Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է. Աննա Գրիգորյան
Ազգային ժողովում փակ նիստում մեկնարկել, ապա կարճ ժամանակ անց ավարտվել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ռազմագերիների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը. ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը:
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ որոշման պատճառներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մանրամասնեց. «Սա մեզ համար, հատկապես՝ մեր քաղաքական թիմի համար առաջնային հարցերից է, բայց մենք տեսնում ենք, թե քաղաքական մեծամասնությունն ինչպես է վերաբերվում այս հարցերին՝ անդադար պնդում է, որ այս քննարկումները պետք է լինեն փակ ֆորմատով՝ այն դեպքում, երբ ես ընդամենը մեկ շաբաթ առաջ դիմում եմ գրել ԱԺ նախագահին՝ նշելով, որ եթե վերջնական որոշում կայացվի, որ փակ է լինելու քննարկումը, ռազմագերիների, պահվող անձանց հարազատներից առնվազն 15 հոգի թող ներկա լինեն նիստին, որպեսզի անմիջական ինֆորմացիա ստանան իրենց հարազատների մասին:
Ավելին՝ մենք պահանջել էինք, որպեսզի նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության գերատեսչության ղեկավարը. նրանցից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, ավելին՝ գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը, և սա էլ քաղաքական ու պետական մոտեցում է խնդրին, ինչը կարելի է արձանագրել»:
Պատգամավորին չի բավարարել զբաղվածության պատճառով Նիկոլ Փաշինյանի նիստին չներկայանալու պատճառաբանությունը:
«Նիկոլ Փաշինյանն ընդամենն օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ, ասում են՝ առավոտյան 10-ից մինչև երեկոյան ժամը 7-ը, քննարկումներ է անցկացրել: Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր թեմաներով խոսելու ժամանակ չունի՞: Սա անընդունելի է»,- հավելեց Աննա Գրիգորյանը:
Անդրադառնալով այսօր համացանցով տարածվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին աղմկահարույց տեսանյութում արված հայտարարություններին՝ պատգամավորը նկատեց, որ նիստում ճշտել է՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը միայն իր անձնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ՔՊ–ի փաստացի դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ ի վերջո, հասարակությունը, ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխող քաղաքական թիմի համար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ, նրանք պետության օրակարգում կա՞ն, թե՞ այլևս դուրս են:
«Եթե Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նրանք ընդամենը դասալիքներ են, նշանակում է, որ պետական քաղաքականություն այս առումով գոյություն ունի՞, թե՞ չունի, և միայն դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը:
Նա համոզված է՝ քաղաքակիրթ հասարակություններում ԱԺ նախագահը, որը հանդիսանում է բարձագույն պաշտոն զբաղեցնող անձ, նման հայտարարության համար ուղղակի բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ։
Հարցին, թե պահանջելո՞ւ են, որպեսզի Սիմոնյանը պաշտոնանկ արվի` ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ ևս նախաձեռնելու են։
168.am