Ադրբեջանը ոտնձգություններ է իրականացնում հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ միջազգային հանրության արձագանքը դարձյալ հասցեական չէ։ Մոսկվայից զսպվածության կոչ հնչեց՝ ուղղված երկու կողմերին։ Քաղաքագետները դա ռուսական մտավախություններով են բացատրում։ Ի տարբերություն ռուսական արձագանքի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար։ Սակայն փորձագետները կարծում են, որ միջազգային հանրությանը կոնսոլիդացիա է պետք Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում։

Սոթքում հակառակորդի կողմից իրավիճակի սրման պայմաններում Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին: Պեսկովը նաև հայտնել է, որ իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ներկայում նախատեսված չեն:

«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի, մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ», — ասելէ նա։

Պեսկովի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»։

Կրեմլի կողմից ոչ հասցեական արձագանքը Սոթքում իրավիճակի սրացումից հետո քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պայմանավորում է Բաքվի ու Անկարայի հետ Մոսկվայի հարաբերությունները չփչացնելու մտավախություններով։ Հայաստանի ռազմավարական դաշնակցի այդ շրջահայացությունն, ըստ նրա, երկու հիմնավորում ունի․

«Մտավախություն կա, որ Բաքուն երկրորդ ճակատ չբացի, և մյուս կողմից Մոսկվայի համար մտավախություն է Հայաստանի խորը ինտեգրացիայի հնարավորությունը եվրոպական ու ամերիկյան կառույցների հետ, այնպես որ, այս հարցը երկու շերտ ունի»։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրետանային և ականանետային միջոցներից Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումից առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Արցախում ստեղծած հումանիտար ճգնաժամի համար․

 «Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց պարզ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և էլեկտրաէներգիան անջատում է կարևոր ենթակառուցվածքների համար»,-Թվիթերում գրել է Մենենդեսը։

«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար պատժամիջոցները պետք է լինեն սեղանի վրա, որպեսզի ճնշում գործադրենք Լաչինի միջանցքը բացելու համար»,-կոչ է արել Մենենդեսը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ միջազգային հանրության առկա արձագանքը բավարար չէ Բաքվին զսպելու համար․ «Որպեսզի Բաքվի վարքագիծը փոխվի, կոնսոլիդացված գործողություններ են պետք միջազգային հանրության կողմից։ Միջազգային դաշտում շատ դանդաղ են գործում, իսկ Արցախում պաշարները սպառվում են»։

Նա միջազգային արձագանքը երկու իրադարձություններով է պայմանավորում՝ ռուս- ուկրաինական պատերազմում ժամանակավոր հրադադարով ու Թուրքիայում մայիսի14-ին նախատեսված նախագահական ընտրություններով․

«Եթե ընտրվեց Էրդողանը, պատժամիջոցները՝ թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի դեմ շատ ավելի իրատեսական են լինում, բայց քանի դեռ սա տեղի չի ունեցել, ակտիվ գործողություններ են պետք Հայաստանի կողմից բանակի վերակառուցման և շատ ավելի ինտենսիվ աշխատանք է պետք ոչ միայն արևմտյան ուղղությամբ, այլև Չինաստան, Հնդկաստան, Իրան ուղղությամբ»։

Բացի այդ, Ադրբեջանում արդեն քննարկել են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, եթե իրենց դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Ադրբեջանական գազը Թուրքիայով է անցնում և իրացվում, իսկ նավթամթերքի հիմնական արտահանումն իրականացվում է դեպի Իտալիա։ Ըստ այդմ, փորձագետի խոսքով, Բաքուն պատրաստ է իր դեմ պատժամիջոցների կիրառմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն