168.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Ամուլսարի ՇՄԱԳ-ով հարուցված քրեական գործը, որի նախաքննությունն ընթանում էր 2 տարուց ավելի:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ամուլսարի հանքը կգործարկվի. հարցի պատասխանը թերևս կարող են փնտրել Փաշինյանի՝ հանքի շահագործումը թույլատրելու նպատակահարմարության մասին հայտարարությունների համատեքստում, ինչպես նաև՝ մեկ տարի առաջ նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի ապագահայաց ու վստահ այն համոզման մեջ, թե «Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»:

Ի դեպ, թեմայով այսօր հարցուպատասխան է եղել նաև խորհրդարանում. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց` բյուջեում «եթե-ի մակարդակով» կա՞ կանխատեսում Ամուլսարի հետ կապված:

«Ուզում եմ ինձ ներկայացնեք կառավարության դիրքորոշումը՝ ո՞րն է կառավարության մոտեցումն Ամուլսարի հանքի հետ կապված՝այն գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Տիգրան Խաչատրյանն ի պատասխան՝ նշեց, թե «Պետական բյուջեի մասին» օրենքում ներկայացրել են որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի:

«Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատված դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,- պարզաբանեց Ֆինանսների նախարարը:

Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով Քննչական կոմիտեի վերաբերյալ նախատեսված ծրագրերի ներկայացումից հետո կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ քրեական գործին, նշել էր՝ բավականին երկար ժամանակ քննություն են կատարել և արդեն մոտեցել են ավարտական փուլին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ դեռևս ս.թ. փետրվարի 12-ին է ՀՀ քննչական կոմիտեն որոշում կայացրել կարճելու Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն 2,5 տարի տևող քրեական գործը: Այդ նպատակով Քննչական կոմիտեն գործի նյութերը առարկությունների կամ միջնորդության համար ներկայացրել էր Գագիկ Համբարձումյանին, ում նամակի հիման վրա 2018թ. հարուցվել էր քրեական գործը:

Գագիկ Համբարձումյանը, 21 օր ծանոթանալով նախաքննության նյութերին, այդպես էլ առարկություններ կամ միջնորդություն չի ներկայացրել, ինչը, ըստ օրենքի, ենթադրում է, որ քրեական գործը պետք է կարճված լիներ դեռևս մարտի 9-ին: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն վերջին րոպեին փոխել էր որոշումը և գործը չէր կարճել: Ըստ երևույթին, ընտրությունների նախաշեմին կոմիտեում փորձել էին ձգձգել գործընթացը և ավելորդ պատասխանատվությունից խուսափել` այն ժամանակ հաշվի առնելով ընտրությունների անկանխատեսելի արդյունքները:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն