Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ հայցելով վերջինի կարծիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։

Օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Նախորդ տարի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վիճարկելով օրենքի սահմանադրականությունը։ Մինչ հարցը վիճարկվում է Բարձր դատարանում,  օրենքը շարունակում է «աշխատել»․ օրերս Գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը:

Երկու տարվա կիրարկումից և 12 գործ դատարան ուղարկելուց հետո Հայաստանի ՍԴ-ն որոշել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն իմանալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի մասին։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն առաջ ընկնելով կանխատեսում է, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված եզրակացությունը որևէ ազդեցություն չի ունենա քննվող գործերի ընթացքի վրա։

«Միանշանակ է, որ Վենետիկի հանձնաժողովը չի ասելու, որ օրենքը անիրավաչափ է, օբյեկտիվորեն։ Հարցերը բարձրացվել են ոչ թե կոնկրետ դրույթների առումով, այլ կոնկրետ երևույթների առումով, սկզբունքային բնույթի հարցեր են։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը կարող է օգտակար լինել, որ ՍԴ-ն հայտարարի, որ օրենքը պետք է բարելավել։ Այն հիմնական սկզբունքները, որոնց վրա կառուցված է օրենքը, չեմ կարծում, որ փոփոխվեն կամ օրենսդիրը որևէ կերպ վերնայի դրանք, որովհետև հակառակ դեպքում օրենքն ընդհանրապես չի աշխատաի»։

Օրենքի ուժի մեջ մտնելուց առ այսօր դատախազության համապատասխան վարչությունում 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ են արվել։ Դատարան ուղարկված 12 գործերով պետության բռնագանձման պահանջը 200 անշարժ ու շարժական գույք է, 21 իրավաբանական անձանց մասնակցություն  և 20-21 մլրդ դրամ։ Այս ամենի ընդհանուր  շուկայական արժեքը  հասնում են շուրջ 70 մլրդ դրամի։

Օրենքը թույլ է տալիս ապօրինի գույքի բռնագանձման հայցով կնքել նաև հաշտության համաձայնություն։ Նման համաձայնություն կնքելու դեպքում պետությունը՝ ի դեմս դատախազության, կարող է ապօրինի ծագման գույքը մինչև 25%-ի չափով զիջել սեփականատիրոջը՝ նվազագույնը 75% բռնագանձելով հօգուտ պետության։ Սակայն երկու տարվա ընթացքում դեռ չկա ոչ առաջին վճիռը այս գործերով, ոչ էլ առաջին հաշտության համաձայնագիրը։ Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի կարծիքով՝ պատճառներից մեկը հենց ՍԴ-ում գտնվող վարույթն է։

«Քանի որ օրենսդրությունը նոր է, և դեռևս չկա այն առաջին բռնագանձումը, մարդիկ ամեն դեպքում հույսեր են փայփայում, որ գուցե ինչ-որ բան ինչ-որ օր փոխվի և չեն ուզում առաջինը լինել, ովքեր հոժարակամ պետք է այդ հաշտությունը ստորագրեն։ Դա է առաջին հետ պահող հանգամանքը անձանց համար՝ ըստ իս, և երկրորդը՝ ՍԴ ներկայացված դիմումի հետ  որոշ շրջանակներ հույսեր են կապում, որ կարող է օրենքի՝ սահմանադրականության հետ կապված խնդիրներ առաջանան։ Դա էլ իր հերթին հաշտության չգալու օբյեկտիվ պատճառ է»։

Փաստաբանական համայնքը պնդում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և ընդհանրապես նման  օրենքները կոնֆլիկտներ ունեն իրավունքների պաշտպանության հետ՝ սեփականության, անձնական կյանքի հարգման, արդար դատաքննության ։ Արա Ղազարյանն առնվազն մի քանի խնդրահարույց կետ է առանձնացրել օրենքում։ 

«Այդ օրենքները բավականին ագրեսիվ ընդհանուր փիլիսոփայություն ունեն, այդ օրենքները աշխատում են ենթադրության հիման վրա, բավական հետ են գնում, անցյալ են գնում, իսկ սա արդեն կանխատեսելիության հետ կապված խնդիր է առաջացնում, իսկ կանխատեսելիությունը հիմնարար սկզբունք է։ Այսինքն՝ այս օրենքն ընդհանուր առմամբ  խնդրահարույց է, բայց շատ պետություններում կա, և եթե  Հայաստանը նույնպես որոշել է ընդունել նման օրենք, ուրեմն պետք է ապահովի, որ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի հետ խնդիր չունենա։ Օրենքում կան բազմաթիվ կետեր, որոնք մտահոգիչ են, փաստարաբաններն էլ են դա ասում։ Հիմնականում ընթացակարգերը բավական ասիմետրիկ են կառուցված, պատասխանողները՝ սեփականատերը, ի սկզբանե անհավասար վիճակում են գտնվում վարույթ իրականացնող մարմնի հետ, և դատախազությունը բավականին դոմինանտ վիճակում է գտնվում հենց վարույթի սկզբից»։

Օրենքում խնդրահարույց կետերի թվարկումը այսքանով չի ավարտվում։ Արա Ղազարյանը նշում է, որ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին դիմել է ոչ թե բոլոր խնդրահարույց կետերի առնչությամբ, այլ՝ երևույթների։ Առանձնացրել են 4 կետ։ Սահմանադրական դատարանն օրինակ, ցանկանում է պարզել՝ արդյո՞ք օրենքի ընդունումից առաջ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ կամ ասենք՝ արդյո՞ք գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին։

Ենթադրելի է, որ միջազգային կառույցի կարծիքը կստացվի մի քանի ամիս հետո, ժամանակ է անհրաժեշտ օրենքը ուսումնասիրելու և միջազգային փաստաթղթերի հետ համադրելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն