Հումանիտար հարցը՝ Բաքվի քաղաքական ինտրիգ․ ի վերջո՝ քանի՞ գերի ունենք Արդբեջանում
ԱԺ-ում կառավարության վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք մինչև այս պահը հաստատված 39 գերի ունենք։ Մինչդեռ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը և ռազմագերիների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները պնդում են, որ Բաքվում պահվող գերիների իրական թիվը եռակի-քառակի պակաս է ներկայացվում ու խոսում են անհերքելի ապացույցների ու վկայությունների մասին, որ Բաքուն իրական թիվը կոծկում է։
Հայկական կողմը խոսում է Ադրբեջանում պահվող 119 գերու մասին, իսկ Փաշինյանը նաև նկատում՝ գերիների վերադարձի մասին Ալիևի խոստումներից հետո էլ իրավիճակը չի փոխվել։
Ադրբեջանում դեռ 39 ռազմագերի ունենք՝ տվյալները Փաշինյանը հրապարակեց ԱԺ-ում՝ շեշտելով՝ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել։ Ռազմագերիներից մեկը՝ Էդուարդ Մարտիրոսովը, որը ապրիլի վերջին մոլորվելով հայտնվել էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո, օրերս վերադարձվեց հայկական կողմին։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցներն պետք է վերադարձվեն: Հայկական կողմն ամեն ինչ անում է գերիների՝ Հայաստան վերադարձի ուղղությամբ, սակայն քանի դեռ արդյունք չկա, ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումն է։ Իսկ գերիների թեման քաղաքական գործընթացներում նախապայման դարձնելու առաջարկներին Փաշինյանն այսպես է արձագանքում։
«Շատ են հնչում տեսակետեր, որ պետք է գերեվարված մեր հայրենակիցների հարցը նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար: Մեր դիրքորոշումը եղել ու շարունակում է մնալ այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարց են: Հումանիտար հարցերն, առանց քաղաքական փոխկապակցվածության, իրենք իրենցով ավելի մեծ կշիռ և նշանակություն ունեն, և ընդհակառակը, երբ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք»։
Մինչդեռ ամենատարբեր հարթակներում արցախյան 44-օրյա պատերազմի գերիների շատ ավելի մեծ թիվ է ներկայացվում, ընդհուպ մինչև եռակի ավելի։ Համադրելով ամենատարբեր աղբյուրների տվյալները՝ Ադրբեջանում պահվող գերիները 119 են, սակայն Ադրբեջանն ինչ-ինչ պատճառներով պաշտոնապես անհամեմատ պակաս թիվ է ներկայացնում՝ «Ռադիոլուրին» ասում է միջազգային իրավական ատյաններում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը և ավելացնում՝ Բաքուն փորձ է անում դրանով թաքցնել իրական դեպքերը։ Փաստաբանը չի բացառում սրա քաղաքական դրդապատճառները կամ այն, որ հնարավոր է որոշ գերիներ սպանվել են, և Ադրբեջանը, պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ստույգ թիվը թաքցնում է։
«Սա է պատճառը, որ իրական թվերն արտացոլված չեն Ադրբեջանի կողմից պաշտոնականացված թվերով։ Մենք խնդիր ենք տեսնում, որ հայկական կողմը ոչ թե պաշտոնականացնում է հայկական կողմի տիրապետության տակ գտնվող թվերը, այլ լեգիտիմացնում և վերահաստատում է Ադրբեջանի պաշտոնականացված թվերը, որոնք իրականությունը չեն արտացոլում։ Մենք ունենք տեսանյութեր և լուսանկարներ, և շատ տեսանյութեր հանրությանը հասանելի են»։
Սիրանուշ Սահակյանը փաստում է՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի և լուսանկարների տեսքով, այլև հարցաքննությունների։ Հարցաքննվել են հայրենադարձված գերիներ, որոնք քննչական մարմիններին իրենց տեղեկություններն են հայտնել Ադրբեջանի բանտերում իրենց տեսած ռազմագերիների վերաբերյալ։ Այս ամենի հիմքով փաստաթղթավորվել են 80 անձի տվյալներ։ Զրուցակիցս, անհատական գերեվարումներից բացի, օրինակ է բերում նաև խմբակային դեպքերը, օրինակ՝ Կովսականի միջադեպը։
«Այնտեղ 13 տղաներ մի դրվագում ծնկաչոք են, և կա այլ դրվագ, որտեղ նրանք փողոցով քայլում են։ Եվ ունենք արդեն անհատական գերիներ պատկերող տեսանյութեր։ Կան նաև լուսանկարներ, որտեղ 5 գերիներ են, ընդ որում՝ նաև դիրքն է հստակ։ Դա նախկինում հայկական կողմի տիրապետության տակ գտնվող Թալիշի դիրքերից է»։
Ադրբեջանում պահվող 119 գերիներից 39-ը, փաստորեն, հաստատված են, Բաքվի կողմից։ Մնացած 80 դեպքերից 60%-ը փաստագրված են տեսանյութերով և լուսանկարներով, 40%-ի դեպքում վկայություններ են, որոնց արժանահավատությունը ստուգվել է այլ փաստական տվյալների միջոցով՝ ասում է փաստաբան զրուցակիցս։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում գերիների վերաբերյալ թվերի տարբերությունն այսպես է մեկնաբանում։ Վարչապետի ներկայացրած 39 թիվը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանում ընթացող իրավական գործընթացներում, ինչպես նաև այլ խողովակներով, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Ադրբեջանը հաստատել է իր մոտ պահվող 38 անձի մասին։
Մնացածի վերաբերյալ Ադրբեջանը կամ հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել, կամ առանձին դեպքերում հերքել է, որ կոնկրետ անձինք գտնվում են իր տիրապետության ներքո։
Սակայն ՀՀ և նաև անհատ փաստաբանների կողմից և՛ 2020 թվականի պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո Եվրոպական դատարան ներկայացվել են շուրջ 300 անձի վերաբերյալ դիմումներ՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Նպատակն է Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցնել ձեռնպահ մնալ իր տիրապետության տակ հայտնված քաղաքացիական անձանց կամ ռազմագերիների իրավունքները խախտելուց։
«Մենք այս պահին փաստացի ունենք ավելի շատ տեսանյութեր, վիդեո, վիզուալ ապացույցներ ավելի շատ թվով մարդկանց վերաբերյալ, ովքեր ինչ որ պահի հայտնվել են Ադրբեջանի տիրապետության ներքո, քան այն անձանց թիվն է, որը հաստատում է Ադրբեջանը։ Սա է պատճառը, որ առաջանում է ռազմագերիների թվերի տարբերությունը»։
Բացի Բաքվի հաստատած 39-ից՝ Դրմեյանը առանձակի անդրադառնում է հայկական կողմի անհերքելի փաստերով հաստատված ևս շուրջ 30 անձի, որոնք որոշակի ժամանակահատվածում գտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը, սակայն, Ադրբեջանը հայկական կողմի՝ Եվրոպական դատարան դիմելուց հետո հերքել է։ Այս 30-ի դեպքում, անհերքելի ապացույցներով հանդերձ, Բաքվի հերքումները Եվրոպական դատարանը գնահատում է որպես բռնի անհետացում։
«Իմ նշած 30 դեպքերն անհերքելի ապացույցներով են, որ տվյալ անձինք գտնվել են Ադրբեջանի տիրապետության ներքո, նրանց ողջ գտնվելը զինված ուժերի տիրապետության ներքո հաստատվում է վիդեոներով, և այնուհետև նրանց որպիսության վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տալիս այն գործընթացների շրջանակներում, որոնք այս պահին ընթանում են Եվրոպական դատարանում»։
Ռազմագերիների վերադարձի հարցը հայկական կողմը շեշտադրում է միջազգային բոլոր հանդիպումներում, անգամ այնպիսի երկրների հետ շփումներում, որոնք ուղղակի ներգրավվածություն չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ։ Սա կիրառվում է որպես միջազգային ճնշման գործիք, քանի որ Բաքուն չի պահում սեփական խոսքը՝ վերադարձնել հայ գերիներին։