Շաբաթ օրը կրկին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և արտախորհրդարանական քաղաքական ուժերը․ 5 ամիս առաջ ձևավորված ձևաչափ, որի մասնակից քաղաքական ուժերի ղեկավարնեը, ամսվա երրորդ շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո մնացած օրերին սոցիալական ցանցերում վարչապետի հասցեին բավականին քննադատական գրառումներ են անում։ Հիմնականում՝ Սամվել Բաբայանը, Նորայր Նորիկյանը, Տիգրան Խզմալյանն ու Դավիթ Սանասարյանը։

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը այս երևույթը նորմալ է համարում, իսկ հարցադրումը՝ տարօրինակ ։«Քաղաքական ուժը ստեղծվում է և կուսակցություն է դառնում, որպեսզի իր տեսակետը հասցնի իրականացնողներին։ Եթե մենք իշխանությանը դա չենք ասում, նշանակում է, որ գերադասում ենք մնալ փողոցում գոռգոռալ, բայց երբ դուռը բացվում է, առաջարկում են առանց գոռալու ժամեր շարունակ դա քննարկել, մենք պետք է մերժե՞նք։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա գիտեք՝ մարտարվեստներում կամ բոքսում իրար քիթ ջարդելուց առաջ մարդիկ հանդիպում են, բարևում են, ձեռք են սեղմում»։

Ինչպես հիշում ենք՝ վերջին քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առնվազն ինքը շարունակում է մեծ հետաքրքրություն ունենալ այս ֆորմատով աշխատանքում։ Ավելացրել էր, որ սա լավ հնարավորություն է տեսակետների ավելի լայն շրջանակին հաղորդակից լինելու համար։

Տիգրան Խզմալյանին խնդրեցինք բերել օրինակներ, թե այդ ե՞րբ և ինչպե՞ս են իրենց կարծիքները հաշվի առնվել։ «Կարող եմ օրինակը բերել իր խոսքից։ Որ ասաց, որ «Բրյուսելի ժողովրդավարական գագաթնաժողովին մասնակցելու որոշումը հեշտ որոշում չէր, բազմաթիվ ճնշումներ են եղել», և մենք կարող ենք կռահել՝ որտեղից են գալիս այդ ճնշումները, հիմա ինքը ասաց, որ հենց մեր հետ քննարկելով այդ քայլը՝ համոզվեց, որ ճիշտ որոշում էր։ Ահա մի օրինակ էս ընթացքում մեր թողած ազդեցությունից։ Մեր քննարկումներն, առհասարակ, շատ թեժ են և դրանք ոչ թե զեկույցներ են, ոչ թե վերադասին հաճելի բաներ ասելու ձևաչափեր են, այլև քաղաքական հակառակորդներին, մրցակիցներին և իրավահավասար քաղաքական ուժերի հետ երկխոսություն և բանավեճ։ Եվ քանի որ մեր խորհրդարանը, ցավոք, չի ծառայում իր նպատակին, ռազմավարություն մշակելու և քաղաքական երկխոսություն կատարելու նպատակով, փաստորեն, այդ դերը կատարում են արտախորհրդարանական ուժերը՝ պարբերական հանդիպումների ձևաչափով»։ Նկատեցինք՝ «փաստորեն, հակասահմանադրական նոր մարմին է»։

Տիգրան Խզմալյանը համամիտ չէ․«Չէի ասի՝ հակասահմանադրական, պարզապես, Սահմանադրությամբ չնախատեսված, իսկ դրա ու հակասահմանադրականի միջև տարբերություն կա։ Դա լավ կյանքից չէ, նորմալ վիճակում, նորմալ քաղաքական դաշտում և նորմալ երկրում նման բաները արվում են խորհրդարանում, բայց մեր խորհրդարանն ավելի շատ մարտական ակումբ է հիշեցնում, քան պառլամենտ»։

Կոնկրետ նախորդ նիստի օրակարգային հարցերը: Քանի որ մասնակիցները զգուշացված են քննարկումների մանրամասները  չհրապարակելու վերաբերյալ, ապա Եվրոպական կուսակցության նախագահը շատ ընդհանուր ներկայացրեց օրակարգը։ «Բոլոր այն հարցերը, որ քննարկվում են հասարակության շրջանում։ Բոլոր․ սահմանազատում և սահմանագծում, Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ ներկայում և ապագայում, ՌԴ և Թուրքիա, ԵՄ և ՆԱՏՕ, ամբողջ սպեկտրը»։

Խոսեցինք նաև Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։ Հարցին, թե ինչպես է գնահատում ձևաչափը օգտակարության տեսանկյունից, Միքայել Հայրապետյանն անսպասելի պատասխան տվեց՝ շատ չնչին։ Ինչո՞ւ, հնարավո՞ր է այն պատճառով, որ վարչապետը քաղաքական ուժերի տեսակետները լսում է, բայց հաշվի չի առնում։ Ոչ, պատճառը դա չէ։ Հայրապետյանն ասում է․ «Կոնկրետ մեր առաջարկներից առնվազն երկուսը հաշվի առնվել է, այն էլ լրջորեն։ Սակայն, մեծ հաշվով իշխանությունը, լինելով ռուսական դրածո, քաղաքական ռելսերի փոփոխություն չի անի. մնացյալը կոսմետիկայի ոլորտից է»։

Չի՞ կարծում, որ այնուամենայնիվ, այդ ձևաչափը, լինելով «այլընտրանքային» ԱԺ-ին, այնուամենայնիվ, լեգիտիմացնում է իշխանությանը։ Միքայել Հայրապետյանն ասաց․

«Նախ` այդ ձևաչափն այլընտրանքային չէ, այլ խորհրդակցական։ Երկրորդ` իշխանության լեգիտիմության աստիճանը պայմանավորված է ոչ թե այդ ձևաչափի մասնակիցներով, այլ ԱԺ ընտրությունների արդյունքներով, որոնք օրինական ճանապարհով չվիճարկվեցին, ցավոք»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն