդարանի ընտրությանը դաշնակից ուժերը ըստ էության սկսում են գործել առանձին-առանձին: Եվ սա արտառոց կամ անսպասելի էլ չէ, ու այդ մասին ինքս խոսել եմ ընտրություններից անմիջապես հետո, կարծիք հայտնելով, որ այդ ձևաչափերը զուտ նախընտրական էին և ընտրությունից հետո արդեն դրանց մասնակիցները անցնելու են այսպես ասած իրենց անհատական ռազմավարություններին: Ինչի կհանգեն դրանք, սա իհարկե ցույց կտա ժամանակը, առավել ևս, որ այդ հեռանկարը պայմանավորված է լինելու ամենևին ոչ միայն ներքին գործոններով: Սակայն, «բաց» տրոհման գործծընթացը, որ ամիսներ առաջ սկսեց ՊՈՒ խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին որոշումով, փաստորեն դրսևորվում է արդեն երկրորդ օրինակով:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն