ՆԳՆ ստեղծմամբ կլուծվեն մի քանի կարևոր խնդիրներ
ԱԺ-ում մեկնարկել են Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումներ։
Ըստ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ՆԳ նախարարությունը վերականգնելով՝ միանգամից կլուծվեն մի քանի կարևոր խնդիրներ: Նա նշեց, որ կսահմանվեն ՆԳ նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: ՆԳՆ-ը փաստորեն կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին. «Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականաության ավելացմանը: Այդ և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից՝ համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից՝ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա:
Վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվեցին նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ առանձնահատկությունները, և այսօրվա լսումների նպատակը հանրությանը ևս այս կարևոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է»։



















