Քաղաքակա՞ն, թե՞ տեխնիկական ընտրություններ․ վերլուծական
Մեկ բան հստակ է՝ իշխանությունները, նրանց կցված հաճախորդ–թեկնածուները փորձելու են ընտրություններին տալ տեխնիկական տեսք։ Այսինքն՝ խոսել զուտ քաղաքի թեմայով, տալ սուտ, նյուվասյուկիստական խոստումներ մետրոյի, Երիտասարդական պալատի և այլնի թեմաներով։ Նիկոլ Փաշինյանն ուզում է Երևանի ընտրություններին մասնակցել իր դրածո Ավինյանով և իր քաղաքական թերմացքներով, որոնց հետ ժամանակին դաշինք է կազմել, համատեղ աշխատել կամ պարզապես օգտագործել այս կամ այն առիթով։
Իշխանությանը ձեռնտու է չնկատելու տալ, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրն անվտանգային է, որ Երևանում ասֆալտ անելու համար պետք է դեռ պայքարել, որ մեր մայրաքաղաքը «Էրիվան» չդառնա։
Եթե որևէ քաղաքական ուժ կամ թեկնածու չի նկատում, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Արցախը դառնում է ադրբեջանական և հարցականի տակ է հայտնվում Հայաստանի գոյությունը, ապա հստակ է, որ գործ ունենք ֆեյք ուժի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի խոսքեր կհնչեցվեն Տիգրան Ավինյանի հասցեին։
Ճիշտ հակառակ գնահատականը պետք է տալ այն դեպքում, երբ Երևանի ընտրությունները դիտարկվում են նախ և առաջ որպես քաղաքական գործընթաց և իշխանափոխության հասնելու միջոց։ Ովքեր այս սկզբունքով են դիտարկում ընտրությունները, իրական ընդդիմադիր ուժեր են։
Խիստ անհրաժեշտ է, որ հանրային մթնոլորտ ձևավորվի իշխանափոխության և Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխության գաղափարի շուրջ։ Մթնոլորտի ձևավորման պարագայում, հակաիշխանական դաշտն ավտոմատ կերպով կմիավորվի, ֆեյք ուժերն էլ կհայտնվեն լուսանցքում։