ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում և Հայաստանի հյուպատոսական բաժնի բացումը Վլադիկավկազում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռևս 2023 թվականին հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է Հյուսիսային Օսիայում բացել հյուպատոսական գրասենյակ։
«Այսօրվա դրությամբ այդ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժնի բացումը), ինչպես նաև Կապանում (Հայաստան) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը, երկկողմ օրակարգից դուրս չի եկել, սակայն որևէ հստակ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է», - ասել է Մամիևը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է պահպանում Ռոստովի Դոնի վրա գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետով անցնող հայկական բեռնափոխադրողների հարցերի շուրջ։ «Վերին Լարս» անցակետը շարունակում է մնալ միակ ցամաքային երթուղին, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և այնուհետև Հայաստանի հետ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































