Երեկ, տևական ու ծանր կախվածությունից հետո, վախճանվեց Սահմանադրական դատարանի անկախությունը:

Այսօր էլ, թարսի պես, Սահմանադրության ծննդյան օրն է, ու պարզ չի՝ ինչպե՞ս են համատեղվելու տարելից ու տարեդարձ խորհրդանշող այս երկու օրերը: Ոչ սուգ է՝ ձևականորեն ողբաս, ոչ տոն է՝ հավուր պատշաճի նշես:

Սահմանադրությունը՝ իրավաբանորեն գրագետ շարադրված փաստաթուղթ, որ հենց թղթի արժեք էլ ունի: Սահմանադրական դատարանը՝ մեկ անձի թելադրանքով ուղղորդվող իրավաբանական «կանտորա»:

Դե գնա ու սրանց ապավինելով արդարադատություն պահանջիր կամ սահմանադրական պայքար մղիր՝ արդարություն հաստատելու ակնկալիքով:

Քանի՞ տարի է հայաստանյան ընդդիմությունը սահմանադրական պայքարի խունացած դրոշը ճոճում: Առնվազն՝ վեց: Արդյու՞նքը: Զրո՛: Ի՞նչ երաշխիք, ուրեմն, որ յոթերորդ տարում կհաջողվի անել այն, ինչը նախորդ տարիներին դատապարտված էր ձախողման: Չկա երաշխիք: Ստացվում է փակ շրջան, որից դուրս պրծնելու ելքը սահմանադրականության տիրույթում չէ:

Կփոխի՞ ընդդիմությունը պարտադրված խաղի կանոնները, կանի՞ իր ձիով քայլը, թե՞ կշարունակի նախորդների կիսատ թողած պարտիան՝ հաղթական վերջնախաղի զրոյական հեռանկարով:

Հարցեր, որոնց պատասխանը կա, բայց հնչեցնել չես ուզում:

Քաղաքականություն կոչվող թատրոնում աբսուրդն այնպիսի նշաձողի է հասել, որ ամենաանհավանական բաներն անգամ կարող ես շփոթել իրականության հետ: Ճա՞րդ ինչ, հանդիսատեսի դերում ես, միակ անելիքդ բեմադրության ավարտին սպասելն է:

Բան չմնաց, հետընտրական այս ներկայացումն էլ շուտով կավարտվի, և ամեն մեկը կստանա այն, ինչ նախատեսված էր սցենարով: Սահմանադրական դատարանի անդամները՝ կլորիկ պարգևավճար, գլխավոր դերակատարները՝ պատգամավորական մանդատ, շարքային դերասանները՝ էպիզոդիկ պաշտոն, մասսայական տեսարանների մասնակիցները՝ հաջորդ բեմադրության անվճար տոմս:

Մնացինք մենք՝ հանդիսատեսներս: Դե, մեզ էլ գալիք հինգ տարիներին ֆեյսբուքյան բուռն առօրյան բաժին կհասնի, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ