Ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է սկսում
Ընդդիմությունը վաղվանից անհնազանդության ակցիաներ է սկսում մայրաքաղաք Երևանում և մարզերում: Ընդդիմադիր ուժերն այսօր հանրահավաք անցկացրեցին Ֆրանսիայի հրապարակում:
Շուրջ երկու շաբաթ ընդդիմադիր տարբեր ուժեր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ և իրազեկման երթեր էին իրականացնում։ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին միացան Հայաստանի 4 տարբեր ուղղություններից` Տիգրանաշենից, Իջևանից, Սարդարապատից, Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները:
Հանրահավաքի վերջում որոշում կայացվեց վրաններ տեղադրել և գիշերն անցկացնել հրապարակում:
«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց որ վաղը առավոտյան ժամը 8:30-ից սկսում են մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ:
«Սա իշխանազավթում չէ, սա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և րոպե առաջ հեռացնել իշխանությանը՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի»,- ասաց Սաղաթելյանը:
Ելույթներով հանդես եկան նաև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Արթուր Վանեցյանը, Արթուր Խաչատրյանն ու Արամ Վարդեվանյանը։
hy.armradio.am