Եռակողմ հայտարարության երեք առանցքային կետերը` Լեռնային Ղարաբաղի միավորի գոյությունը, շփման գծի առկայությունը և ԼՂ-Հայաստան կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյություն,  կառավարության նիստում շեշտադրել է վարչապետը։  Նրա խոսքով՝ որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված: Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորն է արձանագրվել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը:

Ադրբեջանից հնչող նման հայտարարությունները եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են: Երկրորդը՝ արձանագրվել է,   որ գոյություն ունի շփման գիծ և երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները:

Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումը նույնպես  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է․ դրա 6-րդ կետում ասվում է «Կողմերի, այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։

Արցախում իրավիճակի լարման ֆոնին Փաշինյանը նոր փակագծեր է բացում ու նոր հարցեր առաջ քաշում՝ դրանք ակնկալելով Մոսկվայից․ տարբեր հարցերի պատասխանները փորձում են գտնել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որոնք Բաքուն սեփական հայոցողությամբ խմբագրել է փորձում։  Կրեմլն արդեն արձագանքել է Հայաստանի կառավարության նիստում հնչած որոշ հայտարարությունների։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կան ձևակերպումներ, որոնք հայկական կողմի համար կարևոր են, բայց Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը չէին ցանկանում ուշադրություն սևեռել այդ ձևակերպումների վրա։

Փաշինյանի կարծիքով՝ որոշ փակագծեր բացելու ժամանակը եկել է։ Պնդում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտ է ամրագրված, կա 3 սկզբունքային արձանագրում։ Փաստաթղթում հստակ նշված է  ԼՂ միավորի գոյությունը, Արցախ–Ադրբեջան շփման գծի առկայությունը և ԼՂ-Հայաստանի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը՝ ասում է․

«Սրանք իրողություններ են։ ԼՂ միավորի արձանագրում է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը․նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ ԼՂ–ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Եվ երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»։

Փաշինյանի համոզմամբ՝ այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ Հայաստանի ակնկալիքը ձևակերպում է եռակողմ հայտարարության համատեքստում, ինչպես նախատեսված է փաստաթղթով, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարել եռակողմ հայտարարությամբ արձանագրված  հիմնարար ինստիտուտները։

Հրադադարի խախտման վերջին դեպքը, սակայն, ստիպել է հայկական կողմին խոսել ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Թեև հայկական կողմը շեշտում է ԼՂ–ում ռուս խաղաղապահների գործունեության առանցային նշանակությունը և բարձր է գնահատում ՌԴ ջանքերը տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում, բայց խաղաղապահ առաքելության հետ կապված հարցեր են կուտակվել, որոնց պատասխանները հայկական կողմը ակնկալում է ռուսական կողմից։ Բայց նախ՝ ուշագրավ մի փաստ․ ռուս խաղաղապահների տեղակայմանն ու գործունեությանն առնչվող փաստաթուղթը Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել։ Փաշինյանի խոսքից է պարզ դառնում․

«Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։ Մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար։ Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։ 

2020-ի դեկտեմբերի 11-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո․ ադրբեջանցիները գրավեցին  Խծաբերդ և Հին թաղեր գյուղերը և գերեվարեցին հայ զինծառայողներին․ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ», 2022-ի մարտի 24-ին ադրբեջանցիները գրավեցին ԼՂ Փառուխ գյուղը, գրանցվում են շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները։ ԼՂ բնակչությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը նույնպես հարցեր են առաջացրել՝ ուղղված ռուս խաղաղապահներին։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը ԼՂ-ում կարող է երեք պատճառ ունենալ՝ կամ Ռուսաստանն այնքան է կենտրոնացած ուկրաինական գորընթացների վրա, որ չի հասցնում վերահսկողության տակ պահել հարավկովկասյան ուղղությունը, կամ էլ վերջին շրջանում Ադրբեջանի դերը նրանց համար զգալիորեն մեծացել է։ Երրորդ պատճառը, քաղաքագետի կարծիքով, կարող է կապված լինել ռուս խաղաղապահների մանդատի հետ։

«Երբ դու չունես հստակ նախանշված պարտականություններ, իրավունքներ, լիազորություններ կամ դրանց շրջանակը, բավականին դժվար է ինչ-որ ակտիվ քայլերի դիմել։ Հիմա ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը, թե օրինակ ռուս խաղաղապահները ինչպես պետք է գործեն, երբ ադրբեջանական ուժերն ինչ-որ հատվածում առաջխաղացման փորձ են կատարում։ Այսինքն՝ դա որևէ փաստաթղթի մեջ հստակ գրված չէ»։

Իրավական ձևակերպումների բացակայության վրա է ուշադրություն հրավիրում նաև ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

«Արդյո՞ք ռուս խաղաղապահ կոնտինգենտն ունի պարտավորություն, իրավունք և հրաման՝ պարտադրելու կողմերին խաղաղություն, թե՞ օրինակ ունի լիազորություն և հրաման Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից՝ արձանագրելու, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։ Սրանք երկու շատ տարբեր պրոցեսներ են։ Մեկը՝ իրապես խաղաղապահ կոնտինգետն է, որն ունի պատասխանատվություն պաշտպանելու տեղի խաղաղ բնակչությանը կամ ստիպել կողմին, որը շիկացնում է իրավիճակը հետ քաշվել։ Դրա համար կան միջոցներ, որոնց խաղաղապահները դիմում են»։

Վերջին գործընթացներից վերլուծաբանները ենթադրում են՝ ռուս խաղաղապահների առաքելությունն առավելապես արձանագրություններ կազմելն է։

Թեև ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված չհստակեցված հարցեր կան, բայց Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները հայտարարությամբ դիմել են ռուս խաղաղապահներին՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականացնելու հորդորով։   

Կրեմլից արդեն հնչել են մեկնաբանություններ իրավիճակի առնչությամբ։ Տարբեր մակարդակներում ՌԴ-ի և Հայաստանի սերտ շփումները թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ «կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։ Կարևոր է կատարել բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել»։

Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների մասով պաշտոնական Երևանը պնդում է՝ հայտարարությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները հայկական կողմը կատարում է առանց ուշացումների, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ձգձգել, չկատարել և շահարկել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին և պահվող անձանց վերադարձը։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն