Ինչպե՞ս կընդունի Բաքուն ապառազմականացված գոտի ստեղծելու Երևանի նոր առաջարկը
Հայակական կողմը նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին, օրերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկու երկրների միջև ապառազմականացված գոտի ստեղծելու մասին։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ անդրադառնալով վարչապետի դեպի խաղաղություն տանող առաջարկի մանրամասների մասին հայտարարություններին, Թվիթերում գրել է, որ Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն 3 առաջարկ, հետևաբար խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված են Ադրբեջանի քաղաքական կամքից։ Բաքվից դեռ արձագանք չկա, քաղաքագետները համոզված են, որ այս առաջարկը հերթական չընդունվող առաջրկների շարքում է լինելու։
Ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկի մասին Նիկոլ Փաշինյանը օրերս խոսեց ԱԺ-ում։ Վարչապետն ասաց, որ առաջարկի նորացված տարբերակն արդեն փոխանցվել է Բաքվին։ Դա, ըստ Փաշինյանի՝ նույն 2021 թվականի առաջարկն է, ավելի մանրամասն։ Այսինքն՝ եթե հակամարտության կողմերն ընդունում են 1991 թվականի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար զորքերը ետ քաշեն այդ սահմանագծից:
Դա նշանակում է, որ միջազգայնորեն ընդունված սահմանագծից երեք կիլոմետր այս ու այն կողմ ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը չպետք է զորք ունենան։ Դրա փոխարեն այդ հատվածի պահպանությունը պետք է հանձնվի սահմանապահ զորքերին։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու Երևանի առաջարկը Բաքուն չի ընդունի։ Այդ հարցում վստահ է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Նման ապառազմականացման գոտու ստեղծումը իմ կարծիքով ձեռնտու չի լինելու առնվազն Բաքվին։ Ադրբեջանի համար կարևոր է մշտապես ունենալ հնարավորություն սադրանքների մահակի միջոցով հասնելու ինչ-ինչ նպատակների։ Իսկ սա կարող է փակել Ադրբեջանի այդ հնարավորությունը։ Սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ վերջնականապես հստակեցվեն հարաբերությունները և խաղաղության համաձայնագիր կնքվի»։
Նման առաջարկը նաև տեխնիկապես շատ դժվար կլինի իրականացնել, ըստ քաղաքագետի։ Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տարածում Ադրբեջանն արդեն ամրաշինական աշխատանքներ է իրականացրել։
Քաղաքագետի կարծիքով միջազգային հանրության մոտ էլ ընկալումը ապառազմականացված գոտու առաջարկի հարցում միանշանակ չի կարող լինել.
«Միջազգային հանրությունը կարող է ինչ-որ իմաստով շահագրգռված լինել, հատկապես, որ մենք նկատի ունենանք, որ արևմտյան կողմը շահագրգռված է խնդրի արագ սառեցմամբ կամ արագ լուծմամբ, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն մեր տարածաշրջանում արևմուտքի համար ինչ-ինչ գործընթացների համար։ Ես չեմ կարող վստահորեն ասել, որ դա ձեռնտու կլինի ռուսական կողմին՝ արևմուտքի հետ համատեղ մեխանիզմներ ստեղծելը»։
Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում են ԵՄ դիտորդները, ԵԱՀԿ ևս պատրաստ է դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական շփման գծում, նույն կերպ է պատրաստ վարվել նաև ՀԱՊԿ։ Սա հաշվի առնելով, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ առաջարկը կարող է գործիք դառնալ, տարբեր ձևերով կիրառության դեպքում, որը կզսպի ադրբեջանական ագրեսիան։
Նա հայկական կողմի այս առաջարկը նախկինում արված՝ երկու կողմերից զորքերը հայելանման հետ քաշելու առաջարկից էապես տարբերվող է համարում։ Նոր առաջարկը նախատեսվում է իրականացնել դելիմիտացիայից հետո։
«Վարչապետը նկատի ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններից, այսինքն դելիմիտացիայից հետո, երկու կողմից 3 կմ-անոց ապառազմականացված գոտի ունենալ, որտեղ չեն լիօնի ԶՈՒ, կլինեն սահմանապահներ, ինչը կբացառի բախումները։ Իսկ հայելային հետքաշումը կապված է մինչև հետքաշումը կապված է մինչև դելիմիտացիան իրականացված գործընթացների հետ։ Սրանք տարբեր առաջարկներ են, տարբեր տրամաբանություն ունեն»։
Վարչապետի նոր առաջարկն ըստ Ռոբեր Ղևոնդյանի, որպես առանձին առաջարկ իրականություն չի դառնա, դա ընդհանուր « Խաղաղության պայմանագրի» բաղադրիչ կարող է լինել, ընդ որում դրա ավարտից հետո միայն կարող է իրականանալ։
Արա Պողոսյանը մինչդեռ թերահավատ է, որ Բաքուն ընդհանրապես պատրաստ է խաղաղության։ Նա հիշեցնում է, որ ադրբեջանցիները 44-օրյա պատերազմից հետո բավականաչափ ոգևորված էին ու խոսում էին անգամ ռազմատուգանքներից ու հայկական կողմից հող էին պահանջում ։ Նրանց ցանկությունները չեն փոխվել, սակայն փոխվել է դրան հասնելու մատեցումը։ Քաղաքագետը կարծում է, որ Բաքուն նույնն է ուզում, բայց արդեն դետալիզացված տարբերակով՝ մաս-մաս:



















