Փոխվարչապետը խորհրդաժողովին չի մասնակցել. ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով լուրերը, թե Մաթևոսյանը մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» խորագրով միջազգային համաժողովին:
Ըստ Մարտիրոսյանի. «Օրաթերթերից մեկն այսօր «Մարզերում հանդուրժողականություն են քարոզում» վերնագրով հոդված էր հրապարակել (որն, իհարկե, արտատպել են որոշ կայքեր, իսկ մեկն էլ՝ ավելի մեծ «սենսացիա» ապահովելու նպատակով, իրեն բնորոշ ոճով վերնագիր էր հորինել), որում, ի թիվս այլ ապատեղեկատվության, նշել էր, թե միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։
Տեղեկացնում եմ, որ փոխվարչապետ Մաթևոսյանի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել, իսկ թե քննարկումն ինչի մասին է եղել, դրա վերաբերյալ հաղորդագրություն են տարածել և՛ Արդարադատության նախարարությունը, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»։



















