2022-ը՝ անարդյունք հանդիպումների ու բանակցությունների տարի
2022-ը չհաջողվեց պատմության մեջ ամրագրել որպես խաղաղության հաստատման տարի: Սահմանին լարվածությունը չթուլացավ, բանակցություններն ու հանդիպումները տարվա ընթացքում հաջորդեցին մեկը մյուսին: Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումների միջնորդությունն Վաշինտոն–Բրյուսել–Մոսկվա եռանկյունում էր, իսկ հանդիպումներին ներգրավված էին երկու երկրների ղեկավարները, արտգործնախարարները, փոխվարչապետերը, անգամ անվտանգության խորհուրդների ղեկավարները:
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առումով տարին ամփոփում ենք առավելապես քանակական, քան որակական արդյունքներով, նաև արձանագրելով, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9 կետերից 6- ը խախտված են, իսկ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ փակ:
2022-ին իրականություն չդարձան տարվա հիմնական ծրագրերը՝ «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը չստորագրվեց , ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չգրանցվեց:
Անցնող տարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ շփումների թիվը գերազանցեց մեկ տասնյակը, աշխարհագրությունն անցավ Բրյուսելով, Պրահայով ու Սոչիով։ Տարվա ընթացքում Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին ․․․ անգամ: Այս հանդիպումները թույլ տվեցին խոսել «Խաղաղության պայմանագրի» նախագծի մասին: Մարտին պաշտոնական Բաքուն հրապարակեց իր 5 առաջարկները՝ հայտարարելով, թե պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել, եթե պաշտոնական Երևանն ընդունի դրանք։ Հայկական կողմն ի պատասխան հայտնեց, որ առաջարկներն, ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց լրացումների կարիք ունեն։ Տարվա ընթացքում կողմերը մի քանի անգամ լրամշակված տարբերակներ ուղարկեցին միմյանց: Վերջին փոխանակումը տարեվերջին էր․ Հայաստանն Ադրբեջանին երկու նոր մեխանիզմ առաջարկեց: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն անգամ ակնարկեց՝ մինչև տարեվերջ պատրաստ են ստորագրել փաստաթուղթը, եթե Ադրբեջանը համաձայնի հայկական առաջարկներին։
«Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք «գարանտորների ինստիտուտ»: Այսինքն՝ միջազգային թե՛ կազմակերպության, թե՛ պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի, որը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը: Բացի դրանից՝ առաջարկել ենք նաև, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային ինչ-որ դատարան դիմելու, որով եթե անլուծելի ճգնաժամ է առաջանում, ապա դիմենք միջազգային դատարան: Բնականաբար, մենք մեր փորձից ելնելով ենք նման առաջարկությունը կատարել»:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուղիղ շփումների ճգնաժամը արձանագրվեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ծրագրված հանդիպման տապալումով: Ադրբեջանի նախագահն, ըստ էության, մերժեց բանակցությունների արևմտյան հարթակը՝ դժգոհ լինելով Ֆրանսիայի միջնորդական աշխատանքից:
2022-ին կարգավորման առաջարկությունները բազմաթիվ էին: Երևանը Բաքվին փոխանցեց հարաբերությունների կարգավորման 4 առաջարկ: Բացի «Խաղաղության պայմանագրին» առնչվող առաջարկներից նաև տարբեր ժամանակներում Ադրբեջանին է փոխանցվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող առաջարկները, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման և սահմանային անվտանգության երաշխավորման մասին առաջարկները:
Տարբեր ժամանակներում ուղարկված հայկական բոլոր առաջարկներին, ըստ Հայաստանի վարչապետի, ադրբեջանական պատասխանը նույնն էր.
«Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել»:
2022-ի սկզբին զուսպ ձեռքսեղմումներով սկսված հանդիպումների ճգնաժամը արձանագրվեց տարեվերջին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ տարվա արդեն 8-րդ հանդիպմանը: Արցախի շրջափակման 12-րդ օրը Հայաստանը հրաժարվեց մեկնել Մոսկվա:
Այս կետից արդեն սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու դժգոհությունները՝ ռուս խաղաղապահներից, ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում Ադրբեջանի քրոնիկ խախտումներից, Հայաստանի դիրքավորումից: Ադրբեջանն առաջ քաշեց նոր պայմաններ՝ խոսելով Հայաստանի կողմից իբրև թե «օկուպացրած» 8 ադրբեջանական գյուղերի մասին և զարմանալիորեն դժգոհելով մեկ անձից: Պարզվեց, որ պաշտոնական Բաքվին խիստ նյարդայնացնում է Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի գործոնը:
Հայաստանը հերթական անգամ հստակեցրեց իր «կամիր գծերը», որտեղ զիջում չկա ո՛չ «Զանգեզուրի միջանցք» կոչված ադրբեջանական ձգտումների, ո՛չ էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի հարցերում: Պաշտոնական Երևանի համար նաև անընդունելի են եռակողմ հայտարարություններից դուրս պահանջները՝ այս դեպքում իբրև թե «բնապահպանական»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հայտարարություններում հստակ նշվում էր նաև ՀՀ ինքնիշխան տարածքի չափը՝29 800 քառակուսի կիլոմետր: ՔՊ վարչության անդամ Գևորգ Պապոյանն, օրինակ, համարժեք համարեց «Խաղաղության պայմանագիր»-ն ու հայ ժողովրդի վերածնունդը։
«Հայ ժողովրդի վերածննդի համար, բնականաբար, պետք են որոշակի պայմաններ, և այդտեղ խաղաղությունը էական նշանակություն ունի: Թերևս դա է պատճառը, որ Հայաստանը այդքան շատ ձգտում է խաղաղության պայմանագրին, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ հանուն այդ «Խաղաղության պայմանագիր»-ի: Մենք խաղաղության ձգտում ենք, բայց նաև պատրաստվում ենք այդ խաղաղությանը, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը ոչ մեկ մեզ չի նվիրելու: «Խաղաղության պայմանագիր»-ը մեր կարևոր հանձնառություններից է և նպատակներից է, բայց «Խաղաղության պայմանագիր»-ի թերևս առաջին կետերից պետք է լինի ՀՀ տարածքից ադրբեջանական զինվորների դուրս բերումը, ադրբեջանական զինտեխնիկայի դուրս բերումը և ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը ամբողջությամբ պետք է գտնվի ՀՀ ԶՈՒ, անվտանգության ծառայությունների հսկողության ներքո, որից հետո նոր կարող են կնքվել այդ հնարավոր «Խաղաղության պայմանագրերը»: Բայց այս առումով պետք է արձանագրեմ, որ մեծ հաշվով շատ լուրջ հաջողություն չունենք»:
Արցախյան պայքարի մեկնարկից 35 տարի անց կրկին եկավ բռունցքները բարձրացնելու ժամանակը: Առիթը ադրբեջանական քաղաքականության նոր դրսևորումն էր՝ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ մայրուղու՝ Լաչինի միջանցքի դեկտեմբերի 12-ից փակ լինելը։ : Արցախի սրտից՝ Վերածննդի հրապարակից, բացառապես Արցախի Հանրապետության դրոշներով ուղեկցվող հանրահավաքը՝ ի դեմս Ադրբեջանի կողմից մերժվող պետնախարարի աշխարհին ասաց.
«Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանր, մենք պետք է միանանք և միասին ասենք մեկ խոսք. Մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունը և մեր ապագան»:
Ադրբեջանը «մեկ ձեռքով» բանակցում է, «մյուս ձեռքով» շարունակում է սպանել:
2022-ին հրադադարի առաջին խախտումը գրանցվեց հունվարի 11-ին: Իսկ սեպտեմբերի 13-ին գրանցվեց Ադրբեջանի ռազմական հերթական ագրեսիան արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ: Հետպատերազմական շրջանում Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետրը։
Տարին եզրափակվեց ևս մի տապալված հանդիպմամբ։ Ալիևն ու Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ մեկնեցին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքին մասնակցելու, սակայն եռակողմ ձևաչափով պաշտոնական հանդիպում տեղի չունեցավ։ Կառավարության հաղորդեց, որ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ընդամենը կարճ զրույց են ունեցել ճաշի սեղանի շուրջ։ Արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրությունները լռում են։



















