Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի առիթով.
«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:
Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։
Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։
Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն»:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































