Ի՞նչ է բանակցվում Լաչինի հարցով և որտեղ․փորձագետները բանակցությունների օրակարգն ավելի բաց ներկայացնելու կարիք են տեսնում
Լաչինի միջանցքի շրջափակումից շուրջ մեկ ամիս անց ավելի հստակ է դառնում քաղաքական պահանջը, որ գործնական քայլեր են անհրաժեշտ ստեղծված «փակուղային» իրավիճակը հանգուցալուծելու համար: Ավելի պահանջված է դառնում նաև Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը։ Մեխանիզմների մասին եռակողմ հանդիպումներում քննարկումներ թեև եղել են, բայց դրանք չեն որոշակիացել Բաքվի արգելակող հայտարարությունների պատճառով։ Հայաստանյան փորձագիտական շրջանակներում նաև կարծում են, որ Լաչինի բանակցությունների օրակարգն ու բովանդակությունն ավելի բաց ներկայացնելու կարիք կա:
Լաչինի միջանցքին առնչվող հայտարարություններ են արել և՛ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, և՛ ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։ Ահա այստեղ է, որ առաջանում է հիմնական խնդիրը, որն առնչվում է բանակցություններին: Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը հղում է անում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն պնդումը, թե բանակցություններ չեն ընթանում:
«Պարզաբանում է, թե ինչու չեն վարվում: Ասում է՝ Ադրբեջանը պայման էր դրել հանքերի հետ կապված, մենք իրենց նամակին պատասխանեցինք, և մինչև հիմա պատասխան չկա: Այսինքն՝ եթե պատասխան ամիսներով չլինի, նստած ինչի՞ն ենք սպասում: Զուգահեռաբար Մոսկվայից ստանում ենք արձագանք, որ ռուս խաղաղապահները բանակցություն են վարում հայկական և ադրբեջանական կողմերի հետ ճանապարհը բացելու համար: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, ո՞ւմ հետ են բանակցություն վարում: Նշանակում է Արցախի հետ չեն վարում, այլապես եթե Արցախի հետ վարեին, Ռուբեն Վարդանյանի հետ չվարեին, արցախցիք կիմանային»:
Ամբողջ խնդիրը, ըստ քաղաքագետի, հայկական երկու կողմերի միջև առաջացած տարաձայնություններն են։ Խոսքը ռուս խաղաղապահների պարտականությունների կատարման հարցին պարբերաբար անդրադառնալու մասին է: Ըստ էության՝ Արցախում այդ անդրադարձներն ընկալվում են որպես ռուս խաղաղապահների դեմ ուղղված հայտարարություններ, մինչդեռ Ստեփանակերտում ակնկալում են ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու գործողություններ և առաջարկ:
Այստեղ ավելի քան պահանջված է դառնում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությունը, որի փորձերը տապալեց հենց Ադրբեջանը: Միջազգային հանրությունը ԱՄՆ-ում փորձել էր տալ այդ ճանապարհի բանալին՝ հիշեցնում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Օրհասական է և կարևոր է միջազգային հանրության կողմից արդեն արծարծված միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը կլինի մի հնարավորություն խոսակցության Ստեփանակերտի և Բաքվի միջև: Մինչև այսօր այդ խնդիրը լուծված չէ, այսինքն՝ ուզում են ինչ-որ հարցեր քննարկել ԼՂ իշխանությունների հետ, խնդիր չկա, բայց դրա համար պետք է խոսել ԼՂ իշխանությունների հետ: Վաշինգտոնում Ադրբեջանը տվել էր իր համաձայնությունը, հետո Հիքմեթ Հաջիևը հրաժարվում էր, բայց հայկական կողմից եղավ վերահաստատում, որ եղել է նման պայմանավորվածություն, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև խոսակցություն վարելու, քննարկումներ ունենալու, խնդիրները բարձրացնելու համար»:
Այսօրվա օրակարգում մեկ այլ հարց է, թե պաշտոնական Ստեփանակերտից ո՞վ պետք է խոսի Բաքվի հետ: 2022-ի տարեվերջին Ադրբեջանը հստակ ձևակերպեց իր դիրքորոշումը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանդեպ՝ պահանջելով, որ նրա լքի Արցախի տարածքը: Որպեսզի կողմերը կարողանան սկսել շփվել, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը այլ լուծում է առաջարկում. Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է ստանձնի պատասխանատվություն և ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ: Առնվազն երեք գործոն է թվարկում բանագնացի այդ թեկնածուի օգտին: Սպասվող վտանգի մասին փորձագետը խոսել է ֆեյսբուքյան գրառմամբ, ապա նկարագրել է «Ազատության» եթերում:
«Եթե Արցախի մեր իշխանությունները նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ չբանակցեն, տեղի է ունենալու հետևյալ շատ վտանգավոր բանը. խոսելու է Հայաստանը միայնակ, նորից Հայաստանի առաջ դնելու են պարտադրանք-թղթեր, Հայաստանը կարող է ստիպված լինել կրկին գնալ ցավալի զիջումների և մենք հայտնվելու ենք ծայրագույն վիճակում, իսկ Արցախի հայկական մեր իշխանությունները պատասխանատվություն չեն կրելու: Սա, ես կարծում եմ, արդար չէ: Պետք է չվախենալ մտնել բանակցությունների մեջ և ստանձնել պատասխանատվություն»:
Ցանկացած քայլից առաջ, սակայն, «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանի կարծիքով անհրաժեշտ է դուրս գալ նախաաղետային սպասումների քաոսից։ Ըստ փորձագետի՝ ամենակարևոր ու առաջին խնդիրը մթնոլորտի փոփոխությունն է։ Պետությունը պետք է դարձնել գրագետ և ռացիոնալի պահանջատեր։



















