Ումի՞ց գնել էլեկտրոէներգիա և ի՞նչ գնով․ սա ձեռնարկատերերին հուզող հարցերից է, հատկապես նրանց, ում արտադրանքի ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչը մեծ է։ Այս ընկերություններին հնարավորություն է տրվել ՀԷՑ-ից բացի գտնել ավելի ցածր գին առաջարկող մատակարար։

2023 թվականի փետրվարի 1-ից էներգիայի խոշոր սպառողները պետք է ներգրավվեն շուկայի ազատականացման համակարգում։ Հակառակ դեպքում ստիպված են լինելու ավելի բարձր գնով հոսանք գնել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից։ Էներգահամակարգի «Հաշվարկային կենտրոն»-ում տնտեսվարողների համար դասընթացներ են կազմակերպում, մանրամասն ծանոթացնում, թե ինչ է  սպասվում նրանց հաջորդ տարի։ Կենտրոնն արդեն 20 տարեկան է։

Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի մենաշնորհը վերացված է, դաշտը՝ ազատականացված։ Դա նշանակում է, որ շուկայում հայտնվում են էներգիայի այլ մատակարարներ՝ ստեղծելով մրցակցային դաշտ։ Սպառողը ինքն է ընտրելու ամենաէժան մատակարարին, նրա հետ  էլեկտրաէներգիա  ձեռք բերելու  պայմանագիր կնքում։ Շրջանն անցումային է, «Ռադիոլուր»-ին ասում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓՁԲ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը։ Նա նկատում է՝ այս ընթացքում արդեն գործնականում տարբեր խնդիրներ են ի հայտ եկե,լ որոնք էլ ՀԾԿՀ-ի հետ շտկվում են․



«Տարբեր տեսակի խնդիրներ են եղել՝ «սպառիչ թրեյդեր», « թրեյդեր արտադրող կանոնակարգումների մեջ տարբեր նյուանսներ են եղել, որոնք հաշվի չեն առնվել։ Այսպես ասենք՝ ոչ ստանդարտ իրավիճակներ են եղել»։

Մասնագետները բացատրում են՝ հիմա բոլորին էլ հոսանքը վաճառվում է նույն միջինացված գնով։ Ազատականացված շուկայում այդպես չի լինի։ Նոր խաղացողները պետք է ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն սպառողին, որ վերջիններս ցանկանան երաշխավորված մատակարարողից՝ ՀԷՑ-ից հրաժարվեն և ընտրեն նրանց։ Թրեյդերները մեծածախ առևտրով զբաղվողներն են, որոնք գործ ունեն միայն մեծ տնտեսվարողների հետ,  նաև լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անել:  Շուկան բնականոն անցումային հունով ընթանում է՝ ասում է  ՀԾԿՀ  անդամ Սեդա Շահինյանը

«Արդեն իսկ ակտիվություն։  Ունենք 11 լիցենզավորված մատակարար ընկերություն, 11 մեծածախ առևտրի իրակաանցման  ընկերություն՝ թրեյդեր։ Մեծ հետաքրքրություն կա։ Պրակտիկ շուկայում առևտուր անում են 3-4 թրեյդեր-մատակարար։ Մյուսները ուսումնասիրում են: Առաջիկայում ակտիվությունը էլ ավելի տեմպեր կստանա»։

Սա մոտավորապես նման կլինի հեռահաղորդակցության ոլորտին՝ բացատրում են փորձագիտական դաշտում։ Ընդգծում են՝ սպառողի համար, ըստ էության, նշանակություն չունի՝ ով է մատակարարը։ Կարևորը՝ գինը լինի ցածր, սպասարկումը՝ հուսալի։ Հոսանքի նոր մատակարարների հայտնվելը չի խանգարի, որ  էլեկտրաէներգետիկ շուկայում առաջնային խաղացողը մնա ՀԷՑ-ը։

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ էլեկտարէներգիայի շուկայի ազատականացումըփուլ առ փուլ կբերի նրան, որ բոլոր սպառողները վճարեն այնքան, որքան էլեկտրաէներգիան կարժենա  սպառման կետում։ Օրինակները բազմաթիվ են, նշում է դրանցից մեկը․ 

«Գարնան ամիսներին, երբ   խորքային հորերը, ջրային տնտեսությունները ավելի շատ են էլեկտրաէներգիա սպառում, այդ ամիսներին աշխատում են ՀԷԿ-երը, որոնք արտադրում են  ավելի էժան էլեկտրաէներգիա։ Այս ընկերությունները, սակայն, վճարում են միջինացված գին։ Այժմ նրանք կարող են ավելի ցածր գին վճարել, մյուսները՝ ավելի բարձր»։

2023թ փետրվարի 1-ից մոտ երկու տասնյակ տնտեսվարողներ՝ խոշոր սպառողները պարտավոր են ընտրել հոսանքի իրենց մատակարարին։ Եթե չընտրեն, ապա ստիպված են լինելու հոսանք ձեռք բերել ավելի թանկ գնով։ Էներգահամակարգի «Հաշվարկային կենտրոն»-ում տնտեսվարողների համար դասընթացներ են կազմակերպում, մանրամասն ծանոթացնում,թե ինչ է  սպասվում նրանց հաջորդ տարի։ Հաշվարկային կենտրոնի շուկայի ազատականացման ծրագրի ադմինիստրատոր Գոհար Հարությունյանը ընդգծում է՝

«Հիմնականում հաշվառման հետ կապված խնդիրներն են։ Շատ սպառողներ ունեն նաև ենթասպառողներ։ Որոշների հաշվառման համալիրները զինված չեն շուկայի համար նախատեսված պահանջներով։ Հիմնական խնդիրները սրանք են։ Փորձում ենք ագրեգացնել ու տալ համապատասխան լուծումներ»։

«Հաշվարկային կենտրոնը» 20 տարեկան է։ Հայաստանի նախագահը ընդգծում է՝ կենտրոնը Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից է։ Այն համակարգի ներսում մատուցվող  ծառայությունների  զատ կաևոր ներդրում ունի

«Ժամանակակից աշխարհում զարգացող երկրների էներգետիկ շուկան արդեն իսկ ազատականացված է։ Հայաստանն այս ուղղությամբ առաջին քայլերն է անում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման ընթացքն ու ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի պահանջները»։

2023-ից էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման կանցնի նաև Վրաստանը։ Այստեղ հետաքրքրված են շուկայի ազատականցման Հայաստանի փորձով։ Հայաստանում անցումը նոր համակարգին փուլային է, շարքային սպառողները դեռ կշարունակեն հոսանք ՀԷՑ-ից գնել ու վճարել ՀԾԿՀ-ի սահմանած սակագնով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն