Aravot.am-ին են դիմել Ամասիայի մի խումբ բնակիչներ՝ խնդրելով ուժային կառույցներից պարզաբանել, թե ի՞նչ են անում ադրբեջանցիներն Ամասիայում, ո՞վ է նրանց թույլատրել գալ Հայաստան, ազատ ման գալ, մի բան էլ տեսանկարահանել տեղանքի տարբեր վայրերը ու յուրովի մեկնաբանմամբ՝ տարածել համացանցում։ Բնակիչները, որոնք անձամբ առիթ են ունեցել նրանց տեսնելու Ամասիայի կենտրոնական զբոսայգում, գերեզմանոցում, պնդում են, որ նրանք իրենց պահում են տանտիրոջ պես։ Նրանք նկատել են, որ Ամասիայում ազատ շրջող ադրբեջանցիները ցույց են տալիս կառույցները՝ իբրև վերհիշելով, թե դրանք ժամանակին ինչ նպատակի են ծառայել։ Ադրբեջանցիները, Ամասիայի բնակիչների տպավորությամբ, Ամասիա տեղափոխվելու ու այնտեղ բնակություն հաստատելու հավակնություններ ունեն։ Նրանք խոսում են ադրբեջաներեն, երբեմն ռուսերեն, հատուկենտ բառեր արտաբերում նաև հայերենով։ Բնակիչներին սակայն անհանգստացնում է Հայաստանի ուժային կառույցների անգործությունը։ «Եթե որևէ հայ, ասենք Բաքվում ծնված, մեծացած, փորձեր ոտք դնել Ադրբեջան, կթույլատրեի՞ն։ Ինչ երախշիք ունենք, որ Ամասիայում հայտնված ադրբեջանցիները ահաբեկիչներ չեն ու մեր գլխին չեն պատրաստվում փորձանք բերել, մեզ անհանգստացնում է մեր անվտանգությունը, որը մեր պետությունը պարտավոր է ապահովել։ Էդ ինչպե՞ս են հայտնվել Ամասիայում, ի՞նչ ռիսկով են էդպես ազատ ման գալիս և ով է նրանց խաբել, որ կարող են հանկարծ օրերից մի օր գալ ու վերաբնակվել այստեղ։ Մենք տվե՞լ ենք համաձայնություն»,-հարցնում են Ամասիայի բնակիչները՝ խնդրելով այլևս չհիշեցնել, որ ժամանակին իրենց տարածաշրջանի որոշ գյուղերում ադրբեջանցիներ են բնակվել։ Նշենք, որ նույն ադրբեջանցիների կողմից նաև Գյումրու կենտրոնում մեքենայով կատարած պտույտից են կադրեր հայտնվել։ Տեսանյութում նրանք բացատրում են, որ նախկին Լենինական քաղաքն է, դարձյալ տանտիրոջ իրավունքով են իրենց պահում, անգամ ազդանշաններ տալիս։ Aravot.am-ը դիմել է ՆԳՆ լրատվական ծառայությանը՝ փոխանցելով բնակիչների անհանգստությունը և պարզաբանում խնդրելով, թե ինչ են պարզել պարեկային ծառայության աշխատակիցները Հայաստանում ազատ ման եկող ադրբեջանցիների վերաբերյալ, երբ զրույցի են բռնվել նրանց հետ։ Դա երևում է տեսանյութում։ Արդյո՞ք գիտեն ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ են եկել, ի՞նչ հավակնություններ ունեն։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն համոզմանն է, որ ադրբեջանցիների ազատ ելումուտը Հայաստան, թեկուզև այլ երկրների՝ ՌԴ-ի ու Վրաստանի Հանրապետության անձնագրերով, պլանավորված քայլ է ու 300-400 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու ծրագրի շրջանակում է։ «Փորձում են հայ հասարակությանը սովորեցնել, որ թուրքերը պետք է ձեր կողքին լինեն և դուք պետք է նրանց հետ համերաշխ ապրեք, չէ, ուրեմն դուք տեղ չունենք Հայաստանում։ Չմոռանանք, որ Ադրբեջանի բռնապետի նոր հինգ շանտաժ նախապայմաններից մեկը 300-400 հազար ադրբեջանցիների այսպես ասած, վերադարձն է Հայաստանի Հանրապետության տարածք»,-ասում է քաղաքագետը։ Ըստ նրա, տեսանյութերից ակնհայտ է, որ ադրբեջանցիներն արդեն իսկ իրենց պահում են տանուտերի պես, Ալիևը իր հերթին շարունակում է Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանել՝ վստահ լինելով, որ իր՝ ՀՀ-ն ադրբեջանցիներով բնակեցնելու պահանջը ևս կբավարարվի Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Որևէ հայ կարո՞ղ է գնալ Ադրբեջան, Բաքու, ազատ ման գալ, որպես հայ՝ շփվել իր նախկին հարևանների հետ, անցնել նրանց տների մոտով, տեսանկարել կամ լուսանկարել դրանք ու հրապարակել սոցիալական ցանցերում։ Հարց եմ տալիս։ Բաքվում վերջիվերջո ապրել է 250 հազար հայ։ Ի դեպ, արձանագրենք, 1989 թվականի Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով, Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում ապրել է 168 հազար ադրբեջանցի։ Նրանցից ոչ մեկը չի կարող համարվել փախստական, որովհետև նրանց մեծ մասը ոչ միայն վաճառել է իրենց տները, այլ 89, թե 90 թվականի Խորհրդային Հայաստանն իր բյուջեից մեկ միլիոն ամերիկյան դոլար է տրամադրել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը Հայաստանը լքած ադրբեջանցիներին փոխհատուցելու համար՝ ի տարբերություն Ադրբեջանը լքած 350 հազար հայերի ու նրանց սերունդերի, որոնք մազապուրծ են փրկվել․ մի մասը 88 թվականի փետրվարի ջարդերի ժամանակ Սումգայիթում, մյուսն մասն էլ՝ 250 հազարից ավել հայ Բաքվում 90 թվականի հունվարի 13-20 տեղի ունեցած ջարդերի արդյունքում», -ասում է Գագիկ Համբարյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն