Ընդդիմադիր պատգամավորների խնդիրը ԱԺ-ն փորձում է լուծել իր պատերի ներսում
Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է սկսել պատժել ընդդիմադիր պատգամավորներին՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեռ շաբաթներ առաջ էին հաստատել՝ խորհրդարանից բացակայելու խնդրի լուծման համար մի քանի տարբերակ են քննարկում։ Մեծամասնությունն արդեն հստակեցրել է, թե որոշումն իրագործելու երկու ճանապարհից որ տարբերակն է ընտրում․ ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում։ Վերջիններիս արձագանքն էլ չի ուշացել։
Ընդդիմությունից ԱԺ-ում առաջին այսպես ասած պատժվողների անունները հայտնի են՝ Իշխան Սաղաթելյան և Վահե Հակոբյան․նրանք կզրկվեն համապատասխանաբար ԱԺ–ի փոխնախագահի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։ ՔՊ-ական «պատժամիջոցների» առաջին փուլով դեռ կպահպանեն մանդատները․ որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դռնփակ նիստում։
Նման գործիքակազմ խորհրդարանական մեծամասնությունը մեկ անգամ արդեն կիրառել է նախորդ խորհրդարանում։ 2020-ի դեկտեմբերին լիագումար նիստում քննարկելով հարցը՝ փակ գաղտնի քվեարկությամբ զրկեցին Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Որպես լիազորությունների դադարեցման հիմնավորում ներկայացվում էին ֆեյսբուքյան գրառումներից մեջբերումներ, որոնք ոչ հարիր բառապաշարով քննադատում էին գործող իշխանությանը։
Իսկ արդեն սպասվող նոր պաշտոնանկությունների առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և տնտեսական հանձնաժողովից Ծովինար Վարդանյանը ձևակերպել են առաջացած դժգոհությունները։
Արթուր Հովհաննիսյան. «Մինչև այս պահը տվյալ մարդիկ որևէ կերպ չեն իրականացրել իրենց լիազորություններից բխող պարտականությունները։ Մեր հանրությունը, կարծում եմ, տեսել է, թե ինչպես է առաջին իսկ օրվանից լուռ ու մունջ այնտեղ նստած և հիմնականում էլ այնտեղ չնստած։ Հետևաբար՝ Իշխան Սաղաթելյանը երբեք էլ չի եղել ԱԺ փոխնախագահ և դրա համար այս հիմքով պայմանավորված խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս մարդիկ դադարելու են այդ պաշտոններում պաշտոնավարել»։
Ծովինար Վարդանյան. «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, կարող եմ նշել, որ նրա մոտ ԱԺ կանոնակարգի իմացության հետ կապված խնդիրներ են եղել, բայց նաև ուզում եմ ասել, որ արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի, կարծես որևէ հետաքրքրություն չկա»։
Պաշտոնանկություններից բացի՝ խորհրդարանական մեծամասնությունը քննարկել է նաև թույլատրելիից ավելի բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։ 11 պատգամավոր կար այդ ցանկում։ Նրանցից Արթուր Վանեցյանն արդեն ինքնակամ հրաժարվել է մանդատից։ Կա կարծիք, թե միջազգային հանրության հնարավոր բացասական արձագանքի պատճառով է իշխանությունը խուսափում ընտրել պատժամիջոցի այդ տարբերակը, որ խորհրդարանի լեգիտիմության հարց չառաջանա։ Բայց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ դա այդպես չէ.
«Այսինքն՝ իրենք չեն չե՞ն վստահում իրենց ցուցակի 34–րդ, 35–րդ, 36–րդ համարին։ Այդ մանդատներից որ զրկում են, հո չե՞ն վերցնում տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Իրենց ցուցակով հաջորդ պատգամավորն է վերցնելու այդ մանդատը, և ես ուրախ եմ, որ մենք կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով, և արդեն դա անում է բացահայտ»։
ԱԺ մեծամասնության կողմից «պատժվող» պատգամավորների արձագանքն էլ չուշացավ։ «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը պաշտոնական հայտարարություն կանի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այլ պաշտոնական որոշումից հետո։ Ամեն դեպքում կարծում է՝ որոշումն իր անձի դեմ է՝ իր կոպիտ ձևակերպումների համար։
Իսկ Իշխան Սաղաթելյանի ներկայացմամբ՝ մանդատներն իրենց համար ինքնանպատակ չեն, դրանք պահում են կոնկրետ քայլի համար.
«Նոյեմբերի 9–ից հետո, երբ մանդատ չունեինք, կարո՞ղ է՝ չէինք պայքարում կամ նույն ոգով ու վճռականությամբ չէինք պայքարում։ Մանդատից զրկելով մեզ վախեցնելն անմտություն է։ Իրենց արշինով են չափում։ Այդ մանդատն էլ իրենց հոր տնից չեն բերել մեզ տվել, տվել է ժողովուրդը, ու մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որի համար քվե ստացել ենք։ Հետևաբար, դա ընդամենը մեզ համար գործիք է, որ ճիշտ պահին և ժամանակին իրենց հեռացման համար դա մեզ պետք է գալու, և պահում ենք դրա համար։ Կփորձեն զրկել՝ թող փորձեն»։
Ընդդիմադիրները համոզված են, որ պաշտոնանկոթյունների դեպքում անգամ իշխանությունը չի խախտի Դոնթի բանաձևը, պարզապես ընդդիմադիրներին հասանելիք պաշտոններում այդպես էլ որևէ մեկը չի ընտրվի, և աշխատանքները կկազմակերպեն տեղակալները։
Ի դեպ, ըստ ընթացակարգի՝ հնարավոր 2 քայլերից՝ պաշտոնանկություն և մանդատից զրկում, ԱԺ–ում է իրականացվում միայն առաջինը։ Պատգամավորին մանդատից զրկելու որոշումն ԱԺ–ինը չէ։ Պատգամավորին մանդատից զրկելու որոշումը խորհրդարանից ուղարկվում է ՍԴ։ Այդ ատյանի որոշումն է անբողոքարկելի և վերջնական։ Փաստորեն, այս փուլում խորհրդարանը որոշեց խնդիրը լուծել իր պատերի ներսում և խնդիրն առայժմ չտեղափոխել այլ տիրույթ։



















