Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների Սոչիում կայացած երեկվա հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։ Էրդողանի և Պուտինի միջև նման երկար բանակցություններ նախորդ անգամ եղել էին 2020թ․ մարտի 5-ին՝ Մոսկվայում, մոտ 5 ժամ, ինչից հետո Իդլիբում հրադադար հաստատվեց։
«Չնայած տարածվող տեղեկությունների, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգային հարցերը, այնուամենայնիվ պաշտոնական հաղորդագրության մեջ դրա վերաբերյալ հիշատակում չկա, ավելի ընդհանրական ձևակերպումներ են՝ կապված երկկողմ հարաբերությունների հետ։ Կարծում եմ՝ Էրդողանն, իր սովորության համաձայն, հանդիպումից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին կներկայացնի հանդիպման մանրամասները։ Հիմա միայն կարող ենք ենթադրել, որ 4 ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք պետք է կապված լինեին սիրիական խնդրի հետ, ուկրաինական խնդրի և ուկրաինական հացահատիկի դուրս բերման հետ, որտեղ Թուրքիան հանդես է գալիս միջնորդի կարգավիճակով, ինչպես Արցախում ստեղծված իրավիճակի հետ»,- ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Հարցադրմանը՝ ինչո՞ւ Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես առաջ Ադրբեջանն Արցախում իրավիճակի էսկալացիայի գնաց, թուրքագետը պատասխանեց․ «Այն, որ Ադրբեջանն իր քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, նոր բան չէ։ Կարծում եմ՝ հանդիպումից առաջ էլ Արցախում սադրանքների գնացին, որպեսզի հանդիպման ընթացքում պարտադիր այդ թեմայի վերաբերյալ ևս քննարկումներ լինեն, ու այդ հարցն օրակարգում լինի։ Ամեն դեպքում, ևս մեկ անգամ նշենք, որ դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որ այդ հարցը ևս քննարկվել է»։
Խոսելով հանդիպման ընթացքում Արցախում տիրող իրավիճակը քննարկման հարց դարձնելու Թուրքիայի նպատակի մասին՝ Սաֆրաստյանն ընդգծեց․ «Եթե աշխարհաքաղաքական տեսնակյունից ենք դիտարկում, ապա Թուրքիան ուզում է, որ Հարավային Կովկասն անցնի իր վերահսկողության տակ, ուստի որպես այդ ուղղությամբ իրականացրած քայլ, Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի «օրինական» ձևով իր զորքը տեղակայի տարածաշրջանում։ Ես համոզված եմ՝ այդ երկիրը հիմա էլ է ուզում Արցախում ռազմաբազա ստեղծել, խաղապահ ուժերի կազմում ընդգրկվել ու դրա մասին խոսեց հենց պատերազմից անմիջապես հետո։ Նա ուզում էր, որ այդ ստորագրված հայտարարությունը ոչ թե եռակողմ, այլ քառակողմ լիներ, որ խաղաղապահները լինեին ռուս-թուրքական։ Այս ամենին ամեն դեպքում դժվար է հասնել, քանի որ ինչքան էլ Ռուսաստանը խնդիրներ ունենա, ամեն բան կանի տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար։ Ուստի չեմ կարծում՝ այդ հարցում Թուրքիային ընդառաջի»։
Մելինե Պետրոսյան