Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները հոկտեմբերից այս կողմ երկրորդ տհաճ անակնկալը մատուցեցին Նիկոլ Փաշինյանի իշխող քաղաքական ուժին․ Ապարան, Վանաձոր, Աբովյան, Մասիս. քաղաքներ ու խոշորացվող գյուղեր, որտեղ ՔՊ-ն կամ պարտվել է, կամ չի հաղթել։ Չնայած սրան, իշխանական քարոզչամեքենան լավատեսական տրամադրություններ է «սփռում» երկաթե մանդատ տվածներին, թե՝ ժողովուրդ, 36 համայնքներից 24-ում հաղթել ենք։

Այսինքն՝ ըստ իրենց մեկնաբանության՝ իրավիճակ չի փոխվել և ՔՊ-ն նախկինի նման բարձր ժողովրդականության ալիքի վրա է։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում տրամագծորեն այլ պատկեր և տրամադրություներ նկարագրեց։ Ըստ նրա՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները շարունակեցին միտումը, որ կար հոկտեմբերի և նոյեմբերի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ հասարակական տրամադրությունների որոշակի փոփոխություններ կան։

-Կոնկրետ ի՞նչ տրամադրություններ։

- Այսինքն՝ այն, որ եթե  «Քաղաքացիական պայմանագիր» բրենդի տակ  «ուսապարկ» են դնում, դա այլևս երաշխիք չէ, որ այդ ցուցակը կամ էդ մարդը մեկից մեկ անցնող ա։ Դա նաև ցույց է տալիս, որ կա որոշակի քաղաքական ֆոնի փոփոխություն տեղերում, որովհետև ՏԻՄ ընտրությունները, որքան էլ իրենց ֆորմայով քաղաքական ընտրություններ են, մանավանդ մեծ՝ խոշորացված համայնքերում, համամասնական են, բան են, բայց, այնուամենայնիվ, անձնավորված ընտրություններ են լինում և այնտեղ մեծ նշանակութուն ունի, թե կոնկրետ ով է թեկնածուն, ինչ հեղինակություն ունի կամ իշխանամե՞րձ է, թե՞ ոչ։ Սա նախկինում էլ մեծ նշանակություն ուներ, երբ յուրաքանչյուր «ուսապարկ» դնում էին ՔՊ-ի անվան տակ, վրան էլ գցում էին Նիկոլ Փաշինյանի շողքը ու առնվազն վերջին 2-3 տարում անցնում էր։ Հիմա էլ չի անցնում։ Սա նշանակում է, որ հանրային տրամադրություններում կան որոշակի փոփոխություններ և եթե նորմալ, մրցունակ ու իսկապես կռվող թեկնածու ես գտնում, նորմալ այընտրանք ես տալիս նույնիսկ այսօրվա ապատիկ, անտարբեր ու երբեմն՝ ոչ ադեկվատ ընտրողին, ապա ՔՊ-ն այդտեղ լավագույն դեպքում՝ մրցունակ տոկոս է ստանում։ Հետո ստիպված է լինում կոալիցիաների մեջ մտնել և այլն։ Իսկ շատ դեպքերում նաև պարտվում է։ Եվ այս ընտրություններն էլ արձանագրեցին, որ ՔՊ-ն շատ լուրջ պարտություններ է կրել բոլոր համայնքներում․ սկսած՝ Գորիս-Կապան-Մեղրի և Գյումրի, վերջացրած Վանաձոր, Ապարան, Եղեգնաձոր, Աբովյան։ Հանրապետության 2-3-4-րդ քաղաքներում։ Ու սա տենդենց է, որը շարունակվում է և կա արդեն հստակ ձևավորվող մթնոլորտ։

-Վահագն Ալեքսանյանը գրել էր, որ 60 տոկոս ձայն են ստացել՝ 36 համայնքներից 24-ում։

-Դա առնվազն վիճելի է, որովհետև 36-ից միայն 15-ում են իրենք ստացել 50+1 ձայն։ Այսինքն՝ ինքնուրույն կարող են ղեկավարել։ Մնացած տեղերում կամ պարտվել են, այսինքն՝ այդտեղ 50+1 ստացել են ոչ իշխանական ուժերը, իսկ մնացածում չեն կարող իշխանություն ձևավորել առանց կոալիցիա կազմելու։ Որովհետև ինչպես Մեղրիի նախադեպը ցույց տվեց՝ հեչ պարտադիր չէ, որ իր հետ կոալիցիա ձևավորեն։ Ի վերջո, ցանկացած երկուսը կամ երեքը կարող են իրար հետ պայմանավորվել և ՔՊ-ին դարձնեն օպոզիցիա։ Իսկ 3 տարի առաջ ում դնեին ՔՊ-ի անվան տակ, 90 տոկոսով անցնում էր, միայն, թերևս Սյունիքն էր, որ չէր անցնում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն