Հայաստանյան հանրության շրջանում բավականին զգալի ուշադրության է արժանացել արտգործնախարար Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ստորագրված համաձայնագիրը՝ քաղաքացիական միջուկային ոլորտում գործակցության փոխըմբռնման հուշագիր, որն ըստ տարածված հաղորդագրության՝ ճանապարհ կհարթի քաղաքացիական միջուկային համագործակցության մեծացման համար՝ Հայաստանի կողմից էներգետիկ աղբյուրների բազմազանեցման համատեքստում։

Այդուհանդերձ, ինչի՞ մասին է համաձայնագիրը, ի՞նչ են ենթադրում դրա մանրամասները, հատկապես, երբ խոսքը այնպիսի կարևորագույն ոլորտի մասին է, ինչպիսին էներգետիկան: Էներգետիկան ունի ողնաշարային նշանակություն, էական առնչություն թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական անվտանգությանը, իսկ միջուկային էներգետիկան ընդհանրապես՝ նաև պետության քաղաքական դերակատարությանը: Այդ իմաստով, հայ-ամերիկյան համաձայնագիրն ունի ավելի շատ հռչակագրայի՞ն նշանակություն, և պարզապես հնչեղ է դրա խորագի՞րը, թե՞ հուշագրի ներքո կան արդեն իսկ դիտարկվող քայլեր: Այստեղ հարկ է նկատել, որ Հայաստանի ու ԱՄՆ միջև ոլորտային քննարկումը և անգամ փաստաթղթային բազան բոլորովին նոր չէ: Օրինակ, դեռևս 2012 թվականի հոկտեմբերին Հայաստանի այն ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Հայաստանում այն ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ստորագրել են համանման մի հուշագիր: Հուշագիրը վերաբերել է էներգետիկ ոլորտի գործակցությանը, այդ թվում նաև. «Աջակցություն խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործմանը, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, շրջակա միջավայրի պահպանության լավագույն փորձառությանը և ուղղված կլինի միջուկային զենքի տարածումը կանխելու գլոբալ ջանքերին, և էներգետիկայի ոլորտում ներդրումների և անվտանգության աջակցության հատկացումների հետ կապված տեղեկատվության փոխանակում»:

Ավելի ուշ, ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը բարձրաձայնել էր նաև, որ կա հայ-ամերիկյան քննարկում՝ հայկական ատոմակայանի շահագործումը մինչև 2026 թվականը երկարաձգելու հարցում ամերիկյան օժանդակության վերաբերյալ: Իհարկե հետագայում կնքվեց այդ ուղղությամբ աշխատանքի հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը ստանում էր 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ ատոմակայանի ժամկետը տասը տարով երկարաձգելու աշխատանքի համար: Իհարկե թավշյա հեղափոխությունից հետո ծրագրում եղան վերանայումներ և աշխատանքի մի մասը Հայաստանն իրականացրեց իր փողով: Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել էներգետիկ բնագավառում, մասնավորապես միջուկային էներգետիկայի բավականին նուրբ ոլորտում իր թե տեխնիկա-տեխնոլոգիական, թե քաղաքական հարաբերությունը:

ԱՄՆ հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որ տեղի ունեցավ Վաշինգտոնում մայիսի 2-ին, որոշակի իմաստով թերևս հենց այդ տրամաբանության շրջանակում է, հաշվի առնելով նաև հայ-ռուսական համատեղ այն հայտարարությունը, որ եղավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ապրիլի 19-ին: Դրանում անդրադարձ կա նաև միջուկային էներգետիկայի, այդ թվում նոր ատոմակայանի շինարարության հարցում քննարկումների ու գործակցության մասին: Երևանն այդ իմաստով թերևս փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ոլորտի առնչությամբ դիվերսիֆիկացված հարաբերության, այդ թվում նաև բավականին նուրբ խնդրում քաղաքական «տարընթերցումների» տեղիք չտալու համար, հաշվի առնելով չափազանց բարդ, լարված և զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը: Այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է նաև նկատել, որ քաղաքացիական միջուկային ոլորտը լոկ ատոմային էներգետիկան չէ, այն ներառում է շատ ավելի լայն ոլորտային շրջանակ, ընդհուպ ռադիոակտիվ նյութերի օգտագործում առողջապահական, գիտական, տեխնոլոգիական այլ տարբեր նպատակների համար: Այդ իմաստով, Հայաստան-ԱՄՆ հուշագիրը, որ գործնականում ոչ թե նորություն է, այլ մեծ հաշվով եղած գործակցության թարմացում, արժանի է ոչ թե ռազմա-քաղաքական պաթոսի, այլ իրապես արդյունք ստեղծող աշխատանքային մոտեցման:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն