Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ արտահերթ զեկույց են հրապարակել` Արցախի Հանրապետությունը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին, իսկ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի դիմումներ է ներկայացրել ոչ միայն ՄԻԵԴ, այլև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Արդեն հայտնի է Եվրոպական դատարանի նախնական դիրքորոշումը․ ՄԻԵԴ–ը մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել Ադրբեջանին Հայաստանի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Հայաստանը դիմել էր Արցախի շրջափակման հարցով միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ համատեղ զեկույցի հիմքում Արցախի «կյանքի ճանապարհի» փակման հումանիտար հետևանքներն են։ Երկու օմբուդսմենները փաստերով հիմնավորում են, որ ադրբեջանցիների «բնապահպանական ակցիան» ամենևին էլ բնապահպանական չէ և պետականորեն կազմակերպված ու համակարգվող գործողություն է։ Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան.   

«Ներկայացրել ենք փաստեր, որոնք ապացուցում են, որ նման ակցիան կազմակերպված իրականացվում է ադրբեջանական իշխանությունների ուղղակի ներգրավմամբ։ Կարողացել ենք ցույց տալ, որ նման «բնապահպան ակտիվիստները» ուղղակիորեն ներկայացնում են կազմակերպություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կամ կառավարական ֆոնդերի կողմից»։   

Կեղծ բնապահպանական ակցիայի հումանիտար հետևանքները, մինչդեռ, ծանր են ու հակամարդկային, ինչը նույնպես փաստվել է պաշտպանների համատեղ զեկույցում։ 

Նույն հիմնավորումներով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինին ապաշրջափակել Բերձորի միջանցքը:

Արդեն հայտնի է ՄԻԵԴ-ի նախնական դիրքորոշումը․ կառույցը մինչև դեկտեմբերի 19-ը

ժամանակ է տվել Բաքվին  Երևանի պահանջի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Դրանք ստանալուց հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Ըստ գրասենյակի ղեկավարի ՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումը երկու բաղադրիչ է ներառում․  առաջինը միջանցքի ապաշրջափակումն ու անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումն է, երկրորդում խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն անհապաղ Հայաստան տեղափոխվելու անհրաժեշտություն՝ առողջական վիճակով պայմանավորված։

Երեկ երեկոյան ՄԻԵԴ է ուղարկվել դիմումի լրացում, քանի որ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող անձանց թիվը Արցախում ավելացել է։ ՄԻԵԴ-ը, ըստ Դրմեյանի, դիմումի վերաբերյալ որոշումը կայացրել է հենց այս լրացումն ուղարկելուց 1-2 ժամ հետո՝ պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ տալով մինչ երկուշաբթի

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի ՀՀ-ն դիմել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

«Դիմել ենք նամակով՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքոոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում»։

Գրասենյակն արդեն ծանուցում է  ստացել դատարանից, որ նամակը փոխանցվել է Ադրբեջանին։ Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ՝  տարբեր ատյաններում  զուգորդված գործընթացները փոխլրացնում են և ազդեցություն ապահովում։

«Արտաքին հարթակում Ադրբեջանը պետք է փորձի հանդես գալ որպես իր պարտավորությունները պատշաճ կատարող պետություն։ Ուզած թե չուզած՝ ինչ-որ մի պահի պետք է որոշակի գործողություն կատարվի։ Այսինքն՝  իրավական գործընթացներն, այնուամենայնիվ, ունենում են որոշակի հետևանք»։

Լիպարիտ Դրմեյանի խոսքով՝  եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, ապա  Նախարարների կոմիտեն կարող է տարբեր պատժամիջոցներ կիրառել՝  ընդհուպ զրկել ԵԽ անդամությունից։ Իրավական գործընթացն ու արդյունքները , Դրմեյանի կարծիքով, ամրացնում են քաղաքական փաստարկները։

«Սա քաղաքական, դիվանագիտական դաշտում բանակցողին տալիս է փաստաթուղթ, որը պարտադիր ուժ ունի, բանակցելու, խոսելու շատ ավելի ամուր դիրքերից»։

Արդեն հայտնի է, որ գազի  մատակարարումն Արցախ վերականգնվել է, կա ակնկալիք, որ ճանապարհը նույնպես կբացվի։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝  եթե մինչև դեկտեմբերի 19-ն Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը, մեծ է հավանականությունը, որ ապա ՄԻԵԴ-ում Հայաստանի վերջին դիմումի վարույթը կկարճվի։

«Երբ  որևէ պետություն,  այդ թվում՝ Ադրբեջանը, ինչ-որ դեմարշ է անում միջազգային ատյանի դեմ, դա ավելի շատ ներքին լսարանի համար է՝ ցույց տալու, թե իրենք ինչեր կարող են։ Բայց երբեք, բնականաբար, նման կոչերով կամ գործողություններով դրսում հանդես չեն գալիս։ Ավելի շատ նրանք ձգձգում են վճռի կատարումը»։   

Արցախը շրջափակելու ու դրա հետևանքով հումանիտար  ճգնաժամ առաջացնելու փաստով, ըստ Արա Ղազարյանի, հետագայում էլ կարելի է դիմել Եվրոպական դատարան։ Կատարվածը բլոկադա է, ինչը պատերազմի մեթոդ է և  էթնիկ զտման քաղաքականության միջոց։

«Թեև այնտեղ մասնավոր խմբերի վրա է Ադրբեջանը հույսը դրել, բայց իրականում բոլորս էլ հասկանում ենք, և արդեն բազմաթիվ պետություններ իրենց արտահայտություններով հասկացրեցին, որ՝ մենք գիտենք, որ դա դուք եք։ Նշանակում է՝ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Քաղաքականությունը, որ տեսնում եմ,  Հայաստանը տանում է, դա մարդու իրավունքների հայեցակարգից՝ հասնել նրան, որ Ադրբեջանը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության համար»։       

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ եթե նույնիսկ ՄԻԵԴ-ը վարույթը կարճի, միևնույնն է, այդ որոշումը  զսպող ազդեցություն կունենա։  Իսկ եթե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը մինչև ՄԻԵԴ-ի սահմանած ժամկետը չբացվի, ապա Բաքվի պատասխանից մի քանի օր անց պետք է սպասել Եվրոպական դատարանում որոշմանը։

Իրավունքի մասնագետները վստահ են, որ սադրանքները կրկնվելու են, և այս իրավիճակում կարևոր են միջազգային ատյանների  բոլոր որոշումները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն