«Տերը», «ծառան» և ժողովուրդը. Լիլի Մարտոյան
Հիմա էս աքլորացած քպական խորոզներն են. թուրք պապաները կանգնած են մեջքներին, էլ բերանները փակել չի լինում:
Անհեթեթությունը հասել է այնտեղ, որ փողոցային խոսելաձևն ու վարվելակերպը հիմնավորապես յուրացրած երեկվա դեղնակտուց պաշտոնյաներն այսօր լեզվի ու պարկեշտության սահմաններ են գծում, սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր «խախտել» են այդ սահմանները:
Առայժմ սպառնում է ընդամենը «ոչնչացնել»:
«Մինչև վերջին մարդը»:
Ընդ որում, ոչ միայն քաղաքական ընդդիմությանը «ոչնչացնել», այլև ընդդիմանալ-դիմադրել-հակազդել փորձող հանրության ակտիվ հատվածին ևս:
Սա, փաստորեն, խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնության ճանապարհային քարտեզն է, որով անարգել շարժվել են անցած ութ տարիներին և շարունակելու են առաջ ընթանալ, եթե արգելակներ չդրվեն այդ ճանապարհին: Ոչ թե հռետորական, ճարտասանական խոչընդոտներ, որոնց պակասը չկար նաև նախորդ խորհրդարանում, այլ գործուն թակարդներ, որ կամ զգուշորեն պիտի շրջանցեն «ոտավորված» քպականները, կամ «ոտքը ջարդեն»՝ հայտնվելով դրանց ծուղակում:
Կզորի՞ ընդդիմությունն այս դժվարին գործում՝ արդարացված կլինի նրա մուտքը խորհրդարան, չի՞ զորի՝ մեղքն իրենց վիզը, ինչպես ասում են: Ժողովուրդն է ասում, ես չէ:
Այն նույն ժողովուրդը, որ խորհրդարան մտնելու մանդատ է տվել ընդդիմությանը և հիմա լիարժեք իրավունք ունի պահանջելու.
«Տե՞ր ես կանգնել մանդատիդ, տեր եղիր, ուրեմն, ոչ թե օտար տիրոջ ծառայի օրակարգով շարժվող սպասյակ: Ես էլ տեսնեմ, թե ինչ եմ անում բերնեբերան լցված համբերությանս բաժակի հետ: Վերջին կաթիլին եմ սպասում: Հետո ինձնից նեղանալ չլինի: Չեմ նայելու՝ ով ինչ կարգավիճակով է իմ տունը քանդում՝ տիրո՞ջ, թե՛ ծառայի: Ե՛ս եմ տեր կանգնելու իմ տանը»:
Ժողովուրդն է ասում: Ես չէ:
Արժե ականջ դնել ժողովրդի ձայնին, անկախ նրանից, «տիրո՞ջ» ականջներ ունես, թե՞ «ծառայի»:








































