ԱՄՆ կոնգրեսականները միացել են Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին
Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Ֆրենկ Փալոնը հինգշաբթի միացել են Կապիտոլիումի ցուցարարներին՝ կոչ անելով ԱՄՆ-ին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարելու համար։ Նրանք նաև կոչ են արել աջակցել Կոնգրեսի ստորին պալատում ներկայացված երկկուսակցական բանաձևին:
Բանաձևը, որի նպատակն է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ցանկացած ռազմական կամ անվտանգային ոլորտի աջակցություն Ադրբեջանին։
«ԱՄՆ-ի աջակցությունը ռազմատենչ Ալիևին պետք է դադարեցվի», — ասել է Շիֆը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին:
«Արցախը հայկական է. Արցախը պետք է հայ մնա»,- հայտարարել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», — գրել է Փալոնը թվիթերում։



















