Իրավիճակը հանգուցալուծելու Փաշինյանի «մեսիջը» միջազգային հանրությանը՝ ըստ փորձագետների
Եթե ՌԴ-ն չի կարող խաղաղապահի իր դերն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ Արցախում միջազգային մեխանիզմներ գործարկելու հարցով։ Կառավարության այսօրվա նիստում այսպիսի հայտարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փորձագետները նկատում են, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է, ինչ խոսում են անվտանգության հավելյալ միջազգային երաշխիքներ ներդրելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրանց, սակայն, ներկայումս դժվար է նշել, թե որոնք կարող են լինել այդպիսիք, քանի որ, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ուժային կենտրոններում որևէ հարցի հետ կապված միասնական մոտեցում չկա։
Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, Արցախի Պաշտպանության բանակի գոյությունն արդարացված է՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ի կառավարության նիստում: Նրա խոսքով, սակայն, ՊԲ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը.
«ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունն ու ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի մասին, և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»։
Փաշինյանը նաև շեշտեց, որ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ․
«Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ՝ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանների ու քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել ՌԴ խաղաղապահ զորախմբի առաձնահատուկ դերը, վաստակն այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել, ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»։
Նիկոլ Փաշինյանը կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այդ հարցով վարչապետը ԱԳՆ-ին համապատասխան հանձնարարականներ է տվել․ «Ուզում եմ հիշեցնել, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ»։
Վարչապետը դա կարևոր և անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանն իր անհիմն պնդումներն այն մասին, թե իբր Հայաստանը ռազմական փոխադրումներ է իրականացնում դեպի Արցախ, չդարձնի տարածաշրջանային նոր էսկալացիայի պատրվակ։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս թեմայով խոսվել է նաև 2022-ի դեկտեմբերի 6-ի պրահյան հանդիպման ժամանակ։ Առանց միջազգային մեխանիզմի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կձախողվեն և մոռացության կմատնվեն Բաքվի կողմից, ասաց Փաշինյանը։
Փորձագետները նկատում են, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին։
Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը կարծում է, որ դա բխում է առաջին հերթին արցախահայության շահերից, քանի որ նրանք էլ տեսնում են, որ իրականում ռուսական խաղաղապահ զորակազմը լիարժեքորեն չի ապահովում իր վրա դրված պարտականությունները․
«Չի կարողանում, թե չի ցանկանում՝ հարցի մյուս կողմն է, ես այս պահին չէի ցանկանա մեկնաբանել դա, քանի որ այն խորը ուսումնասիրության առարկա է»։
«Փաշինյանը կրկին նման հարցադրում արել է, խոսելով այն մասին, որ ճիշտ կլիներ, որ Ռուսաստանը բարձրացներ հարցը, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը հարցը չի բարձրացնելու։ Սա ավելի շատ հաղորդագրություն է միջազգային հանրությանը, որ տվյալ պահին ունենք այսպիսի իրավիճակ և այս իրավիճակը հանգուցալուծելու համար անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր»,– կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Այն, որ Ադրբեջանը չի կատարում ոչ մի պայմանավորվածություն, այդ թվում՝ բրյուսելյան ու պրահյան պայմանավորվածությունները, ստիպում են, որ Փաշինյանը երաշխիքներ պահանջի, որ հետագա պայմանավորվածություններն ու գործընթացները կլինեն ըստ կանխատեսվածի, կարծում է Ղևոնդյանը․
«Հնարավոր չի լինի խոսել մեկ բան, բայց գնալ ու անել մեկ այլ բան։ Բայց այստեղ շատ դժվար է դրան հասնելը։ Ես նույնիսկ կնշեմ, որ մոտ ժամանակներս անհնար է դրան հասնելը՝ առաջին հերթին հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը։ Այն, որ ուժային կենտրոնները չունեն ընդհանուր մոտեցումներ ոչ մի հարցի վերաբերյալ ու, այսպես թե այնպես, Ադրբեջանը կարողանալու է խաղալ ուժային կենտրոններից որևէ մեկի ընդդիմանալու հարցը օգտագործելով»։
Փորձագետներն առաջնահերթություն են համարում հստակ մեխանիզմների ձևավորումը, որոնք կերաշխավորեն ձեռք բերված համաձայնությունների կատարումըԱդրբեջանի կողմից։
Ըստ ժիրայր Ազիզյանի՝ Արևմուտքում էլ այդ անհրաժեշտությունը տեսնում են։ Թե ինչպիսին կարող են լինել դրանք, փորձագետները դժվարանում են ասել։ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը կարո՞ղ է լինել նման երաշխիք. քաղաքագետի դիտարկմամբ՝ դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի առաքելություն է ունենալու այդ փաստահավաք խումբը․
«Մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանը նույնիսկ ՄԱԿ-ի դատարանի կողմից կայացված որոշումը չի կատարում, արհամարում է։ Պետք է հասկանանք, որ այս տրամաբանության մեջ ունենք միջազգային դատարան, բայց «ոստիկան» էլ է պետք, որը որ կստիպի կատարել այդ դատարանի որոշումը»։
Մյուս կողմից էլ, ըստ փորձագետների, սա մի գործընթաց է, որի մեջ է Հայաստանը ու պարտավոր է այդ գործընթացը շարունակել՝ ընթացքում նաև հզորանալով, բարեփոխումներ իրականացնելով բանակում և սպասելով հնարավոր ավելի հարմար իրավիճակների։



















