Մարդկանց տարրական անվտանգային ու կյանքի իրավունքը չենք կարողանում պահպանել. Թովմասյանը՝ Փաշինյանին
Կութ համայնքից ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մոտ 80 գլուխ անասուն են հափշտակել և մինչև հիմա չեն վերադարձրել։ Ստացվում է՝ մարդկանց տարրական անվտանգային, կյանքի ու սեփականության իրավունքը չենք կարողանում պահպանել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վարչապետը նշեց, որ հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել.
«Հազարավոր տներ են վնասվել, ենթակառուցվածքներ են վնասվել և երբ խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք վերաբերվում մարդկանց գույքային վնասները վերականգնելու պարտավորությանը, խնդրում եմ այցելեք Տավուշի մարզի Այգեպար գյուղ, որը 30 տարի եղել է գնդակոծությունների ներքո և այսօր կգտնեք բոլորովին այլ իրավիճակ։ Կտեսնեք, որ այդ գյուղի բոլոր ճանապարհներն ասֆալտապատված են, վատ վիճակում գտնվող տանիք չկա։ Նույն գործընթացը պետք է իրականացնենք մեր բոլոր բնակավայրերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ կցանկանար Տավուշի օրինակն ավելի արագ տեսնել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած բնակավայրերում, քանի որ այնտեղ խնդիր կա բնակիչների անվտանգության, կյանքի իրավունքի և դրանց լուծման ուղղությամբ որևէ շոշափելի քայլ չեն կարող արձանագրել։
Պատգամավորը նաև արձանագրեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Այրք, Գեղամաբակ համայնքների ջրամատակարարումը սնուցող ջրամբարը հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ է գտնվում։ Թագուհի Թովմասյանը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք այլընտրանքային որևէ բան մշակվե՞լ է, սակայն հարցն անպատասխան մնաց։