Եվրոպացի առաջնորդները հավաքվում են հայաստանյան գագաթնաժողովին. Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան․ BBC
Եվրոպական երկրների առաջնորդները ժամանում են Հայաստան, որպեսզի մասնակցեն աննախադեպ երկու գագաթնաժողովների։ Սա ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Հայաստանը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը Հարավային Կովկասում։
Ինչպես նշում է BBC-ն, երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար այս իրադարձությունը չափազանց մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Չէ՞ որ Հայաստանը Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ երկրի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա։
Երկուշաբթի օրը Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպայի ավելի քան 30 առաջնորդներ և Կանադայի վարչապետը։
Իսկ արդեն երեքշաբթի օրը տեղի կունենա պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը։ Հանդիպմանը կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Հայաստանն էներգակիրների հարցում մեծապես կախված է Ռուսաստանից։ Երկիրը ռուսական գազը գնում է արտոնյալ գնով։ Այս մասին ապրիլի 1-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահը նշել էր, որ իրենք Հայաստանին գազը վաճառում են 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե 600 դոլար։
«Տարբերությունն էական է ու բավականին մեծ», — ասել էր նա։
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ռուսական ազդեցության գոտում այսքան խորը ներգրավված երկիրը հանկարծ հյուրընկալում է գրեթե ողջ Եվրոպայի առաջնորդներին։
Այս ամենում շրջադարձային է եղել 2023 թվականին Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև բռնկված պատերազմը։
Այդ ժամանակ Ադրբեջանը կայծակնային ռազմական գործողություն է սկսել՝ ավարտին հասցնելով Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը, ինչի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր են տեղահանվել։ Ռուսաստանն այդ ժամանակ խաղաղապահ զորքեր է ունեցել երկրում, սակայն նախընտրել է չմիջամտել այդ դեպքերին։
Մինչ այդ էլ Ադրբեջանի ներխուժումները պատասխան չէին ստացել Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) կողմից։
«Մենք հասկացանք, որ անվտանգության ներկայիս համակարգը պարզապես չի գործում», — BBC-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Դեռ մեկ տարի առաջ Եվրամիությունը միջնորդի դեր է ստանձնել սահմանների ճանաչման գործում և այդ շրջանակներում Հայաստան է ուղարկել իր քաղաքացիական դիտորդներին։
Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Եվրամիության ներկայությունը փոխել է մարդկանց վերաբերմունքը։ «Մենք տեսանք, որ հասարակության մեջ Եվրոպայի հետ կապերն ամրապնդելու հստակ պահանջ կա»,— հավելում է նա։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն արդեն օրենք է ընդունել՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։
Զուգահեռաբար առաջխաղացում է գրանցվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Օգոստոսին երկու երկրների առաջնորդները Սպիտակ տանը ստորագրել են պատմական մի փաստաթուղթ, որը կոչված է տասնամյակներ տևած այս հակամարտությանը վերջ տալու համար։
Հենց այդտեղ էլ կողմերը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի մեկնարկի մասին։ Սա խոշոր տրանսպորտային միջանցք է, որը պետք է անցնի Հայաստանի հարավային սահմանով՝ իրար կապելով տարածաշրջանն ու եվրոպական շուկաները։
Այդուհանդերձ, երկու հարևանների միջև խաղաղության գործընթացը դեռևս փխրուն է, իսկ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումն արդեն իսկ դիվանագիտական որոշակի բարդություններ է առաջացրել։
Անցյալ շաբաթ Ադրբեջանի խորհրդարանը որոշել է սառեցնել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ։ Պատճառը եվրոպացի պատգամավորների ընդունած բանաձևն է, որով կոչ էր արվում ապահովել Արցախից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։
Մոսկվան չի կարողանում թաքցնել իր դժգոհությունը՝ տեսնելով Հայաստան-Եվրոպա ջերմացող հարաբերությունները։
Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն անգամ քմծիծաղ է տվեկ, երբ Փաշինյանը սկսել է գովաբանել իր երկրի ժողովրդավարական ազատությունները։
«Հայաստանում սոցիալական ցանցերը 100 տոկոսով ազատ են ու գործում են առանց որևէ սահմանափակման»,- ասել էր նա Ռուսաստանի նախագահին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում արևմտյան բոլոր խոշոր հարթակներն արգելափակված են։
Այդուհանդերձ, Պուտինը Փաշինյանին հասկացրել է, որ ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ։
«Հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության մաքսային գոտում»,- նշել էր Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ դա «պարզապես անհնար է հենց իր սահմանմամբ»։
Իսկ արդեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից ընդամենը օրեր առաջ Ռուսաստանն արգելել է հայկական հանքային ջրերի ներկրումը։
«Սա հիբրիդային սպառնալիքների դասական օրինակ է»,- նշում է Հայաստանի տեղեկատվական դաշտի մոնիթորինգով զբաղվող «CyberHUB-AM» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Պապյանը։
Պապյանը նշել է, որ երբ բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս եվրոպամետ հայտարարություններով կամ այցելում են Բրյուսել, դրան անմիջապես հաջորդում են վրաց-ռուսական սահմանին հայկական բեռնատարների կուտակումները, կամ էլ հաքերները սկսում են սպառնալ պետական կայքերի վրա հարձակումներով։
Անցյալ ամիս Եվրամիությունը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն իրականացնելու ծրագիրը։ Այն նախատեսված է առաջիկա երկու տարիների համար և նպատակ ունի պայքարել ռուսական ապատեղեկատվության, կիբերհարձակումների ու ֆինանսական ապօրինի հոսքերի դեմ, ինչը հատկապես կարևոր է հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Այս նախաձեռնությունը ստեղծվել է Մոլդովայում գործող նմանատիպ առաքելության օրինակով։ Այնտեղ այն ներդրվել է 2025 թվականի ընտրություններից առաջ, ինչի արդյունքում եվրոպամետ ուժերը Քիշնևում կարողացան պահպանել իշխանությունը։
«Ես ուսումնասիրել եմ այս օրինակները, հատկապես Մոլդովայի, Ռումինիայի և Ուկրաինայի փորձը,- ասում է Պապյանը,- և տեսնում եմ, որ այստեղ կիրառվում են նույն մարտավարությունն ու տեխնոլոգիական նույն մեթոդները»։
Հունվարին Պապյանի թիմը WhatsApp-ի վրա զանգվածային հարձակում էր արձանագրել, որի հետևանքով, հաշվարկների համաձայն, մի քանի հարյուր հազար օգտահաշիվ է կոտրվել։ Ըստ նրա՝ այս մեսենջերից լայնորեն օգտվում են թե՛ նախարարները, թե՛ պետական այլ պաշտոնյաներ։
Մեկ այլ դեպքում հաքերները Signal հավելվածում կեղծ հաշիվ էին բացել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից։ Նրանք հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հրավիրել էին իբր թե Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված մի համաժողովի։
Գրանցման հղումն այնքան վստահելի տեսք է ունեցել, որ անգամ քաղաքացիական հասարակության փորձառու ներկայացուցիչներն են կուլ տվել խայծը։ Երբ փորձել են հետագծել հարձակման աղբյուրը, IP հասցեները տարել են դեպի Մոսկվայի մոտակայքում գտնվող ռուսական Զելենոգրադ քաղաքը։
Երևանյան գագաթնաժողովների նախաշեմին Պապյանը հայտնել է, որ միայն մեկ առավոտվա ընթացքում Telegram-ում ակտիվության շուրջ յոթ բռնկում է նկատել։ Բոլորն էլ տարածել են այն նույն միտքը՝ թե այս միջոցառումները Հայաստանի համար «անվերադարձի կետ» են, և որ Ռուսաստանը դրա համար անպայման կպատժի երկրին։
«Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները գործում են և իրական առաջընթաց են գրանցել, սակայն դրանք այսօր ճնշման տակ են»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ով նույնպես մասնակցում է գագաթնաժողովներին։
Հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին նրա հիմնական մտահոգությունները կապված են արտաքին միջամտության, ապատեղեկատվության և համացանցում քաղաքական լարվածության (բևեռացման) հետ։
Ըստ Բերսեի՝ Հայաստանն իրավական որոշակի գործիքներ ունի այս սպառնալիքներին դիմակայելու համար, սակայն, ինչպես շատ այլ երկրներում, «դրանք դեռևս լիարժեքորեն չեն համապատասխանում առկա վտանգների մասշտաբներին ու բարդությանը»։
Թեև եվրոպական առաջնորդները Երևան են գալիս քաղաքացիական առաքելությունների ու առաջիկա երկու տարում վիզաների ազատականացման խոստումներով, այնուամենայնիվ, ԵՄ անդամակցության հստակ ժամկետներ, պաշտպանական ոլորտի պարտավորություններ կամ ռուսական գազը փոխարինելու կոնկրետ ծրագրեր դեռևս չկան։
Առանց նման հաստատուն երաշխիքների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի «հավասարակշռության որոնումները» դեռևս հեռու են ավարտված լինելուց։









































