Հովհաննես Խուդոյանը միջնորդեց՝ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ և կասեցնել գործի վարույթը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ նիստին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր դիմել ՍԴ՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ օրենսդրական բացի հարցով։ Դատարանը հետաձգել էր միջնորդության լուծումը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումին ՍԴ աշխատակազմի ղեկավարից հայտնել են, որ որևէ սուբյեկտի կողմից դիմում ՍԴ չի ներկայացվել՝ անձեռնմխելիության հարցով, փոխարենը հայտնել են, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդ դիմել է ՍԴ՝ վիճարկելով ԱԺ 2021թ օգոստոսի 2-ի որոշումը և նշված դիմումում ներկայացված հիմքերից մեկը վերաբերում է Սահմանադրության 96-րդ հոդվածի պահանջների պահպանված լինելու մասին, դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում և դեռևս որևէ որոշում չի կայացվել՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։ Բացի դա՝ դատարան է ներկայացվել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիմումը, համաձայն որի՝ բացառությամբ ՀՀ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ ընդունված որոշման՝ որևէ այլ ակտի վերաբերյալ ՍԴ չեն դիմել։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը այսօրվա դատական նիստում նոր միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով կասեցնել գործի վարույթը՝ մինչեւ կհաղթահարվի Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, ու առաջարկել, որ իր միջնորդությունը քննարկվի Էրիկ Ալեքսանյանի նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդության հետ։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ևս չառարկեց, որ միջնորդությունները քննվեն համատեղ։
Ներկայացնելով միջնորդության իրավական հիմքերը՝ Խուդոյանը նշեց, որ Արմեն Գևորգյանն օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ՝ որպես ութերորդ գումարման ԱԺ պատգամավոր, որը ենթադրում է, որ առանց համապատասխան գործընթացների, այն է՝ անձեռնմխելիության հաղթահարման, պետք է բացառվի վերջինիս նկատմամբ որևէ քրեական հետապնդման իրականացում։
Խուդոյանի արձանագրմամբ՝ պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանադրաիրավական երաշխիք է և չի կարող մեկնաբանվել քրեական դատավարության դրույթներով՝ հիմք ընդունելով ինչպես իրավական ակտերի սկզբունքը, այնպես էլ ՄԻԵԴ իրավական դիրքորոշումը։
Խուդոյանը միջնորդեց դատարանին կասեցնել գործի վարույթը՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության չհաղթահարված լինելու հիմքով՝ մինչև ԱԺ համաձայնություն ստանալը կամ նրա՝ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել ՍԴ։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չառարկեց գործի վարույթի կասեցմանը։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Դատախազներն առարկեցին միջնորդությունների դեմ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան