«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված։ Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:

Պետականություն և պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,- դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առիթով երկար դադարից հետո նման ֆեյսբուքյան գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

Այն, որ իշխանությունը բազմաթիվ համայնքներում իր պարտությունը, որոշ դեպքերում՝ խայտառակ պարտությունը ներկայացնելու էր՝ որպես «ժողովրդավարության հաղթանակ», պարզ էր ի սկզբանե։ Դա, իհարկե, վաղուց իրեն սպառած ու ժամկետանց հնարք է, որը, սակայն, դեռ շարունակում է կիրառվել՝ որպես պարտությունների արդարացում։ Բայց ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանն այսպիսով ոչ թե արդարանում է, այլ ազնիվ է  ու ներկայացնում է պետության, պետականության մասին իր պատկերացումներն ու աշխարհայացքը։




Եթե դա այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանն իրականում մանիպուլյատիվ ձևակերպումներով ժողովրդավարությունը հռչակում է գերակա պետության անվտանգության նկատմամբ։ Այն դեպքում, երբ արցախյան վերջին  պատերազմը ցույց տվեց այդ թեզի կործանարարությունն ու ողբերգականությունը, երբ ժողովրդավարական աշխարհի լուռ համաձայնությամբ ավտորիտար Ադրբեջանը՝ կիրառելով բոլոր անթույլատրելի զինատեսակները՝ հարձակվեց «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի անվտանգության հովանու ներքո գտնվող Արցախի վրա ու օկուպացրեց դրա ավելի քան 75 տոկոսը։ Դա տեղի ունեցավ նաև, իսկ գուցե առավելապես այն պատճառով, որ 2018 թվականին իշխանության եկած փաշինյանականները ժողովրդավարությունը վեր դասեցին ամենայնից ու անգամ արցախյան առաջին պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի շուրթերով հայտարարեցին, որ 2018թ. «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումը»։



Բայց ենթադրենք՝ մինչև պատերազմը նրանք այլ աշխարհայացք ունեին, խելամտության դեպքում նրանք գոնե կարող էին փոխել այդ մոտեցումը, ընդունել իրենց սխալը և խոստովանել, որ անվտանգային նման սպառնալիքներ ունեցող երկրի համար, անվտանգությունը, այդուհանդերձ, ամենակարևորն է, այդ թվում՝ ավելի կարևոր, քան ժողովրդավարությունը։ Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը հայտնի համառությամբ շարունակում է պնդել նույնը, ինչը նշանակում է, որ քանի դեռ նա պահպանում է իշխանությունը, Հայաստանը գտնվելու է նորանոր անվտանգային սպառնալիքների ներքո։ Հանուն ժողովրդավարության։



Ասվածն ամենևին չի նշանակում, թե ժողովրդավարությունը կարևոր չէ կամ կարելի է որևէ արդարացմամբ հանդուրժել ժողովրդավարության ոտնահարումը։ Ոչ։ Խնդիրը առաջնահերթությունների ու գերակայությունների և կենսական հարցերում ընտրություն կատարելու մեջ է։

Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն երկընտրանքում վերջինն ընտրելու համար մենք վճարեցինք հազարավոր կյանքերով ու Արցախի զգալի մասի կորստով։ Նույն ոգով շարունակելու դեպքում նման թանկ գին ենք վճարելու նաև ապագայում։



Տասնամյակներ շարունակ Հայաստանն ապրել է լեգիտիմության ֆետիշացման պայմաններում, երբ բոլոր խնդիրների լուծումը համարվել է լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Կյանքը ցույց տվեց, սակայն, որ դա ոչ միայն խնդիրների լուծում չէ, այլև նորանոր ու ողբերգական խնդիրներ է ստեղծում։ Այս դեպքում ևս ասվածը չի նշանակում, թե իշխանության լեգիտիմությունը կարևոր չէ։ Կրկին ո՛չ։ Կարևոր է, սակայն այն դառնում է երկրորդական, երբ դրա գինը չափվում է մարդկային կյանքերով ու հայրենիքի կորստով։




Իդեալական վիճակը, իհարկե, այն է, որ պետությունը կարողանա միաժամանակ ապահովել և՛ իրական ժողովրդավարություն, և՛ երկրի անվտանգությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության նման իշխանություն ունեցող երկրում դա ուղղակի ուտոպիա է, հատկապես, որ նրա՝ ժողովրդավարության շղարշով պատված, բայց իրականում ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի պետականության համար։ Այն նույն պետականության, որը Նիկոլ Փաշինյանը համարում է՝ որպես  Ապագայի երաշխիք։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն