Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Այս տեղեկությունը հաստատել էր ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, միևնույն ժամանակ զերծ մնալով մեկնաբանել քվոտայից հրաժարվելու պատճառը։

Փորձագետները նկատում են, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ցույց է տալիս իր դժգոհությունը  ՀԱՊԿ–ից, և դա արտացոլում է իշխանությունների հետևողականությունը ՀԱՊԿ վերաբերյալ դիրքորոշումների առումով։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը այդ կազմակերպության հետ հակամարտության մեջ մտնել է նշանակում՝ կարծում է քաղաքագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ դրանով ընդամենը իրականացվում են արևմտյան հովանու ներքո ձեռք բերված ՀԱՊԿ-ին տարածաշրջանից դուրս մղելու պայմանավորվածությունները.

 «Սա  արդեն կարելի է դիտարկել որպես քայլ՝ ՀԱՊԿ-ի հետ հակամարտության մեջ մտնելու կամ  ՀԱՊԿ-ից հրաժարվելու։ Մեր ժողովուրդը չի պատկերացնում այս խաղը»։   

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ, մինչդեռ, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանը խնդիրներ ունի և ակնհայտ է, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա առաջին հերթին բանակի արդիականացման ու բարեփոխումների հարցում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետը նաև այսպիսի ձևակերպում տվեց. 

«Հայաստանի իշխանությունները, կարծես թե, երկչոտում են ռեալ քայլեր իրականացնել։ Դրա փոխարեն կիսաքայլեր են իրականացնում, դժգոհություն հայտնելով ՀԱՊԿ-ից՝ հրաժարվելով զորավարժություններից, այս անգամ էլ՝ հրաժարվելով գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Հուսանք, որ գոնե այդ կիսաքայլերի միջոցով, ի վերջո, ինչ-որ մի հանգուցալուծման կգանք»։ 

Ղևոնդյանը , «հանգուցալուծում»  ասելով, նկատի ունի նախ՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, ինչին , սակայն, քիչ է հավատում։ Նա միանշանակ կարծում է, որ շատ ավելի լավ կլինի, որ Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հուսանք, որ այս կիսաքայլն էլ այդ ճանապարհի ինչ-որ մի մաս է՝ ասում քաղաքագետը։

Իսկ ի՞նչ հետևանք կարող է ունենալ դա. Ղևոնդյանը չի կարծում, որ կարող են լինել հետևանքներ, որոնք ավելի ծանր կլինեն Հայաստանի համար, քան եղել են մինչև հիմա տեղի ունեցած գործընթացներում։

«Նկատի ունեմ հենց հրաժարվելը՝ ստորագրել ՀԱՊԿ-ի բանաձևը Երևանում, Հայաստանում զորավարժությունների չեղարկելը, դրսում կայացող զորավարժություններին չմասնակցելը։ Սա ևս այդ շարքի քայլերից մեկն է և ես չեմ կարծում, որ հենց այս քայլը պետք է ունենա հետևանքներ, որոնք չէին ունեցել նախորդ քայլերը»,– ասում է քաղաքագետը։   

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհությունների մասին Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել։ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Այդ պահանջը, սակայն, կազմակերպությունն այդպես էլ չկատարեց։ Այս տարեսկզբին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա, քանի որ ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը նոյեմբերին էլ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը, որը կազմակերպության կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին էր։ Ըստ որոշ փորձագետների՝ քայլերի այս հաջորդականությունը հետևողականորեն տանում է մեր տարածաշրջանից ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դուրսմղմանը։ Դրա համար հարմար առիթ տեսնում է նաև Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը։ Այդ առումով միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հետևյալ դիտարկումն է անում.

 «Հարավային Կովկասը հարևան է Իրանին, որը ԱՄՆ-ի թիվ մեկ հակառակորդն է, հարևան է Ռուսաստանի Դաշնությանը, որը թիվ մեկ մրցակիցն ու էլի հակառակորդն է, հարևան է նաև Թուրքիային, որը Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է։ Բնականաբար, ԱՄՆ-ն շատ ավելի մեծ ցանկություն ունի այս տարածաշրջանում ազդեցություն ունենալ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի միջոցով»։

Անդրադառնալով Հայաստանի անվտանգային համակարգի այլընտրանքին վերաբերող հարցին, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը անհասկանալի է համարում, իր ձևակերպմամբ, չգործող կառույցին այլընտրանք փնտրելը։

 «ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, փաստացի, չգործող կառույց է։ Եթե այն չի գործում և միաժամանակ, այսպես ասեմ,  Հայաստանի հնարավորությունները սահմանափակել է, ապա նրանից պետք է ազատվել։ Իսկ «այլընտրանք ասելով», եթե նկատի ունենք, որ մենք պետք է ՆԱՏՕ-ին անդամագրվենք կամ նման ինչ-որ կառույցների, ես չեմ կարծում, որ Հայաստանը դրա հնարավորությունն այս պահին ունի։ Շատ քիչ հավանական է, որ Հայաստանը դրա հնարավորությունն ունի, իսկ մյուս կողմից էլ՝ չի էլ գնահատվել, թե դրա շահերը ինչքանով  կհամընկնեն Հայաստանի երկարաժամկետ սպասելիքների, շահերի հետ։ Այնպես որ՝ այստեղ խնդիրը ոչ թե այլընտրանք գտնելն ու փոխարինելն է, այլ այստեղ խնդիրը սահմանափակումներից ազատվելն է, որից հետո արդեն մենք բաց և ազատ կկարողանանք հաղորդակցվել աշխարհի այլ ռազմական համակարգերի հետ և փորձենք ինչը, որ հնարավոր է, որտեղ որ հնարավոր է տարբեր համակարգերի տարբեր տարրեր ներմուծել Հայաստան։ Ես նկատի ունեմ առաջին հերթին ռազմական տեխնիկա գնել ու բերել Հայաստան՝ հայկական բանակը վերազինելու համար, բարեփոխելու համար»,– ասում է քաղաքագետը։   

Այդ ամենի հետ ՀԱՊԿ-ը շատ ուղիղ կապ ունի և մեծ չափով խանգարում է այս պահին՝ եզրակացնում է քաղաքագետը, հակադարձելով այն դիտարկումներին, որ կազմակերպությունն այդ ամենի հետ կապ չունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն