ԵԱՀԿ Նախարարական կոմիտեի նիստում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը տրտնջաց, որ 10 տարի է չի հաջողվում ընդունել քաղաքական հռչակագիր, քանի որ «բոլորը փորձում են հռչակագիրը հագեցնել իրենց մանր հարցերով կամ այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով»:

Լավրովի տրտնջոցը հասկանալի է՝ չկա մի հակամարտություն, որտեղ Ռուսաստանն այս կամ այն կերպ ներկա չէ, իսկ հիմնական մասով՝ հրահրիչ ու մասնակից։ Քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային դեգրադացիայի ու անկման ճանապարհին գտնվող երկրի համար հակամարտությունները մնացել են աշխարհին ինքզինքը, սեփական կարեւորությունը պարտադրելու միակ ձեւը։

Հակամարտություններն այլ գործնական նշանակություն էլ ունեն Ռուսաստանի համար։ Կրեմլի կլեպտոկրատ ռեժիմի ղեկավարը մեծ ցանկություն ունի պատմության մեջ մնալ որպես մեծն խաղաղարար, որին էլ ծառայեցված է այդ երկրի ողջ ռեսուրսը։ Բայց ամեն ինչ, ինչպես հայտնի մարտաֆիլմում է ասվում, ունի իր որոշակի հերթականությունը՝ խաղաղարարի դափնիների համար հակամարտություն, պատերազմ է պետք, իսկ եթե չկա՝ պետք է կազմակերպել եւ հրահրել։

Լավրովը տրտնջում է, թե երկրներն իրենց «մանր հարցերով, այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով» փորձում են լրացնել հռչակագիրը։ Ռուսական աքցանից ազատվելու, իրենց խնդիրները լուծելու հարթակներ որոնելու՝ երկրների փորձերն իհարկե մանր հարցեր են մեծն խաղաղարարի ճանապարհին։

Ռուսական շատ շրջանակներ տարակուսում են, որ այն, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի դեմ, կարելի էր պարտադրել նաեւ առանց պատերազմի։ Բայց դա չէր ապահովի փրկչի ու խաղաղարարի կերպարը, ինչպես նաեւ բավարար չէր զորք մտցնելու համար․ դա հնարավոր էր անել միայն հայերի արյամբ, ցեղասպան գործողություններով։ Հայաստանի պարագային դա խիստ անհրաժեշտ պայման է՝ Պուտին-Լավրով պլանի նպատակը Հայաստանի անկախ պետականության վերացումն է։

ՌԴ ցնորական պլանները շրջվելու են իր դեմ, դրանում կասկած չկա։ Եվ չեն օգնելու ոչ «փրկչական ջանքերը», ոչ էլ հայաստանյան սազանդարներն ու կատարածուները։ Հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի շրջել պատմությունը թշնամիների վրա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն