Ադրբեջանը նոր պատերազմ կարող է սկսել ապրիլի վերջին. Փաշինյանը դրան պատասխանում է խաղաղություն աղերսելով
Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եվրոպական երկրներում խաղաղություն է մուրում՝ խնդրելով եւ աղերսելով, որ եթե Ադրբեջանը նորից հարձակվի Հայաստանի վրա, այսպես կոչված, միջազգային հանրությունը կանխի այդ հարձակումը, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Փաշինյանը Բեռլինում թախանձագին խնդրում է. «Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որեւէ պրովոկացիա կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, եւ շատ կարեւոր է, որպեսզի պահպանվի կայունությունը»: Այդ նույն ժամանակ Ալիեւը եւ Ադրբեջանի իշխանության այլ ներկայացուցիչներ խոսում են Արեւելյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի անխուսափելիության մասին՝ որպես Հայաստանի տարածքի նկատմամբ ունեցած իրենց հավակնությունների արդարացման միջոց։ Պետք է նկատի ունենալ, որ Փաշինյանը խաղաղություն եւ կայունություն է աղերսում ոչ թե Հայաստանի, այլ սեփական իշխանությունը պահելու եւ Հայաստանի հաշվին հավելյալ հարստություն կուտակելու համար: Միջազգային հանրությունը չի պատրաստվում Փաշինյանի եւ նրա շրջապատի հարստացման երաշխավորը լինել եւ նրա աղիողորմ ու լալահառաչ տեքստերն ընկալում է նողկանքով ու արհամարհանքով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր հարձակման սպառնալիքին, ապա այն դառնում է առավել քան իրական: Ադրբեջանը հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը եւ նրա անվտանգության համակարգը հասցրել է մի այնպիսի վիճակի, որ ընդունակ չէ ապահովելու երկրի ամբողջականությունը եւ պաշտպանությունը: Եվրոպացի դիտորդների կողմից Ալիեւը որեւէ մտահոգություն չունի, նրանք հնարավոր է՝ արձանագրեն Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, կոչ անեն վերադառնալ նախկին դիրքերին, բայց դրանով ամեն ինչ կսահմանափակվի: Ի վերջո, արդեն 6 ամիս ԱՄՆ-ի եւ եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչներ Ադրբեջանին կոչ են անում՝ վերադառնալ մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սահմանները, բայց Ադրբեջանն արհամարհում է այդ պահանջները: Կասկած չկա, որ նույն իրավիճակն է լինելու նոր պատերազմի եւ նոր տարածքային կորուստների դեպքում:
Իրանը հիմա ինքն է կանգնած նոր հարձակման սպառնալիքի առաջ եւ բացի բանավոր հայտարարություններից դժվար թե Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ռազմական միջամտության դիմի: Մանավանդ որ Ադրբեջանը պատերազմը սկսելու է ոչ թե Իրանի սահմանակից Մեղրիում, այլ հայ-իրանական սահմանից 250-300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում: Հայաստանի անվտանգության ապահովման հարցում միակ երկիրը, որը գոնե իրավապայմանագրային հարթությունում պարտավորություններ ունի, Ռուսաստանն է: Ճիշտ է՝ Փաշինյանին հաջողվել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները հասցնել թշնամական մակարդակի եւ հայտարարել, որ ռուսական բանակի ներկայությունը Հայաստանում սպառնալիք է երկրի անվտանգությանը, բայց, անկախ դրանից, Հայաստանի կամ նրա տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից հակասում է նաեւ Ռուսաստանի շահերին: Ռուսաստանին ամենեւին պետք չէ, որ Ադրբեջանը, գրավելով Հայաստանի տարածքը, կարողանա ցամաքային սահման ունենալ Թուրքիայի հետ՝ դրանով ընդհանրապես դուրս գալով իր ազդեցության գոտուց: Բայց կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Ռուսաստանը ֆիզիկապես չկարողանա միջամտել եւ կանխել Ադրբեջանի հարձակումը: Իսկ նման իրավիճակ կարող է ստեղծվել մեկ-մեկուկես ամիս հետո՝ մոտավորապես ապրիլի կեսերին, ինչն անմիջականորեն կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ:
Առաջին հայացքից Ռուսաստանը հիմա հարձակվողի դերում է, իսկ Ուկրաինան՝ պաշտպանվողի: Այս տարի արդեն Ուկրաինան կորցրել է Սոլեդար քաղաքը, տասնյակից ավելի մանր բնակավայրեր, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտ քաղաքը ռուսական բանակի կողմից ենթարկվում է ամենօրյա գրոհների՝ գտնվելով կիսաշրջապատված վիճակում: Բայց ռազմական փորձագետներն ասում են, որ Ուկրաինան հիմա ժամանակ է շահում, որ արեւմտյան երկրներ ուսուցման գնացած իր տասնյակ հազարավոր զինվորները եւ սպաները հասցնեն ավարտել ուսուցման պրոցեսը եւ վերադառնալով ռազմաճակատ՝ սկսեն գարնանային հակահարձակումը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հարավում՝ նպատակ ունենալով հետ գրավել Բերդյանսկ եւ Մելիտոպոլ քաղաքները, այդպիսով կտրելով Ռուսաստանի ցամաքային կապը Ղրիմի հետ՝ կրկին դուրս գալ Ազովի ծով: Ուկրաինան հակահարձակման համար կուտակում է ոչ միայն պատրաստված զինվորականներ, այլեւ հարյուրավոր միավոր ռազմատեխնիկա եւ ռազմամթերքի բավարար պաշար: Արեւմտյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակում, որտեղ երեւում են Լեհաստանում եւ Գերմանիայում Ուկրաինայի համար հավաքված ռազմատեխնիկայի ահռելի պաշարները: Ամենայն հավանականությամբ, այդ հակահարձակումը կսկսվի ապրիլի երկրորդ կեսից, երբ եղանակային պայմանները բավարար կլինեն տեխնիկայի առաջխաղացման համար:
Եթե Ուկրաինայի բանակն իսկապես կարողանա ճեղքում իրականացնել հարավային ուղղությամբ, հասնի մինչեւ Ազովի ծով, դա կլինի Ռուսաստանի զինված ուժերի եւ ռազմաքաղաքական ղեկավարության ֆիասկոն: Ռուսաստանի հասարակությանն արդեն մեկ տարի բացատրում են, որ մարդկային եւ նյութական ահռելի կորուստները եղել են հանուն հաղթանակի, հանուն ռուսական պատմական հողերի վերադարձի: Այդ դեպքում կստացվի, որ Ռուսաստանի եւ ռուսական հասարակության այդ զոհողությունները եղել են անիմաստ, եւ, ընդհակառակը՝ Ռուսաստանը, բացի մարդկային կորուստներից, ստանում է նաեւ իմիջային կորուստներ: Նման պայմաններում խոսել այն մասին, որ Ռուսաստանը կարող է մտածել կամ ինչ-որ գործողություններ ձեռնարկել Հայաստանում ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, այն հեռանկարով, որ մի պարտություն էլ կարող է ստանալ կովկասյան ռազմաճակատում, անիմաստ է:
Թվում է, թե վիճակն անհուսալի է: Անհուսալի այնքանով, որ Փաշինյանը եւ նրա արտաքին քաղաքական ուսուցիչները, այնպիսիք, ինչպիսիք Ժրայր Լիպարիտյանն ու նրա մտածողությունը կրող այլ գործիչներն են, արդեն հինգ տարի գործում են այն տրամաբանությամբ, որ Հայաստանը կարող է համերաշխության եւ խաղաղության հասնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ ստանալով միջազգային անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ նման՝ կյանքից ու իրականությունից կտրված տեսությունները Հայաստանին հասցրել են ինքնապաշտպանության եւ իմունիտետի լրիվ ոչնչացման՝ երկիրը մատնելով բախտի քմահաճույքին: Փաշինյանը երկիրը հասցրել է մի վիճակի, որ Հայաստանի գոյության հարցն այլեւս կախված է մեր շուրջ զարգացող իրադարձություններից: Դրա համար էր Փաշինյանը վստահ պնդում, որ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է՝ հասկանալով, որ այդ ուղղությամբ իր կողմից գործադրված ջանքերը բավական արդյունավետ են եղել:
Ավետիս Բաբաջանյան