Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ Երևանի ժամանակով ժամը 24-ին։

Քաղաքագետները կառույցից  հստակ ու հասցեական դիրքորոշում են ակնկալում՝ հիշեցնելով, որ Ղարաբաղյան հարցին 44-օրյա պատերազմից հետո  կառույցն արդեն երրորդ անգամ է անդրադառնում։

ՄԱԿ ԱԽ աշխատանքի ուսումնասիրման հարցերով վերլուծական կենտրոնի տեղեկացմամբ՝  ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կքննարկվի Ֆրանսիայի առաջարկով։

Նշվում է նաև, որ Լաչինի  միջանցքին վերաբերող քննարկումը տեղի կունենա Լիբիային առնչվող խորհրդակցություններից հետո։  Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում է հստակ ու հասցեական դիրքորոշում, որը հստակ կամրագրի, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է իրականացնում և պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը։

«Ակնկալում ենք, որ քաղաքական դիրքորոշում արտահայտեն ու որակեն Ադրբեջանի քաղաքականությունը որպես հայատյաց, ապակառուցողական ու ցեղասպան և պարտադրեն Ադրբեջանին, ուլտիմատում ներկայացնեն, օր նշեն, որ Բաքուն վերականգնի Արցախի կյանքի ուղին։ Իմ կարծիքով՝ ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները հակված կլինեն այդ դիրքորոշմանը, եթե պղտոր ջրում ձուկ որսալու տրամադրություններ չլինեն, ինչպես դա տեղի ունեցավ  2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ։ Իմ կարծիքով՝ այդ մեկ կողմը կլինի ՌԴ-ն»։

ՄԱԿ ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամ՝ ԱՄՆ, Չինաստան, Միացյալ Թագավորություն,  Ֆրանսիա և ՌԴ։ Որևէ հարցի քննարկման դեպքում նշված հինգ երկրներից մեկը իրավունք ունի վետո կիրառել ու թույլ չտալ որևէ որոշման կայացում կամ բանաձևի ընդունում։ 

«Դրական հայանպաստ դիրքորոշում կտեսնենք, սակայն վերջնարդյունքում դա իր իրավաքաղաքական հետևանքները կունենա թե ոչ կասկած է հարուցում, քանի որ մենք գիտենք, որ կա ՌԴ, որը միտված կլինի խաթարելու»։

Եթե միջազգային հանրությունը Կոսովոյի դեպքում կիրառել է «անջատում հանուն փրկության» մոտեցումը, նույնը կարող է անել նաև Արցախի դեպքում, սակայն հարցը պետք է ներկայացնել որպես գոյաբանական խնդիր և ոչ  բնապահպանական, ինչը փորձում է անել Բաքուն՝ նկատում է քաղաքագետը։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը վստահ է, որ ՄԱԿ ԱԽ քաղաքական հայտարարություն կանի, կոչ կհնչեցնի, սակայն պահանջ չի ներկայացնի Բաքվին։

«Կարծում եմ, որ այդ կոչը հորդորը ավելի ընդհանրական բնույթ կկրի։ Այսինքն` նրանք կողմերին կոչ կանեն շարունակել խաղաղ բանակցությունները, զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից, այսինքն` ինչպես միշտ արվել է։ Կարծում եմ, որ կլինի ավելի լղոզված կոչ, որովհետև մենք գիտենք, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների միջև այս հարցում լուրջ տարաձայնություններ և շահերի բախում կան»։

ՄԱԿ ԱԽ-ն, վերլուծաբանի կարծիքով, կոչ-հայտարարություն կանի, Բաքուն էլ ձևական որոշ քայլեր կձեռնարկի, հատկապես մարդասիրական բնույթի, օրինակ` թույլ կտա հումանիտար բեռներ անցկացնել Լաչինի միջանցքով՝  ցույց տալու համար, թե իբր հարգում է ԱԽ-ի կոչը։ Սակայն վիճակը կշարունակվի այնքան,  մինչև  Բաքվի պայմաններով խաղաղության համաձայնագիր ընդունվի՝ կարծում է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Նպատակը այսպես ասած միջանցքների, ճանապարհների հարցով քաղաքական համաձայնության հասնելն է։

Իսկ եթե Բաքուն անտեսի ՄԱԿ ԱԽ-ի կոչը, հետևանքները ծանր կլինեն Բաքվի համար՝ համոզված է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Սա կարող է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հիմք դառնալ՝ կարծում է։

Վերջին երեք տարվա ընթացքում միայն ՄԱԿ ԱԽ-ում հայկական կողմի առաջարկներով  արդեն երրորդ քննարկումն է կազմակերպվում։ Առաջինը 2020 թվականի 44-պատերազմի ընթացքում էր, քննարկման արդյունքում փաստաթուղթ չընդունվեց  ԱԽ մշտական 5 անդամներից մեկի վետոյի պատճառով։ Հաջորդ քննարկումն  այս տարվա սեպտեմբերին էր՝ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո։ Հասցեական որևէ հայտարարություն չընդունվեց։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  պարզապես վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն