Սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելու ցանկացած փորձ լուրջ իրավական խնդիրներ կարող է առաջացնել։

Նրա խոսքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ չափահաս քաղաքացիները, որոնք երկրում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում։

Այվազյանը հիշեցնում է, որ եթե քաղաքացին հաշվառումից դուրս չի եկել, ապա այն հանգամանքը, որ նա որոշ ժամանակ գտնվել է արտերկրում, չի կարող հիմք հանդիսանալ ընտրելու իրավունքը սահմանափակելու համար։ Նա ընդգծում է, որ ընտրական իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա սահմանափակման համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ։

«Ընդհանրապես քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակվեց նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ՀՀ–ից դուրս գտնվող քաղաքացիներին թույլ չտվեցին դեսպանատներում և հյուպատոսարաններում քվեարկել։ Այդ իրավունքը վերացրեցին։ Քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանադրական իրավունք է և  միակ սահմանափակումը գործող Ընտրական օրենսգրքով մեկ տարվա հաշվառում ունենալն է։ Եթե նա հաշվառումից դուրս չի եկել, նրան չեն կարող սահմանափակել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Սահմանադրագետի խոսքով՝ մշտական բնակության պահանջը կարող է կիրառվել ընտրվելու իրավունքի դեպքում, սակայն ընտրելու իրավունքի համար նման սահմանափակումը խնդրահարույց է։ «Եթե դու ԱԺ պատգամավոր ես ընտրվում, ՍԴ-ն ասում է, որ վերջին 4 տարում պետք է մշտապես բնակվես ՀՀ տարածքում, ընդ որում, վերջին 4 տարվա հաշվարկն էլ հետևյալ կերպ են անում՝ 4 տարվա ընթացքում 2 տարի գումարած  1 օր, եթե Հայաստանում ես եղել, ուրեմն համարվում ես Հայաստանում մշտապես բնակվող։ Հիմա ընտրելու համար այդ սահմանափակում մտցնելը, դա արդեն քաղաքացու ընտրական իրավունքի լուրջ ոտնահարում է լինում։ Ընտրվելու դեպքում, այո, պետք է երկրում բնակվես, որ կարողանաս տիրապետել քո երկրի իրավիճակին։ Բայց եթե ես քաղաքացի եմ ու երկրի տարածքից դուրս եմ, ես իրավունք ունեմ մասնակցելու իմ երկրի ճակատագրի կերտմանը։ Այս  առումով այդ քայլը կլինի քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի ոտնահարում»։

Անդրադառնալով հնարավոր հետևանքներին՝ Այվազյանը շեշտեց, որ ընտրությունը ժողովրդաիշխանության իրականացման հիմնական մեխանիզմներից է, և քաղաքացիների մի հատվածին ընտրական գործընթացից դուրս թողնելը կարող է կասկածի տակ դնել ապագա խորհրդարանի ներկայացուցչականությունն ու լեգիտիմությունը։

 Դիտարկմանը՝ արդյո՞ք ՍԴ-ն այդ նախագիծը հակասահմանադրական կճանաչի, մասնագետն արձագանքեց. «Եթե մեր երկրում  բոլոր գործընթացները տեղի ունենային իրավունքի գերակայության և օրենքի շրջանակներում, ես միանշանակ կպատասխանեի, որ ՍԴ-ն կճանաչի այն հակասահմանադրական։ Բայց շատ լավ գիտեք մեր իրականությունը և դրա պարագայում գուշակել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, անհեթեթություն է»։

 Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները  նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով նախատեսվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, որոնք վերջին 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս փաստացի բնակվել են ՀՀ-ում։ Այս սահմանափակումը գործնականում թույլ չի տալու արտերկրում երկար ժամանակ բնակվող սփյուռքահայերին և ՀՀ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ