Երևանում շարունակվում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջանային այցը։ Նրա հայաստանյան օրակարգում մի շարք հանդիպումներ են ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Բոնոյի քննարկումները առնչվում են Միացյալ Նահանգների աջակցությանը, որը միտված է համապարփակ խաղաղության հասնելուն, այդ թվում՝ արցախյան հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Բոնոյի այցը Երևան համընկել է մեկ այլ միջնորդի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի այցի հետ: Նա նույնպես առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ։ 

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջան է եկել փոխանցելու ԱՄՆ պետքարտուղարության հստակ ուղերձը՝  շարունակել ուղիղ երկխոսությունը։ Բաքվում ու Երևանում Բոնոն պաշտոնական հանդիպումներ է ունեցել, սակայն մամուլի ասուլիսով հանդես չի եկել։ Փոխարենը նույն այս թեմայով Վաշինգտոնում լրագրողների հետ շփվել է պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ չէ որևէ այլ երկրի միջնորդական ջանքերին․

«Սա հենց կողմերի հարցն է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր պատրաստակամությունը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա եղավ մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղության և անվտանգության մեջ է։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»։

Արցախի ոստիկանների վրա ադրբեջանցի դիվերսանտների հարձակմանը անդրադարձել են գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները՝ լարվածության աճը դատապարտելու և բանակցությունները շարունակելու կոչերով։ Դեպքից երկու օր անց միայն ՌԴ ՊՆ հրապարակած հաղորդագրության մեջ հստակ նշվում է մարտի 5–ի դեպքի իրական մեղավորը։

Ռուս խաղաղապահները հստակ արձանագրել են, որ ադրբեջանցները կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։ Ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ Հարձակվողներն ունեն երկու սպանված, մեկ վիրավոր։ Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ վերլուծում է իրավիճակը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության այս հաղորդագրությունը Ադրբեջանի կողմից արդեն թիրախավորվել է։ Պաշտոնական Բաքուն արդեն մեղադրել է Մոսկվային, իբրև թե սխալ տեղեկություն տարածելու մեջ։ Անվանական քննադատության դեպքում Ադրբեջանի կողմից կիրառվող թիրախավորումը միջնորդ–երկրներին նոր չէ ծանոթ։ Ադրբեջանը Ֆրանսիային արդեն մեղադրել է կողմնակալ լինելու մեջ և հրաժարվել, ըստ էության, այդ երկրի հետ աշխատել բանակցային սեղանի շուրջ։ Այս նրբությունը Արևմուտքի մյուս միջնորդները արդեն հասկացել են, «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ներսես Կոպալյանը, դրանով հիմնավորելով, թե ինչու է Արևմուտքը խուսափում անվանական մեղադրանքներից․

 «Իրենք չեն ուզում արձագանքեն, որովհետև այդ արձագանքը կքաղաքականացվի և խնդիրներ կստեղծի, երբ գալիս է բանակցության պրոցեսը։ Արևմուտքը գիտակցում է, որ Ադրբեջանը պատճառ է փնտրում, որ յուրաքանչյուր պահի ասի՝ անհավասարություն կա , այդ պատճառով արդար բանակցություն չի կարող լինի ու պետք է երևի պլատֆորմը փոխենք։ Այսինքն՝ պրոցեսը փորձեն բարդացնել։ Այդ բաները գիտակցելով, Արևմուտքը մի քիչ ավելի զգույշ է։ Բնականաբար, իրենք շատ լավ գիտակցում են՝ ինչ է լինում, եթե իրենք շատ կառուցողական չմոտենան այս խնդիրներին, աշխատանքը, որ տարել են կարող է փլուզվել»։

Բանակցությունների ներկա փուլի արժեքը Հայաստանի ընդդիմության համար այդքան էլ մեծ չէ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քննադատում է հատկապես բանակցային բովանդակությունը․ 

 «Այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկածը հազարապատիկ ավելի ցածր է, քան 88 թվականին ԼՂԻՄ–ի կարգավիճակը զարթոնքից առաջ։ Այս վերջին դիվերսիայով Ադրբեջանն այն խնդիրը լուծեց, որ պատմության մեջ առաջին անգամ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը մի կողմից հայտարարում է, որ ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախությունը անքակտելի իրավունք են և իրենք համամիտ չեն այլ ճանապարհով հարցի քննարկման, մյուս կողմից հայտարարում է, որ եթե Արցախում կան գործիչներ և ուժեր, որոնք ուզում են քննարկել ինտերգրումը (Ադրբեջանի հետ– խմբ․ ) իրենք ազատ են քննարկումների։ Այդպիսի բան ինչպե՞ս կարելի է ասել։ Սա քրեական հոդվածի հայտարարություններ է։ Այս ժողովուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10–ին հանրաքվեով ասել է իր կարծիքը»։

Պաշտոնական Երևանը այս փուլում առաջարկում է փաստաթղթային տարանջատում անել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող «Խաղաղության պայմանագրից» անջատելով Արցախի հիմնախնդրի կարգավորումը և դրա բանակցային ձևաչափը։

Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ներսես Կոպալյանը հերքում է այս հարցին առնչվող ընդունված տեսակետերը․

 «Արևմուտքը այդ անջատումը չի արել, որովհետև իրենք ասում են, որ պետք է մի հատ շատ լայն փաթեթ կառուցվի, որը կազմելու է «Խաղաղության պայմանագիրը»։ Իրենք գիտակցում են, որ մեկը մյուսի հետ կապված են, չենք կարող ունենալ պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի հետ, եթե Արցախի խնդիրը չի լուծվել։ Բայց միևնույն ժամանակ Արևմուտքի համար առաջին խնդիրը ներկա պահին Հայաստանի ինքնիշխանությունն է։ Դրա համար, իրենք ահագին դիվանագիտական ճնշումներ են դնում Ադրբեջանի վրա, որ նա չփորձի անի այն, ինչ արեց անցած տարվա սեպտեմբերին։ Կոպիտ ասած, դա դարձել է նոր «կարմիր գիծը»։ Ադրբեջանը դա գիտակցելով, որ Հայաստանի հանդեպ չի կարող կիրառել հիբրիդային պատերազմի տարրերը, այդ ամենից զրկվելով, հիմա այդ նույն մակարդակի ճնշումներ փորձում է կիրառել Արցախի վրա»։ 

Մինչ նախօրեին Բաքվում համընկել էին Լուիս Բոնոյի և Տոյվո Կլաարի այցերը,  մարտի 7-ին Երևան է այցելել  ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը:

Նրա հետ հանդիպմանը Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն