ԵՄ տեխնիկական գնահատման խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար՝  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Մարչին Վիդռան, որի գլխավորությամբ էլ Հայաստան է ժամանել տեխնիկական գնահատման խումբը։ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստանից հեռացավ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին։ Այժմ դիտարկվում է առաքելությունը շարունակելու հարցը։ Ի՞նչ արդյունքներ արձանագրեց նախորդ առաքելությունը և ի՞նչ է ակնկալվում երկրորդից։

Նախորդ տարվա հոկտեմբերի կեսին Հայաստան ժամանած ԵՄ դիտորդական առաքելությունը մեր երկրում մնաց երկու ամիս․ դիտորդները  Հայաստանից հեռացան  դեկտեմբերի 19-ին։ Նպատակը փաստահավաք առաքելությունն էր՝ իրավիճակը տեղում դիտարկելու համար։ Առաքելությունը Հայաստան ժամանեց Վրաստանից, որտեղ դիտորդները տեղակայման երկարատև փորձ ունեն․ այստեղ են եկել 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա կարճատև պատերազմից հետո և շարունակում են մնալ մինչ օրս։

Հայաստանում ԵՄ դիտորդական խմբի տեղակայման կարիք առաջացավ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Առաքելության ավարտին՝ Հայաստանից մեկնելուց առաջ, խմբի անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրին՝ ադրբեջանական ներխուժումը փաստող տվյալներ են հավաքել, զեկույց են պատրաստելու և ներկայացնելու են  համապատասխան կառույցներին։

Զեկույցի մանրամասները հայտնի չեն, բայց  քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը  դրա արդյունքները տեսնում է։ Կարծում է՝ ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի դեմ հնչած հասցեական գնահատականների հիմքում դիտորդների հավաքած փաստերն են։

«ՄԱԿ–ի ԱԽ–ում մենք հասցեական գնահատականներ տեսանք, դրանք հիմնվում են բացառապես իրենց մոնիտորինգային առաքելության վրա, ոչ հայերի ներկայացրած տեղեկությունների վրա, ոչ ադրբեջանցիների, ոչ էլ առավել ևս ՌԴ-ի։ Ադրբեջանին քանիցս հռչակեցին ագրեսոր, ինչը հենց այդ առաքելության մոնիտորինգի վերջնարդյունքում ձևավորված տեսակետ է»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ փաստերի արձանագրումը ԵՄ առաքելության կողմից պետք է բերի նաև որոշակի գործողությունների, ինչն առայժմ տեսանելի չէ։ Նա ԵՄ կարճաժամկետ առաքելության մեծ արդյունավետություն չի տեսնում , նկատում է, որ Լաչինի միջանցքը փակվեց հենց դիտորդների ներկայության ժամանակ։

«Որևէ ազդեցության մասին խոսել չենք կարող, քանի որ առաքելությունը ոչ միայն իր ներկայությամբ չկարողացավ Բաքվի նկատմամբ որևէ ճնշիչ կամ զսպիչ դեր կատարել , այլև հենց առաքելության ներկայության ժամանակ էր, որ արգելափակվեց Լաչինի միջանցքը։ Ներկայությունը, թերևս,միայն որոշակի զգաստության վիճակ կարող էր առաջացնել, բայց ոչ ավելին ։»

Արա Պողոսյանը նաև հիշեցնում է, որ առաքելությանը Ադրբեջանի կողմից  դիտարկում իրականացնելու հնարավորություն պաշտոնական Բաքուն չտվեց, քանի որ համոզված է՝ հարցերը լուծվում են քաղաքական հարթությունում ։

«Որովհետև գործընթացները հենվում են ոչ թե արդարության սկզբունքի, այլ աշխարհաքաղաքական շահերի վրա։ Եվ այստեղ գերակշռող է լինելու կողմերի աշխարհաքաղաքական կշիռն այն կենտրոնների համար, որոնք ունեն շահեր տարածաշրջանում։ Մինչ այս պահը Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռը բարձր է թե ՌԴ-ում , թե Արևմուտքում»։

Այս ամենով հանդերձ և այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ քաղաքագետը ցանկացած միջազգային ներկայություն Հայաստանում կարևոր է համարում։ Գուրգեն Սիմոնյանը ևս կարծում է, որ դիտորդների ներկայությունը շփման գծում դրական ազդեցություն, այնուամենայնիվ, ունեցել է։

«Մենք տեսանք, որ բիրտ ռազմական ուժի կիրառումից ձեռնպահ են մնում, փոքրաթիվ էքսցեսներ կան կրակոցների ձևով։ Առաքելության տեղակայումից ի վեր ես չեմ հիշում լուրջ ընդհարում, և դա պարտադրեց ադրբեջանցիներին ավելի կրեատիվ մոտենալ հարցին և իրենց ապակառուցողական ավերիչ քաղաքականությունը տանել հումանիտար փաթեթավորմամբ։ «Բնապահպանների» ակտիվացումը և Լաչինի միջանցքի արգելափակումը վկայում է, որ նրանց ռազմական ոտնձգությունները արգելափակվել են»։

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, Գուրգեն Սիմոնյանի համոզմամբ, հնարավորություն կտա ժամանակ  շահելու և այդ ժամանակը   ՀՀ ԶՈՒ  մարտունակությունը բարձրացնելու նպատակով օգտագործելու համար ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն