Երբ ասում են՝ գնաճը խժռում է տնտեսական աճը, այդ դեպքում ինչո՞ւ կտրուկ միջոց չեն ձեռնարկում
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թվականի նոյեմբերը 2020-ի նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.7 տոկոս: Սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվարի-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.1 տոկոս։ Այդ թվում՝ սննդամթերքի գնաճը մեկ տարում կազմել է 11.1 տոկոս, հագուստի և կոշկի գնաճը՝ 7.7 տոկոս։
Ընդ որում, գներն աճում են յուրաքանչյուր ամիս։ Այսպես, 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35 տոկոս: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:
2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2 և 3.1 տոկոսով։
Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը կանխատեսում է՝ առաջիկա ձմռան ընթացքում գնաճը կշարունակվի։ «Իմ կարծիքով՝ կառավարությունը կարող է միջամտել գնաճին, իսկ եթե չի միջամտում, ուրեմն նրանց դա ձեռնտու է։ Ի՞նչ առումով՝ ինչքան շրջանառությունը բարձրանում է, այնքան հարկերը շատ են հավաքագրվում։ Երբ իրենք ասում են՝ գնաճը խժռում է տնտեսական աճը, այդ դեպքում ինչո՞ւ կտրուկ միջոց չեն ձեռնարկում։ Հետևաբար, նրանց այս հայտարարությունն անհիմն է»,- ասաց նա։
Ըստ Ռոբեն Հայթյանի՝ այս գնաճը հիմնավորված չէ, եթե գների սրընթաց աճ է լինում, ինչպես Հայաստանում է, ուրեմն պետք է պահանջարկը բարձրանա։ Իսկ Հայաստանում պահանջարկը չի կարող բարձր լինել, քանի որ մարդկանց եկամուտները չեն աճել, բնակչության թվաքանակն էլ կտրուկ չի աճել։
«Երբ իրենք մեջբերում են միջազգային շուկաներում գների աճը, օրինակ, մենք Ռուսաստանից ինֆորմացիա ունենք, որ շաքարավազի գներն այդ չափով չեն բարձրացել։ Առավել ևս, որ շաքարավազի տեղական արտադրություն ունենք, այն պետք է ավելի մատչելի լինի։ Եթե իշխանությունները հիմնավորեն գները, ուրեմն իրենք պարտավոր են ցածր աշխատավարձ ունեցողներին թիրախային մոտեցումներ ցուցաբերել։ Հարկադրված գնաճի պայմաններում կամ նվազագույն աշխատավարձն ու թոշակը պետք է բարձրացնեն, կամ գոնե այս փուլում որոշ խմբի մարդկանց լրավճարներ տան, որպեսզի մարդիկ կարողանան գոյատևել։ Շատ երկրներում կիրառվում է նաև այն տարբերակը, որ եթե միջազգային շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում են, կառավարությունը ներկրողներին կամ արտադրողերին սուբսիդավորում է տալիս, որպեսզի գների թանկացումը բնակչության վրա չազդի։ Այս տարբերակն էլ կա, բայց չեն կիրառում, հետևաբար, ես գալիս եմ այն համոզման, որ եթե լռում են, այս գնաճն իրենց ձեռնտու է։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գների այս սրընթաց աճը մինչև փետրվար-մարտ ամիսները կշարունակվի»,- նշեց մասնագետը։
Հայթյանի խոսքով՝ այս պայմաններում սոցիալական խնդիրները սրվում են երկրում։ Եթե 2020-ի տվյալներով՝ աղքատության մակարդակը երկրում կազմել է 27 տոկոս, ըստ Ռուբեն Հայթյանի, 2021 թվականի համար մոտ 5 տոկոսային կետով այս ցուցանիշը կարող է բարձրանալ։ «Չէ՞ որ մարդիկ միայն սննունդ չեն գնում, ձմռանը ջեռուցման հարցերը պետք է լուծեն, հիմա նորից ջուրն է թանկանում, այս գների աճը կսնանկացնի մարդկանց, մարդիկ պետք է վարկեր վերցնեն։ Իշխանությունն էլ գիտի, դրա համար Նոր տարվա տոնական օրերը կրճատեցին։ Իրենք ասում են՝ տաշի-տուշի մի արեք։ Իրենց կարելի է տաշի-տուշի անել, մեր ժողովրդին չի կարելի՞ ավանդական տոները նշել։ Սա որկրամոլություն չէ, ինչպես իրենք են մտածում»,- նշեց նա։
Lragir.am