Մոսկվայից կրկին զգուշացնող հայտարարություններ են հնչում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման առնչությամբ։ Հայաստանում սակայն հստակեցնում են, որ Հռոմի ստատուտի հնարավոր վավերացումը Մոսկվայի դեմ չի ուղղված։ Դա Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային քրեական տրիբունալի առջև կանգնեցնելուն միտված գործողություն է։

Հռոմի ստատուտը վավերացնելով Հայաստանը կսադրի՞ Ռուսաստանին, թե՞ կկարողանա քրեական հետապնդման ենթարկել ՀՀ դեմ ռազմական հանցագործություններ իրականցնողներին։ Փորձագիտական կարծիքներն այս հարցում խիստ տարբերվում են միմյանցից։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը համոզված է, որ Հռոմի ստատուտի վավերացման տակ այլ քայլերի հաջորդականություն է թաքնված․

«Այդ վավերացումով Հայաստանը սադրում է Ռուսաստանին, որպեսզի նա հրապարակային, կոշտ վերաբերմունք ցույց տա Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ ՀՀ իշխանություններն էլ դրանից օգտվելով փորձեն Ռուսաստանին այստղից դուրս դնելու գործընթացը արհեստականորեն արագացնել։ Ռուսաստանը ոչ մի քայլի չի գնա, շատ լավ հասկանալով, որ Հայաստանը կատարում է ԱՄՆ հրահանգները»։

Ի՞նչ է ենթադրում Հռոմի ստատուտի վավերացումն ու Հաագայի դատարանի իրավազորությունը ճանաչելը։ Այս հարցը հրատապ դարձավ հատկապես ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումից և սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների դաժան սպանություններից հետո։ Դրանք փաստող տեսանյութերը տարածվեցին համացանցում, հասան միջազգային կառույցներին, սակայն Հայաստանը հնարավորություն չուներ դիմելու Հաագայի դատարան՝ Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվության հարցը քննելու համար։ Այդ հնարավորությունն օգտագործելուն խանգարում էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացված չլինելը Հայաստանի կողմից։ Իսկ փաստաթուղթը չէր վավերացվել, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թվականին դրանում Մայր օրենքին հակասող դրույթներ էր տեսել։

Սակայն այս տարվա մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։

Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը հենց սկզբից՝ 2022 թվականի դեկտեմբերից զուգորդվեց Ռուսաստանից հնչող նախազգուշացումներով, քանի որ հենց այդ ժամանակ Հաագայի դատարանը որոշում կայացրեց Ռուսաստանի նախագահին ձերբակալելու մասին։

 Մոսկվայից հերթական նախազգուշացումը տարածվեց երկու օր առաջ։ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը հայտարարեց, որ Հայաստանի հնարավոր միացումը Հռոմի ստատուտին իրականում կնշանակի Երևանի կողմից Հաագայի տրիբունալի իրավասության ճանաչում բոլոր գործերի առնչությամբ․

«Կարծում ենք, որ մեր հայ գործընկերների այս քայլը չունի հակառուսական ենթատեքստ, բայց, գործնականում շոշափելի վնաս կհասցնի ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար»,- ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտել էր, որ Մոսկվան ակնկալում է, որ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման շուրջ իրավիճակը Հայաստանում դաշնակցային ոգուն համահունչ կլուծվի։ Մինչ այդ էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր անդրադարձել հարցին ու նշել, որ ՄՔԴ կատարում է միայն Արևմուտքի հրամանները։ Այսպես էր նա մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին դատարանի որոշումը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն, արձագանքելով ռուսական կողմից այս մտահոգություններին, հստակեցնում է․

«Հռոմի ստատուտի ընդունման հարցը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։ Ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ դեռ 44-օրյա պատերազմից հետո է խոսել Հռոմի ստատուտը վավերացնելու անհրաժեշտության մասին։ Այդ քայլով Հայաստանը հնարավորություն կունենա  Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հայց ներկայացնել Հաագայի դատարան․

«Այնքան է ճգնաժամը խորացել, որ այլևս ոչինչ չի մնում։ Եթե ժամանակին կային քաղաքական նկատառումներ, որոնցից ելնելով մտածում էինք առժամանակ դեռ կարելի է չվավերացնել, այդ թվում նաև ՌԴ գործոնը հաշվի առնելով, ապա հիմա կարծում եմ ժամանակն է»։

Քաղաքագետը Գուրգեն Սիմոնյանն էլ գտնում է, որ Ռուսաստանի շահն այստեղ առաջնահերթ չէ, քանի որ Մոսկվան չի կատարում ոչ միայն դաշնակցային պարտավորություններն, այլև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները․

«Վավերացնենք Հռոմի ստատուտը, որպես մի գործիք, որով Հայաստանի Հանրապետությունը կդառնա միջազգային քրեական դատարանի լիազորությունները ճանաչող երկրների հանրույթի մաս, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությանը քրեական հետապնդման ենթարկել այն անձանց՝ զինծառայողից մինչև նրանց գերագույն գլխավոր հրամանատար որոնք կհանդգնեն Հայաստանի Հանրապետության կամ ԶՈՒ, խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործություններ իրականացնել, այսինքն՝ ասկյարից մինչև Ալիև զգուշավորության չափաբաժին կունենան այդպիսով, որ կկանգնեն արդար ՄՔԴ առաջ, այնպես, ինչպես Միլոշևիչը կանգնեց։ Այնպես որ՝ Հռոմի ստատուտը հույժ կարևոր է, որպեսզի վավերացվի»։

Հռոմի ստատուտի վավերացումը ենթադրում է նաև դատարանի հետադարձ իրավազորություն, ինչը նշանակում է, որ այն կարող է տարածվել նաև նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա։

Սակայն փաստաթղթի վավերացումը ոչ միայն հնարավորություններ, այլև ռիսկեր է պարունակում նաև Հայաստանի համար։ Բաքուն ևս, ըստ միջազգային իրավունքի մասնագետների, կարող է օգտվել առիթից, որ Հայաստանը վավերացրեց և կարող է դիմել Միջազգային քրեական դատարան, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի ՀՀ բարձրաստիճան անձանց կամ նախկին գեներալների նկատմամբ։ Եվ ժամանակին հենց այդ պատճառով է, որ փաստաթուղթը հակասահմանադրական է ճանաչվել Հայաստանում։

Այսօր այն վավերացնելու համար պետք է շտկումներ անել, բայց նաև Սահմանադրությունը պետք է շտկել։

Ստացվում է, որ Միջազգային քրեական դատարանը կարող է իր ձեռքը վերցնել տվյալ պետության ներսում քրեական հետապնդում իրականացնելու լիազորությունը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում, կարծում են վերլուծաբանները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն