Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն, Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ։ Դրանց ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, բայց, իհարկե, կցանկանայի արագացնել դրանք։ Եվ ինչ հարցեր էլ որ ծագեն, ես համոզված եմ, որ առավել անհրաժեշտ է կանոնավոր հանդիպումներ, պայմանավորվածություններ ձեռք բերել, վստահությունն ամրապնդել և հիմք ստեղծել, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը։

Նա ափսոսանք է հայտնել հայկական կողմի որոշման կապակցությամբ՝ հրաժարվել մասնակցել արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը, որը պետք է կայանար ուրբաթ օրը Մոսկվայում։

«Այսօրվա դրությամբ մենք պայմանավորվել ենք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։

Երկուշաբթի Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մոսկվայում ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի բացումն այս պահին առաջնահերթություն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն