Ադրբեջանական թելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում, թե իբր «խաղաղապահ մարդասիրական օգնության» անվան տակ Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պաշտոնապես մեղադրել է հայկական կողմին Լաչինի միջանցքը «ռազմական նպատակով» օգտագործելու մեջ։ Ադրբեջանական մեղադրանքներին արձագանքելով՝ ԼՂՀ արտգործնաժարար Դավիթ Բաբայանը շեշտել է, որ Ադրբեջանն այդպիսով աշխարհաքաղաքական և տեղեկատվական շանտաժի է դիմում։ 

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի բնութագրմամբ՝ ադրբեջանական մանիպուլյատիվ այդ տեղեկություններն առաջին հերթին արցախահայության դեմ են, ապա նաև՝ ռուսական խաղաղապահների։ 

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ահաբեկչություն, աշխարհաքաղաքական և տեղեկատվական շանտաժ է համարում ադրբեջանական «Տելեգրամ»-ալիքներով տարածվող այն տեղեկությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում։ Բաբայանն այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն  տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն: Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»։

Նկատենք, որ ավելի վաղ պաշտոնական Բաքուն է նման մեղադրանքներ հնչեցրել՝ նշելով, թե 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խախտելով, «Հայաստանը շարունակում է ապօրինի ռազմական գործողությունն Ադրբեջանի տարածքում»։ Դեռ հոկտեմբերի երկրորդ կեսին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում, մանիպուլացնելով և խեղաթյուրելով փաստերը, հայկական կողմի՝ ՀՀ սուվերեն տարածքում կատարվող գործողությունները ներկայացնելով որպես իրավիճակի սրման փորձ և իբրև դիվերսիոն գործողություն։ Դրանից հետո Ադրբեջանը տարբեր հարթակներում կոչ է ուղղում  համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ եռակողմ հայտարարության պայմանների և  միջազգային իրավունքի շրջանակում պարտականությունների կատարման, Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ քայլերը դադարեցնելու։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմի մանիպուլյատիվ այս քարոզչությունը մի քանի նպատակ է հետապնդում։ Ակնհայտ է, որ իրականությունն այլ է, ասում է քաղաքագետը՝ նկատելով, որ ներկայումս Արցախում խաղաղապահ առաքելության դերն իրականացնող ՌԴ-ն Ուկրաինայում պատերազմի մեջ է գտնվում և ունի խնդիրներ զինտեխնիկայի հետ կապված։

«Այս առումով, նույնիսկ տրամաբանական է, որ դժվար թե Ռուսաստանի ռեսուրսները բավականացնեն Արցախում իր կոնտինգենտի ռազմաբազան ընդլայնելու առումով»։

Հետևաբար, քաղաքագետի դիտարկմամբ, ըստ էության, ադրբեջանական կողմը նման մանիպուլյատիվ տեղեկատվությամբ փորձում է որոշակի հող նախապատրաստել Արցախում սադրանքների դիմելու նպատակով, որ հետագայում կարողանա, այսպես ասենք, պատճառաբանություններ բերել դրա հետ կապված, թե իբր հայակական կողմը կամ ռուսական խաղաղապահ զորակազմը զինտեխնիկա  է կենտրոնացրել ։       

«Ես ենթադրում եմ, որ այս հայտարարություններին հաջորդելու է Լեռնային Ղարաբաղի տարբեր ուղղություններով նրանց կողմից մանիպուլյատիվ նման ապատեղեկատվությունների տարածումը, թե՝ հայկական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Շատ հնարավոր է, որ այդ տրամաբանության մեջ գնան որոշակի գործողությունների՝ ռազմական էսկալացիայի»։ 

Քաղաքագետը կարծում է, որ դա հիմնական պատճառն է ադրբեջանական կողմից նման մանիպուլյատիվ տեղեկությունների տարածման։ Նա կարևորում է նաև այն հանգամանքը, թե ինչ տրամաբանությամբ են շահարկում ադրբեջանցիներն իրենց կողմից տարածվող այդ կեղծ լուրերը, մասնավորապես՝ ի՞նչ շեշտադրում են կատարում։

«Այդ ռազմական տեխնիկան, ըստ նրանց, Արցախ տեղափոխվում է հայկական ուժերի՞ կողմից ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ, թե՞ անմիջապես ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։ Այդ շեշտադրումը շատ կարևոր է»։   

Հենց այդ շեշտադրումներից ելնելով էլ կարելի է եզրակացնել, թե հատկապես ում դեմ է ուղղված այն՝ հավելում է արցախցի քաղաքագեը։ Ժիրայր Ազիզյանի խոսքով՝ բնական է, որ այն նախևառաջ ուղղված է արցախցիների ու հայկական շահերի դեմ, բայց, միաժամանակ, նրանք կարող են այդ կերպ նաև թիրախավորել հենց ռուսական խաղաղապահ զորակազմը։ Ադրբեջանի կողմից տարբեր առիթներով ու տարբեր մակարդակներում հնչեցված հայտարարություններից կարելի է նկատել, որ այնտեղ չեն համակերպվում ու չեն էլ պատրաստվում համակերպվել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության հետ՝ ասում է քաղաքագետը։ 

«Մենք պետք է ուշադիր լինենք, որ ոչ միայն տեղեկատվական-հասարակական, այլ նաև, ընդհանուր առմամբ, պետական ամենաբարձր մակարդակով արվող հայտարարություններում նշվում է՝  «ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտ»։ Այսպիսի ձևակերպմամբ են նրանք շարադրում իրենց մտքերը։ Այս տրամաբանության մեջ բնական է, որ Ադրբեջանը պայքարելու է ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման կամ, եթե դա չհաջողվի, ապա գոնե խաղաղապահ առաքելության ապալեգիտիմացման ուղղությամբ»։

Քաղաքագետը չի բացառում, որ իր այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը գնա որոշակի սադրանքների, որոնք, հաշվի առնելով հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի թվական և ռազմական քանակական առումով ներկայացվածությունը, չկարողանան զսպել խաղաղապահները։ Ըստ քաղաքագետի՝ դրանից հետո խաղաղապահների դեմ բողոքի մեծ ալիք բարձրացնելով փորձելու են ռուսական խաղաղապահ առաքելությունը ապալեգիտիմացնել։

Ազիզյանի  դիտարկմամբ՝ ցավալի է, որ այսօր չկան այլ անվտանգային երաշխիքներ, իսկ ռուսական խաղաղապահների՝ Արցախում տեղակայված լինելը, նրա  ձևակերպմամբ, հանդիսանում են ոչ թե ռազմական զսպող միջոց, այլ՝ ավելի շատ քաղաքական։ Այսինքն, ոչ թե ռազմական ներկայացվածությունն է զսպող գործոն հանդիսանում Ադրբեջանին՝ հավանական սադրանքների չդիմելու համար,  այլ ավելի շատ քաղաքական բաղադրիչը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն