Ո՞րն է ֆրանսիացի ժանդարմների գործառույթը ԵՄ դիտորդական առաքելության կազմում
Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ եվրոպականը ժամանում է։ Այս հարցին օրերս արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հստակեցնելով, որ Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Սրան զուգահեռ վարչապետը նշել էր, որ Երևանը ՀԱՊԿ-ից խնդրել է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն հարցի պատասխանը այդպես էլ չի ստացվել։ Այս թեման հրատապ դարձավ, երբ պարզվեց, որ շուտով Հայաստան կժամանի ԵՄ 100 հոգանոց դիտորդական առաքելությունը , որի կազմում ներգրավված կլինեն նաև Ֆրանսիացի ժանդարմներ։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ո՞րն է լինելու ֆրանսիացի ժանդարների գործառույթը ԵՄ առաքելության կազմում։
ԵՄ առաքելության կազմում ֆրանսիացի ժանդարմների ներկայությունը վկայում է, որ Փարիզն ամենահետաքրքրվածն է Հայաստանի խնդիրներով, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Օրերս Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հայտարարել էր, որ աջակցում է ԵՄ նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով, և ուրախ է, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։
Առաքելությունը կսկսի գործել փետրվարի 20-ից, և Ֆրանսիացի պատգամավորն այդ օրը ներկա կլինի Հայաստանում։
«Առաքելությունը կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ»,-ասել էր Նատալի Լուազոն:
Ըստ Ֆրանսիացի պատգամավորի՝ ԵՄ-ը Հայաստանում է վստահությունը, կայունությունն ու անվտանգությունը բարելավելու նպատակով, հետևաբար, բաց կլինի բարի կամքի բոլոր շահագրգիռ կողմերի հետ խոսելու համար:
«Ժանդարմները ռազմական ներկայացուցիչներ չեն, նրանք ներքին զորքերի ներկայացուցիչներ են, որոնք չունեն պատերազմի ժամանակ ինչ-որ գործողություններ իրականացնելու գործառույթներ։ Այդուհանդերձ, նրանք ունեն որոշակի ռազմական գիտելիքներ, որոնք հնարավոր կլինի կիրառել Ֆրանսիայի կողմից, եթե օրինակ՝ մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ հանկարծ սկսվի»,– ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։
Հայաստանում ԵՄ դիտորդների կազմնում Ֆրանսիացի 8 ժանդարմների ներկայությանն արձագանքեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։ Նրա կարծիքով ԵՄ գործողություններն ուղղված են Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։
«Այդ առաքելության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով որոշակի ներկայության հավանականությունը, ինչպես նաև հավանականությունը, որ առաքելությունը կսկսի աչքը գցել Ղարաբաղի տարածքին, ինչը կլինի նրա մանդատի խախտում, ստիպում է մեզ ասել, որ ռիսկեր կան»,— նշել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով՝ եթե փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունը Ղարաբաղում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում գտնվող ռուս խաղաղապահների և սահմանապահների համար։ Նման խնդիրներն սպառնալիք են անվտանգությանը ողջ տարածաշրջանում:
«Մեզ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, այս տարածաշրջանի բնակիչներին, արտատարածաշրջանային ուժեր պետք չեն՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար։ Սակայն Եվրամիությունն անում է հենց դա և դա անում է առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» ,-ասել է Բաքվում Ռուսաստանի դեսպանը ։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ԵՄ դիտորդների տեղակայման հարցով պարզաբանում տալուց առաջ նախ հիշեցրեց, որ ըստ Հայաստանի վարչապետի, նրանք հստակ առաքելությամբ են գալիս տարածաշրջան․
«Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս առաքելությունը պիտի գա Հայաստան համոզվելու, որ Հայաստանի ու Ռուսաստանի զորքերը այսպես ասած միասնաբար Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա կիրառելու ոչ մի ծրագիր չունեն։ Եթե այդ նպատակն ունեն, ուրեմն հասկանալի է այդտեղ ռազմական գիտելիքներ ունեցող ժանդարմների ներկայությունը։ Բայց ամեն դեպքում դա ռազմական ներկայություն համարել չի կարելի»։
Ութ ժանդարմի ներկայությունը միայն քաղաքական հնչեղություն կարող է տալ հարցին, կարծում է զրուցակիցս։ Առավել ևս, որ Ռուսաստանը, ըստ նրա, թույլ չի տա դիտարկել Հայաստանում իր զորամասերի գործունեությունը կամ շարժը։ Այդ առաքելությունը Հայաստանի տարածքում է տեղակայված լինելու և անգամ չի կարող մոտենալ Ադրբեջանի սահմանին, քանի որ դրա համար պետք կլիներ Բաքվի համաձայնությունը և անվտանգության երաշխիքներ, որ չեն կրակելու։ Սակայն նման համաձայնություն Բաքվի հետ չկա։
«Կարծում եմ, որ եթե ԵՄ կամ հավաքական Արևմուտքը ցանկություն ունենար պարզելու թե ինչ է տեղի ունենում այստեղ, դրա համար դիտորդների անմիջական ներկայության կարիք չկար։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արբանյակային հետազոտություններով մետրերի ճշգրտությամբ պարզել, թե որտեղ է գտնվում այս կամ այն զորքը, դա որ երկրի տարածքն է, քանի հոգի են, ինչ չափով են մխճվել և այլն։ Այսինքն՝ անմիջական ներկայության կարիք չկար», – ասում է Արմեն Բաղդասարյանը։
Նա համոզված է, որ դիտոդների նպատակը աշխարհաքաղաքական է՝ դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից։
Քաղաքագետ Արա Պողոսյանը համամիտ է այս դիտակմանը, բայց նաև շեշտում է ազգային անվտանգության տեսանկյունից դիվերսիֆիկացված քաղաքականության կարևորությունը․
«Կարծում եմ, որ այստեղ կողմերի միջև դիմակայությունից է գալիս, մասնավորապես՝ Ռուսաստան և Արևմուտք, որ մեկը փորձում է մտնել տարածաշրջան, մյուսը՝ փորձում է զսպել տարածաշրջան այլ ուժերի մուտքը։ Մեր ազգային անվտանգության տեսանկյունից տեղին է, որ մտածված և ռազմավարական պլանավորման միջոցով մեր անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելը»։
Քաղաքագետը, ժանդարմների ներկայության մասին խոսելով, նկատում է, որ անգամ զինված խաղաղապահները չեն կարողանում դիմակայել Ադրբեջանի սանձանձակ գործողություններին։ Ամեն դեպքում, ԵՄ դիտորդների շարքում զինված ներկայությունն, ըստ նրա, կարող է որոշակի զգոնացնող նշանակություն ունենալ։



















