Սոչի, ապա՝ Բրյուսել․ Արևմուտքն ու Ռուսաստանը ակնարկներ են փոխանակում «բաց տեքստով»
Նախ ՝ Սոչի, հետո՝ Բրյուսել, մինչև տարեվերջ՝ խաղաղության հնարավոր պայմանագիր։ Որքան խտանում է քաղաքական օրակարգը, այնքան ավելի բաց տեքստով են հնչում Մոսկվա-Վաշինգտոն հակասությունները։ Նախ՝ ՌԴ ԱԳՆ Զախարովան հայտարարեց, որ Հայաստանն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում Արևմուտքի կողմից, ապա ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը պարզաբանեց՝ կողմ են Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններին, բայց երկու երկրներն իրենք պետք է որոշեն՝ ընդունե՞լ Պուտինի հրավերը, թե՞ ոչ։
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպմանն ընդառաջ հստակեցնում է հայկական կողմի դիրքորոշումը`հայկական շահը պաշտպանելու առումով հետքայլի հնարավորություն այլևս չկա։
«Ես ակնկալում եմ, որ բոլոր մեր գործընկերները ՀԱՊԿ-ում և մեր հիմնական դաշանկիցներն արդեն գիտակցում են, որ այլևս հայկական շահի գիծը կանգնել է, և այլևս Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն չունի և ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, նաև արցախցիների շահերը պաշտպանելու համար»։
Ի՞նչ կանի Հայաստանը, եթե կառույցից իր ակնկալած արձագանքը չստանա, արդյո՞ք դիտարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ հարցին ի պատասխան ԱԺ նախագահը հստակեցնում է՝ Հայաստանի իշխանություններն այս պահին նման հարց չեն քննարկում, բայց նաև ՀԱՊԿ–ից քաղաքական հստակ արձագանք են ակնկալում։
2-«Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք, հնարավոր է, փաստի առաջ կանգնենք: Բայց Հայաստանի իշխանությունը այսօր նման հարց չի քննարկվում: Սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»:
ԱԺ նախագահը հաստատում է, որ կողմերն առաջ են շարժվում մինչև տարեվերջ խաղաղության պայմանգիրը ստորագրելու տրամադրվածությամբ, բայց նաև նշում է, որ այս պահին սեղանին դրված որևէ փաստաթուղթ չկա ։
«Մինչև տարվա վերջ արտահայտությունը համաձայնության հետևանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն: Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Եվ Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը մեզ համար քննարկման առարկա երբևիցե չի կարող լինել: Եվ խաղաղության պայմանագիրն, ըստ իս, պետք է հնարավորինս արագ կնքվի»:
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կուրսի փոփոխություն կատարի, ինչի մասին շատ ենք քննարկումները ռուս փորձագետների շրջանում ու ռուսական լրատվամիջոցներում։ Այս հեռանկարը լրջորեն սպառնում է հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Նմանատիպ կասկածներին Ալեն Սիմոնյանը պատասխանում է՝ խնդիրը ոչ թե էմոցիաների, այլ պարտավորությունների հարթությունում է։

«Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր երկրի սահմանների հետ կապված պարտավորությունները կատարվեն: Եվ դրա համար Հայաստանը անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա: Կան պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանել»:
Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացման ազդակ է համարվում RT-ի ղեկավար հայազգի Մարգարիտա Սիմոնյանի ու Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու քայլը։ Զատուլինին ուղղված Հայաստանի խորհրդարանի պաշտոնական գրության մեջ նշվում է․ «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
Զատուլինը Երևանում պետք է մասնակցեր ռուս և հայ գործիչների «Լազարևյան ակումբի» նիստին։
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից՝ որևէ երկիր կներկայացնի, թե՞ ոչ, բնական է, որ ՀՀ–ն չի կարող դրան անտարբեր լինել։ ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են, և այդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ», –ասում է Ալեն Սիմոնյանը։
Հարավային Կովկասում առկա բարդ իրավիճակով պայմանավորված՝ ավելի սուր հայտարարություններ են հնչում և՛ Արևմուտքից և՛ ՌԴ-ից։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստացնող է համարում տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Մեզ չեն կարող չանհանգստացնել այն տագնապալի միտումները, որոնք թափ են առնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սցենարները։ Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը: Քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի պատվերով, կրկնակի ուժով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել», — ասում է Զախարովան։
Նա, սակայն, համոզված է, որ Մոսկվային և Երեւանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։
Զախարովային արձագանքել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ գրեթե բաց տեքստով կասկածի տակ դնելով Մոսկվայի դերակատարությունը։ «Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Երկու երկրների ղեկավարներին խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Սակայն ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ արդյո՞ք նախագահ Պուտինի հրավերը օգտակար կլինի նրանց համար կայուն խաղաղության ձգտման մեջ»,-ասել է Փրայսը։
Սոչիին կհաջորդի բրյուսելյան հանդիպումը, ինչի մասին թվիթերյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ Աստանայի հանդիպումից հետո։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել էին, որ սահմանային հարցերով երրորդ հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։



















