Բաքուն չի ցանկանում զիջումների գնալ, իսկ Հայաստանը նոր զիջումների տեղ այլևս չունի
Ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Հարավային Կովկասում են․ մեկը՝ Երևանում, մյուսը՝ Բաքվում։ Նրանք խոսում են խաղաղության օրակարգն առաջ մղելու մասին։ Փորձագետները, սակայն, կարծում են, որ խաղաղության շուրջ ճեղքումն ավելի նկատելի է դառնում։ Նրանց ձևակերպմամբ՝ Բաքուն չի ցանկանում զիջումների գնալ, իսկ Հայաստանը նոր զիջումների տեղ այլևս չունի։
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռ հանդիպման ընթացքում առանցքային քննարկումը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ էր:
Ամերիկացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում էր։ Այդ երկրի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպման ժամանակ վերջինը մեղադրել է Հայաստանին 2020թ. նոյեմբերի 9-ի պարտավորությունները չկատարելու մեջ, շեշտել է իբր հայերի կողմից ադրբեջանական գյուղերի օկուպացիայի շարունակման մասին։ Ի վերջո` դժգոհել է, թե «Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերը»։ Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի՝ այսպիսով Բաքուն ցույց է տալիս իր դժգոհությունը այն առիթով , որ Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվում հանդիպելու առաջարկից։
«Ստեփանակերտի վերջին առաջարկը՝ հանդիպում կազմակերպել Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում, խոշոր հաշվով բավարարում է թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի մոտեցումները։ Այդ հանդիպումներում որպես միջնորդ են ներկայանում ռուս խաղաղապահները, ինչը Հայաստանը ներկայացնում է որպես միջազգային հանրության մասնակցություն, իսկ Բաքուն ներկայացնում է, որ ռուսներն ընդամենը ներկա են եղել և որ դա միջազգային ձևաչափ չէ։ Խնդիրն ամբողջապես լուծելու համար Բաքուն Ստեփանակետին առաջարկում է հանդիպում Բաքվում, ինչին դեմ է Արցախը, և հենց այստեղ է Բայրամովի դժգոհությունը»։
Բաքվի կողմից միջազգային հանրությանը սուտ տեղեկությունների տրամադրումը իրավիճակն ավելի լարելու նպատակ ունի, և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ զարգացումները հուշում են, որ խաղաղության շուրջ ճեղքումն ավելի խորանալու է։
«Իրականությունն այլ է․ խաղաղության սպասելու իրական հիմքեր չկան, ընդամենը պետք է դիմագրավել առաջիկա մարտահրավերներին։ Իսկ այդ մարտահրավերները լինելու են ու բավականին սուր են լինելու, օրինակ՝ սադրանքների ավելի կոշտացումն է, սահմանային միջադեպերի ավելի արյունալի դառնալն է, Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմի տարբեր գործիքների գործադրումն է։ Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի։ Իհարկե, ինչ–որ առումով պատրաստվում ենք»։
Հայաստանը պետք է խորացնի ռազմական համագործակցությունը տարբեր երկրների հետ՝ ըստ քաղաքագետի, ինչը, նրա կարծիքով, մասնակիորեն է արվում։ Իսկ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների ու պաշտոնյաների այցերն ու քննարկումները Երևանում ու Բաքվում ցույց են տալիս, որ այդ երկիրը հասկանում է, որ կան անլուծելի հարցեր։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ իրականում չկա ԱՄՆ միջնորդություն, կան ամերիկյան շահեր, որոնք հայանպաստ լուծումների ակնկալիք չեն թողնում։
«ԱՄՆ–ն ունի մեկ խնդիր, շատ արագ դուրս թողնել ՌԴ-ին տարածաշրջանից և զբաղվել Իրանով։ Թե ինչ կլինի հետո արցախահայության հետ, դա զրո նշանակություն ունի ԱՄՆ-ի համար»։
Միջազգայնագետի համար տարօրինակ է, թե ինչու իր վերջնական խոսքը չի ասում Ստեփանակերտը ստեղծված իրավիճակում և ինքնուրույն համագործակցություն չի սկսում Ռուսաստանի ու Իրանի հետ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևանդյանի դիտարկմամբ՝ ստեղծել է մի իրավիճակ, որ Ադրբեջանը չի ցանկանում զիջումների գնալ, իսկ Հայաստանն էլ նոր զիջումների տեղ այլևս չունի։