Հայաստանյան հասարակության գիտակից մասի համար պետք է որ նորություն չլինի վերջին տասնամյակներում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կամայական ու իրավիճակային մեկնաբանությունը՝ ըստ քաղաքական անհրաժեշտության։ Եթե գերտերություններից մեկը, կամ նրա դրդմամբ՝ որեւէ միջազգային կազմակերպություն, քաղաքական որոշում է կայացրել, ապա անգամ միջազգայնորեն ամենաանընդունելի քայլին էլ հիմնավորում եւ արդարացում կգտնի, եւ մյուս պետություններն ստիպված են կա՛մ դրա հետ համակերպվել, կա՛մ անհավասար եւ հիմնականում անարդյունք պայքար մղել դրա դեմ։

Թուրքիայի հետ Հայաստանի տեւական եւ անլուծելի հակամարտության բնույթը հենց այդպիսին է։ Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմում ուղղակիորեն ներգրավված այդ երկիրը տիպականորեն ցույց է տալիս, թե ինչպես Վաշինգտոնը մերձավորարեւելյան տարածաշրջանում կայացրեց ու հզորացրեց իր դաշնակցին՝ շատ հաճախ Ռուսաստանի բացեիբաց դժգոհության պայմաններում։ 

Սակայն այսօր Մոսկվան էլ գիտակցում է, որ Թուրքիան բավականաչափ ինքնաբավ պետություն է, եւ հնարավոր չէ նրա քայլերն ուղղորդել ԱՄՆ-ից կամ որեւէ այլ երկրից։

Բնականաբար, Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի՝ վերջին տասնամյակում հետեւողական զինումը, մեզ հետ սպառազինությունների մրցավազքը, թուրքական զենքի եւ սպայակույտի գերառատությունն Ադրբեջանում միջազգային խաղացողների տեսադաշտում էր, սակայն գործուն որեւէ հակամիջոցի չէր արժանանում։ Հընթացս՝ Ադրբեջանը գնալով ավելի էր կոշտացնում իր դիրքորոշումը՝ ամեն անգամ ավելին պահանջելով Արցախից։ Պարզ է, որ զինանոցն մեզ ընդամենը զսպելու նպատակով չէր գնվում, եւ արդյունքում՝ բազմամիլիարդանոց այդ զինատեսակներն ամբողջ ծավալով գործադրվեցին մեր դեմ։

Հատկանշական է, որ պատերազմ սկսելու որոշում կայացնելիս Բաքուն, բնականաբար, հաշվի է առել մի շարք տարածաշրջանային գործոնների համադրումը, այդ թվում՝ ռուս-թուրքական աննախադեպ ձնհալը, որը պարզապես բացառիկ հնարավորություն էր Ադրբեջանի անպատժելիության համար։

Ռուսաստանը եւ Թուրքիան, ինչպես հայտնի է, եվրասիական այն վերջին երկրներն են, որոնց պետական ընտրանիները, առնվազն գործող վարչակազմերը, օժտված են կայսերական հավակնություններով, ավելի ճիշտ՝ փլուզված կայսրությունների «ֆանտոմային ցավերով» եւ դրանք վերականգնելու ինստիտուցիոնալ հիշողությամբ։ Որքան էլ ռուս-թուրքական տարածաշրջանային շահերը՝ Սեւ ծովի ավազանից մինչեւ Հեռավոր Արեւելք, խիստ հակընդդեմ են, այդ երկրները պատմական, կառավարման, պետական համակարգի, գլոբալ հավակնությունների առումով բավական համադրելի են եւ անխուսափելիորեն գործակցում են միմյանց հետ, հատկապես՝ Արեւմուտքի դեմ ունեցած վերապահումներից ելնելով։

ՌԴ ԱԳՆ-ի վերջին կտրուկ եւ սպառիչ արձագանքն Ալեն Սիմոնյանի անհեթեթություններին եւ մեղադրանքի սլաքը դեպի Մոսկվա ուղղելու փորձերին հերթական վկայությունն էր, որ գավառական պարզունակ ստերով չի կարելի պիտակավորել միջնորդ պետությանը, այն էլ՝ ռազմավարական դաշնակցին, ավելին՝ մեղադրել դավաճանության համար։ Մեկ տարի առաջ Պոպովի հակադարձումը փաշինյանական ստերին, պարզվում է, բավարար չէր, պետք էր նորից միջազգայնորեն խայտառակվել։

Որքան էլ հայաստանյան հանրույթը կիրառում է «լավրովյան պլան» պայմանական արտահայտությունը, բարձրաստիճան պետական այրը պետք է հասկանար՝ ինչպես, ինչ տոնայնությամբ ու երանգավորմամբ խոսել մի երկրի մասին, որը փաստացի ապահովում է Արցախի մնացուկների անվտանգությունը։ Ստացվում է՝ միջազգային իրավունքի սուբյեկտից օբյեկտի վերածված Հայաստանի իշխանությունն իրեն պահում է ամբողջապես ինքնաբավ երկրի ղեկավարության պես՝ մտահոգվելով բացառապես սեփական գահավիժող վարկանիշը ծիծաղելի ստերով փրկելով, ոչ թե հայության անվտանգության ապահովմամբ։

Դավիթ Սարգսյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն