Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով այն, ինչ որակել է որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականապես դրդված արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ CCAF-ը խորին ափսոսանքով և առավելագույն վճռականությամբ դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված բռնաճնշումները։ Այս սրացումը նոր՝ առավել վտանգավոր փուլ է թևակոխել՝ Սրբազան Հայրապետ Գարեգին Բ-ի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված անհիմն և ապօրինի հետապնդումներով, այնպիսի գործողությունների համար, որոնք ակնհայտորեն գտնվում են բացառապես հոգևոր իշխանության իրավասության ներքո։ Քաղաքական բնույթի այս արշավը՝ ուղղված Հայ Եկեղեցու գերագույն առաջնորդի և նրա հոգևորական դասի դեմ, անթույլատրելի ոտնձգություն է հայկական ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նկատմամբ։ Այն թուլացնում է ամբողջ ազգը՝ հայրենիքից մինչև սփյուռք՝ ներսում բացելով պառակտում, որից կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները։ Այն պահին, երբ հայ ժողովուրդը կանգնած է լուրջ արտաքին սպառնալիքների առջև, նա չի կարող իրեն թույլ տալ նման բախումներ, որոնք նույնքան անպատշաճ են, որքան կործանարար՝ նրա միասնության և բարոյական ուժի համար։ CCAF-ը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ամբողջ կառավարությանը խելքի գալ և անմիջապես վերջ դնել այս վտանգավոր շեղումներին, որոնք հիշեցնում են ստալինյան շրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ էջերը։ CCAF-ը պահանջում է անհապաղ վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ ընդունված ապօրինի որոշումները։ CCAF France-ը իր հարգանքն է հայտնում Սրբազան Հայրապետ Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ վստահեցնելով իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն